суббота, 2 октября 2021 г.

                                                        ԹԱՓԱՆՑԻԿ ՊԱՏԸ


Ճամփորդներին ընդամենը մի քանի քայլ էր բաժանում բզեզների հոսող գետից, երբ նրանց իր մեջ առավ հանկարծակի հայտնված թափանցիկ պատը և երեք հոգի՝ փոշեկոլոլ, այրունոտված քերծվածքներով ոտքի կանգնեցին, զարմացած իրար մտիկ տալով, իսկ բզեզների հեղեղը զարնվելով թափանցիկ պատին, ջրի պես ետ հոսելով անհետանում էր։

- Սա հրա՛շք է, մենք փրկվեցի՛նք, ուրախությունից բացականչեց աղջիկը, գրկելով Վագին։

- Այո, բայց կարծես սա ուրիշ աշխարհ լինի,- առանց ոգևորության նկատեց պատանին։

- Ինչևէ, այն դրախտ է հիշեցնում,- նույն ոգևորությամբ շարունակեց աղջիկը,- Եկե՛ք այս արահետով առաջ գնանք,- ցույց տվեց նա, կանաչ մարգագետնում երեևացող ոտքի ճամփան։ Արահետը նրանց տարավ քչքչան աղբյուրի մոտ։

- Ջու՜ր, ուրախացած բացականչեց Վագը և առանց սպասելու հագեցրեց ծարավը։

- Էմմի՛, կարո՞ղ ես այս ջրով վերքս լվանալ, այն շատ է նեղում ինձ,- խնդրեց պատանին, առանց խմելու։ Աղջիկը անխոս ափով վերցրեց ջրից և զգուշորեն լվաց մողեսի պատճառած վերքը,- Օ՜ֆ, մի տեսակ թեթևացա,- խորը ծունչ քաշեց պատանին, ապա շարժեց թիկունքը,- Կարծես ցավը անցավ,- ողջ ճամփորդության ընթացքում առաջին անգամ ժպտաց նա, ձեռքով շոշափելով վերքը,- Այստեղ ջուրն էլ է անմահական։ Էմմին ու տղան ուրախացած պատանու համար, սկսեցին լիաթոք հիանալ բնության կատարելությամբ։

Հեռվից երևացին դեպի իրենց կողմը եկող սպիտակազգեստ մարդկանց մի խումբ։

- Դավի՜դ,- բացականչեց Վագը և ընդառաջ վազեց։ Աղջիկն ու պատանին ժպտալով մտիկ արեցին իրար։

- Այո՛ Վագ, նորից հանդիպեցինք,- Դավիդը գրկեց տղային,- Այս անգամ ապագայի երկրում։

- Որքա՜ն   գեղեցիկ երկրում ես ապրում,- երանությամբ արտաբերեց տղան։

- Շատ կցանկանայի, որպեսզի այն ձերը լիներ, բայց ավա՜ղ, այն պատկանում է ապագային, իսկ դուք ներկան եք, ուր տիրում է քաոս ու մղձավանջ արթնացած չարի ողորմածությամբ,- Վագը մեղավորի պես գլուխը կախեց։

- Այս երկիրը շատ ժողովուրդների երազանքն է, քանի որ չարը դեռ ոտք չի դրել այստեղ,- պատասխանեց Դավիդը և նայեց մոտեցող լույսի կողմը, որտեղից հայտնվեց Արեգանին։

- Արեգանի՜,- միաժամանակ շշնջացին պատանին ու աղջիկը։

- Ահա՝ և Հավերժության ամրոցի տիրակալը,- ինչպես միշտ սիրով ասաց Դավիդը և որպես հարգանքի տուրք մի քայլ ետ քաշվեց։

- Այստեղ երկար մնալ չեք կարող։ Այնտեղ՝ ձեր երկրում դուք շատ անելիք ունեք,- Արեգանին դիմեց ճամփորդներին, ապա Դավիդին,- Ետ ուղարկի՛ր նրանց, իսկ ես պետք է Գրինյուսին օգնեմ- հրահանգեց նա և վեր սլացավ։

- Նա այնքան էլ գոհ չէ մեզանից,- նկատեց պատանին և երեքով հարցական նայեցին Արեգանիի հետևից։

- Այո՛, նա դժգոհ է, քանի որ դուք ոչ մի անգամ չեք օգտվել սրտիկներից և բավականին ժամանակ եք կորցրել անմիտ փախուստի վրա և մենք ստիպված էինք ձեր առջև բացել թափանցիկ պատը։

Ճամփորդները մեղավոր նայեցիր իրար,- Մենք միայն հասցնում էինք փախչել,- փորձեց արդարանալ աղջիկը, իսկ Էդգարը վիրավոր էր։

- Առավել ևս,- պատասխանեց Դավիդը և ձեռքը վերից վար սահեցրեց նրանց վրայով։ Երեք ցեխակոլոլ ճամփորդների տեսքը փոխվեց։

 - Մենք փայլում ենք,- բացականչեց Վագը, նկատի ունենալով իրենց մաքուր ու պարզ տեսքը։

- Իսկ այժմ ձեր ժամն է վերադառնալու։ Դուք քիչ ժամանակ ունեք, իսկ առջևում դժվարին փորձություններ են,- դիմեց նրանց Դավիդը։

- Իսկ Հավերժության ամրո՞ցը,- դուրս թռավ Վագի բերանից։

- Այո՛ իհարկե, բայց ոչ հիմա,- պատասխանեց Դավիդը, շոյելով տղայի ոսկեփայլ գանգուրները։

Արեգանիի հրամանով երեք ճամփորդները լքեցին ապագայի երկիրը, ուղղություն վերցնելով դեպի արևելք․․․

  

Комментариев нет:

Отправить комментарий