четверг, 7 октября 2021 г.

                                               «ՎԱԳԸ ԼԻՎԱՆԻ և ՎԱՆԴևԻ ՄՈՏ»


Պտտահողմը տղային առավ իր մեջ և օդ բարձրացրեց, այնուհետև բաց թողեց քաղաքի փողոցներից մեկում։ Վագը տարօրինակ ջերմությունից երկու ձեռքերով փակեց դեմքը և կուչ եկավ։

- Ֆլամե՛ խելագարվե՞լ ես, քիչ էր մնացել տղային մոխրի  վերածեիր,- զայրացավ Ագռավամարդը, տղային պաշտպանելով կրակից, առավ փետրավոր սև թիկնոցի մեջ։

- Մի՞ թե նա չէր փորձում ծլկել,- վերածվելով հրե կնոջ, կարծես փորձեց արդարանալ  Ֆլամեն, ապա մի կողմ քաշվելով նորից փոխվեց ամպերին հասնող խառույկի։

Ագռավամարդը ճանկեց տղային օդ բարձրացավ,- Ահա՛ տղան,- կռկռան ձայնով աղաղակեց նա, տղային բաց թողնելով հրապարակում, ինքն էլ հպարտ ցցվելով նրա կողքին։ Լիվանն ու Վանդևը համրացած իրար նայեցին, ապա տղային՝ միաժամանակ ոտքի կանգնեցին, իջան պատվանդանից և չոքեցին դեմ դիմաց տղային առնելով իրենց մեջ։ Նրանք ձեռքները դրեցին տղայի գլխին, կարծես համոզվելու նրա տեսիլք չլինելը։

- Մենք հաղթեցի՛նք,- հայացքը սևեռած Լիվանին, Վանդևի շշնջոցը նմանվեց օձի ֆշշոցի։

- Այո՜,- ձեռքերն իրար շփելով երանությամբ ծոր տվեց մի աչքանի հռետորը, իսկ տղան անտարբեր նրանց խոսակցությանը, ուշադիր նայում էր Լիվանին,- Ի՞նչ ես շշմածի պես նայում ինձ,- հայացքը փախցրեց նա։

- Դու իմ կուբիկի դեմքն ես,- ասաց տղան, շարունակելով նայել։

- Ի՞նչ կուբիկ, որտե՞ղ է այն,- անհամբեր տղային սկսեց շոշափել Վանդևը,- Տու՛ր ինձ այն։

- Համբերի՛ր,- սաստեց Լիվանը, համախոհի ձեռքը տղայից ետ քաշելով,- Նա ինչ որ բան է ուզում ասել՝ խոսի՛ր տղա։

- Իմ կուբիկը կորցրեցի մի անձրևոտ գիշեր։ Նույնիսկ դու էլ մի աչք ունես, ինչպես իմ կուբիկը,- տխրեց տղան։

- Այո՛, ես քո կուբիկի դեմքն եմ, իսկ նա,- ձեռքով ձույց տվեց Վանդևին, որն անհամբեր սպասում էր,- Քո կուբիկն է, իսկ հիմա ասա՛, որտե՞ղ են մեր մյուս ընկերները, որպեսզի նորից միանանք,- շողոքորթ ժպտաց Լիվանը։

- Ահա՛,- տղան լսածից ոգևորված ձեռքը տարավ կուբիկների տուփին, սակայն տխրեց, երբ չգտավ սիրելի խաղալիքները,- Չկան, ես նրանց կորցրել եմ։

- Ինչպե՞ս չկան,- շանթահար եղավ Լիվանը։

- Դու չե՛ս կարող մեզ հիմարացնել փսլնքոտ տղա՛,- Վանդևը կատաղած հարձակվեց տղայի վրա։

- Սպասի՛ր,- նրան սաստեց Լիվանը,- Մենք այսպես ոչնչի չենք հասնի, նման կերպ ավելի շուտ նրան այն աշխարհ կուղարկենք, իսկ դա մեզ պետք չէ։

