суббота, 9 октября 2021 г.

                                                           ԸՆԴՀԱՐՈՒՄ


Ամբոխը խռնված, աղմկելով առաջ էր շարժվում, ճամփին ավիրելով ամեն ինչ։  Վերևից իր բանակով նրա հետևում էր Վանդևը, որի առաջատարն էր սուր դնչերով մողեսների եռանկյունին։ Բազմությունը տեսնելով Կուբիկ-Վանդևին իր զորքով, խուճապի մատնվեց, բայց հանկարծ քարացավ տեղում, դիմացը հայտնված կուրացնող լույսից և այն կարծես կախված լիներ երկքնի և երկրի միջև։ Դանդաղորեն լույսից անջատվեց  բազմագմբեթ սպիտակ ամրոցը՝ բազմության բերանից զարմանքի ճիչ դուրս թռավ և ծունկի իջավ։ Ամրոցի վերևի պատշգամբին երևաց սպիտակազգեստ մարդկանց մի խումբ։ Քիչ հետո նրանց միացավ Արեգանին․

- Դավի՛դ, կառավարի՛ր այս խեղճ մոլորյալներին, քեզ կօգնի նաև Գրինյուսը, իսկ ես պետք է ետ բերեմ տղային,- հրամայեց Արեգանին և վեր սլացավ, այնուհետև մխրճվեց ամբոխի մեջ, իր հետ տանելով Վագին։

Դավիդը մի քայլ առաջ եկավ, նրան հետևեց Գրինյուսը՝ կանաչ, սակայն զառամյալ։ Քայլելիս նրա ոտքերը ճռճռում էին, իսկ թիկնոցի փեշերից կախկխված էին դեղնած ու կիսաչոր տերևները․․․ Դավիդը բարձրացրեց ձեռքը, բազմությունը ոտքի կանգնեց,- Ինչու՞ եք կուրորեն հետևում չարին,- սկսեց նա։

- Նա մեզ մեծ ավար է խոստացել,- լսվեց այս ու այն կողմից,- Գնում ենք տիրելու։

- Անհնար է։ Աշխարհում անտեր ավար գոյություն չունի, նրանք ձեզ դեպի անխուսափելի կործանման են ուղարկում,- փորձեց բացատրել Դավիդը։ 

Բազմությունից անջատվեց, առաջ եկավ քառասունն անց, կիսաճաղատ, այտին սև խալով մի տղամարդ,- Մենք չպետք է հավատանք սրանց։ Դեպի՛ Սև այգի,- հայտարարեց նա և գրպանից հանեց մի դրոշ, որի անկյունում պատկերված էին մողեսի և ագռավի գլուխները՝ գերբը լրացնում էր խորհրդավոր կուբիկը։

- Դու ո՞վ ես,- լսվեց ամբոխի միջից։

- Անունս Ռոբեն է, իմ նախնիները Սև այգուց են։ Կարող եմ ձեզ ընդառաջել։

- Կեցցե՛ս Ռոբենը՝ մեր հրամանատարը,- լսվեց ամբոխի միջից։

Երկնքում սավառնող թևավորները նկատեցին Արեգանիին տղայի հետ և հարձակվեցին նրա վրա։ Պայքարը երկար չտևեց՝ մողեսների առաջատարը ժանիքը խրեց Արեգանիի ձեռքը, նա ցավից բաց թողեց տղային։ Վագը ցած ընկավ, նորից կորավ ամբոխի մեջ։

- Նրանք ուժեղ են, ես չկարողացա բերել տղային,- մտահոգվեց Արեգանին և ցույց տվեց ձեռքի վերքը։

- Այո՛, ոսկյա ճյուղը նրանց ուժ է տալիս, ես չկարողացա այն պահել,- հուսահատ արտաբերեց Գրինյուսը։

- Կարծես մենք տանուլ ենք տալիս․․․

- Այո՛, թվում է թե․․․,- միտքը կիսատ, Գրինյուսը գլուխը կախեց։

- Այս անթիվ բազմությանն էլ են կարողացել կախարդել։ Չնայած սկզբում այն նրանց հենարանն էր և հազիվ թե խանգառեր, բայց լիարժեք հաղթանակի համար այդ խեղճերին ուղարկում են դեպի մահ,- եզրակացրեց Դավիդը, ափսոսանքով նայելով հեռացող ամբոխի հետևից։

- Կարծում եմ, առաջին հերթին պետք է ետ բերել տղային, այլապես նրան ոտնակոխ կանեն առանց գիտակցելու,- նկատեց Արեգանին։

- Իսկ հետո ճյուղը,- շարունակեց Գրինյուսը ոչ պակաս ափսոսանքով,- Այն թո՛ղ ինձ վրա։

- Չեմ կարծում կհաջողվի։ Ֆլամեն մի ակնթարթում քեզ մոխրի կվերածի,- պատասխանեց Արեգանին և սլացավ հրապարակի կողմը։ Դանդաղորեն ամրոցը տարալուծվեց լույսի մեջ և այն վեր բարձրանալով միաձուլվեց երկնքի հետ։ Հետզհետե օրը դարձավ սպիտակ․․․

Комментариев нет:

Отправить комментарий