- Մեր գործը դժվարանում է,- ատամների արանքից ֆշշացրեց Վանդևը, իսկ Տղան դեռ գետնին նստած մեկ նայուն էր Լիվանին, մեկ Վանդևին։ Համախոհները հիասթափվցած ոտքի կանգնեցին, մի կողմ քաշվեցին։

- Ի՞նչ ես կարծում՝ տղան կարո՞ղ է խաբել մեզ,- շշուկով հարցրեց Վանդևը։

- Կարծում եմ ո՛չ, նա դեռ խաբել չի սովորել։ Նա անկեղծորեն տխրեց, երբ չգտավ իր խաղալիքը։

- Սակայն այն ոչինչ չի փոխում՝ կուբիկները չկան և հարցականի տակ է մեր հաղթանակը,- նորից վրդոհվեց Վանդևը։

- Հանգստացի՛ր կոլեգա՝ զգացմունքային լինելը մերը չէ։ Սառը դատելը հաղթանակի կեսն է, եթե ոչ ամբողջը և հաջորդը՝ ով էլ գտնի այդ կուբիկները վաղ թե ուշ կգա տղայի հետևից, քանի որ առանց մեկի, ոչինչ է մյուսը։

- Այդ դեպքում մեզանից պահանջվում է աչքաթող չանել տղային,- հուսադրվեց Վանդևը, աչքը չկտրելով տղայից։

- Այո՛, որպես պատանդ,- հաստատեց Լիվանը ինքնագոհ։

- Ինչ արած, այն ևս ելք է,- ոչ այնքան գոհ, ուսերը վեր քաշեց խորամանակ Վանդևը։

- Այսօր ամբոխը ավելի ալեկոծված է,- նկատեց ԼԻվանը։

- Ուրեմն խոսի՛ր՝ նրան այնպես ես կախարդել, կարծես քո ստրուկը լինի,- Լիվանը բազմանշանակ ժպտաց, մի հայցք գցելով հրապարակին։

- Լի՜- վա՜ն, Լի՜- վա՜ն, Լի՜- վա՜ն․․․,- Առանց դադարի բազմահազար բազմությունը վանկարկում էր նրա անունը։ Նա ինքնագոհ մոտեցավ խոսափողին, Վանդևը խայթվաց մի քայլ ետ կանգնեց, սակայն հռետորը հապաղում էր։

- Սկսի՛ր, ի՞նչ ես բերանդ ջուր առել,-ԼԻվանի ականջին դիպավ համախոհի հանդիմանությունը։ Մինչ հռետորի Ճառելը, ամբոխը սկսեց թափահարել  բռունցքները, իսկ կոչերը դարցան անհասկանալի։

- Ի՞նչ է վանկարկում այս խելահեղության կույտը,- դժգոհեց Վանդևը, բացատրություն ակնկալելով նախարարներից՝ առաջ եկավ նեղ ճակատով, մսոտ ու լայն քթով, մազակալած ականջներով, տափակ ու կիսաճաղատ գլխով, որովայնը դուրս ցցված մի նախարար․

- Նրանք պահանջում են, որպեսզի դուք կատարեք ձեր տված խոստումը,- մոտենալով, փսփսաց Լիվանի ականջին։

- Ի՞նչ խոստում,- բորբոքվեց հռետորը, ապա շանթահար նայեց Վանդևին, որը գլխի շարժումով հավանության նշան տվեց։

- Ո՛չ պարոն, այսպես չի լինի,- դժգոհեց նախարարը,- Դուք ձեր խոստումները փոխանցում եք իրար։ Դուք այս զանգվածին, որը ձեզ ձեռքերի վրա է ընդունել մեծ հունձ եք խոստացել, որը նրա լեզվով ավար է կոչվում։

- Այն իմ գաղափարը չէ, այլ Վանդևինը։

- Նրա համար միևնույն է, թե ու՞մ գաղափարն է։ Դուք պետք է գիտակցեք իրադարձությունների հետևանքը և հասկանաք այն։

- Ի՞նչ հասկանանք,- ավելի վրդոհվեց Վանդևը։

- Ա՛յն, որ խաբեությունը առնվազն կարող է ծնել ինքնալուծարում։

Լիվանը վճռական մոտեցավ խոսափողին,- Ոչինչ մի՛ ասա,- փսփսաց Վանդևը համախոհի ականջին, իսկ նա զարմացած նայեց նրան,- Հրահրի՛ր ամբոխին, թող պատերազմի Հավերժության ամրոցի դեմ։

- Իմա՞ստը,- անակնկալի եկավ Լիվանը։

- Այնտեղ շատ ավար կա։ Այս զանգվածը կհագեցնի քաղցը,- հեգնեց Վանդևը,- Այս պահին նրան միայն դա է հետաքրքրում՝ ավիրելով վրեժ լուծել անցյալից,- Լիվանը չէր դադարում զարմանալ,- Այո՛, այո՛ զարմանալ պետք չէ։ Ասեմ նաև՝ այնտեղի գանձերը այսպես թե այնպես մերն են։ Հիշի՛ր, նման իրավիճակներում հաղթանակած ամբոխ գոյություն չունի, հարստացած՝ առավել ևս։ Այն օգնում է սկսելու ցանկացած իրադարձություն, իսկ մնացածը շարունակում են ուղեղները։ Այս պահին մեզ պետք է, որպեսզի այն սկսի անկարգությունները, որը իր լեզվով պայքար է կոչվում, իսկ մերը գանձերին տիրանալն է,- Լիվանը նայեց աղմկող բազմությանը, բարձրացրեց աջը, տիրեց լռություն։

- Գրավե՛ք Սև այգին և այնտեղի ավարը ձերն է,- անսպասելի Վանդևի համար, արտաբերեց հռետորը և ձեռքը տարավ կոկորդին, թեթև հազաց, բերանից դուրս եկավ սև քող հիշեցնող ծուխը, տարածվելով ողջ հրապարակով, ապա ինքնագոհ նայեց համախոհին։

- Ի՞նչ Սև այգի, ի՞նչ ես հորինում,- վրդոհմունքն չթաքցրեց Վանդևը։

- Կարծում եմ, այն ավելի հարմար գաղափար է, քան Հավերժության ամրոցը։

- Ինչու՞ ես այդպես կարծում։

- Այնտեղից այս ամբոխից շատերը ետ չեն գալու և այն հաստատ պայքարող տեսակն է լինելու, Իսկ մեզ պետք է հե՛նց դա, որպեսզի ապահովենք մեր հաղթանակը,- վերջում ծոր տվեց Լիվանը, երանությամբ փակելով միակ աչքը։

- Վատ սցենար չէ, սակայն չպետք է մոռանալ՝ դեռ անցյալ դարից Սև այգին հզոր բորենու տիրապետության տակ է։

- Ահա՛ պատճառներից մեկը, որ ընտրեցի Սև այգին։

- Կարո՞ղ ես ավելի պարզ։

- Այո՛, բորենին արյունարբու է, իսկ Հավերժության ամրոցի տիրակալը բարի է ու մարդասեր, նա այս խաժամուժից ժողովուրդ կշինի և մեզ համար այլևս հաղթելը հեքիաթ կթվա։

- Անկախ այն բանից, թե տղան ու՞մ մոտ կլինի։

- Ո՛չ, բայց մի մոռացիր, մենք ունենք ընդամենը տղա, առանց գլխավորի՝ կուբիկների։

Թեկուզ դժվար, բայց Վանդևը կարողացավ մարսել կամ թաքցնել համախոհի առավելությունը և պահանջեց տղային  պատվանդան բարձրացնել։



Комментариев нет:

Отправить комментарий