вторник, 18 мая 2021 г.

 

Ագռավամարդը

 

Երկու ուժեղ ճանկեր մխրճվեցին Էդգարի մաշկի մեջ: Նա ցավից ճչաց։ Անծանոթ արարածը նրան օդ բարձրացրեց, բայց պատանին որքան էլ ջանում էր, նրան չէր հաջողվում տեսնել իրեն ճանկած կենդանուն: Նա կարողանում էր տեսնել միայն թափահարող մեծ  թևերը:

Հետզհետե անտառը վերածվեց մշուշի, ապա անհետացավ պատանու տեսադաշտից: Թռչունն  ուղղություն վերցրեց դեպի բարձր ժայռերը: Հասնելով գագաթներից մեկին, սկսեց  իջնել, ապա ցածր տարածությունից բաց թողեց պատանուն: Երբ Էդգարը ոտքի կանգնեց, իր առջև տեսավ տարօրինակ հսկա մի թռչունի: Թռչունը կանգնելով գետնին, հավաքեց թևերը, որոնք հետզհետե նմանվեցին մարդկային ձեռքերի, միայն եղունկները մնացին որպես մագիլներ, իսկ փոքր գլուխը, կտցանման քիթը հուշում էր իրականում նրա ով լինելը: Նրա երկար հասակը ծածկում էր մինչև ոտքերը հասնող թիկնոց հիշեցնող փետրանաման սև զգեստը:

- Ո՞վ ես դու, ինչու՞ ինձ այստեղ բերեցիր,- վրդոհված հարցրեց պատանին, ձեռքով շոյելով ցավացած տեղը:

- Հա՜, հա՜, հա՜…, ով եմ ե՞ս, իսկ դու իսկապե՞ս ուզում ես իմանալ, թե ով եմ ես:

- Ուզում եմ,- ավելի համարձակ պատասխանեց Էդգարը:

- Դե եթե այդքան շատ ես ուզում՝ իմացի՛ր՝ ես Ագռավամարդն եմ, իսկ դու ասա քո անունը:

- Եթե չգիտես ո՞վ եմ, ինչու՞ ես ինձ բերել այստեղ,- պատասխանեց նա և ձեռքն ակամա տարավ գրպանը, բայց կարծես ինչ որ բան հիշելով, մնաց քարացած:

- Անունդ ասա և ես քեզ ետ կտանեմ քո նախկին տեղը,- Ագռավամարդը մոտեցավ նրան և շողոքորթ պտտվեց նրա շուրջը,- Անունդ ասա,- կրկնեց նա, ֆշշացնելով ատամների արանքից։

- Անունս Էդգար է,- պատասխանեց պատանին պտտվելով նրա հետ.

- ԸՀմմմ․․․,- Ագռավամարդը մատը դրեց շուրթին, մնաց անշարժ.

- Իմ անունը քեզ որևէ բան հուշու՞մ է,- տղան զարմացավ նայելով նրան:

- Այո՛ հուշում է, այն հուշում է, որ դու պետք չես այս գործին և ես չպետք է փնտրեմ քեզ, այլ…,- Ագռավամարդը մի պահ լռեց, ապա շարունակեց,-  Բայց ես քեզ այստեղ կթողնեմ,- ապա  անտարբեր տարածեց թևերը, օդ բարձրացավ:

- Իջեցրո՛ւ ինձ այստեղից, չէ՞ որ դու խոստացար,- բղավեց պատանին Ագռավամարդու հետևից, անզորությունից ոտքերը գետնին խփելով: Սակայն  շուտով թռչունն անհետացավ  տեսադաշտից: Նա հուսահատ մոտեցավ , նստեց քարափի պռկին:

« Ի՞նչ էր նշանակում այդ վհուկի ասածը, եթե ես չեմ, ապա ո՞վ»․շշնջաց նա գլուխը առնելով ձեռքերի մեջ․  « Ա՜խ այդ Էմմին, տեսնես նրա հետ ի՞նչ պատահեց»․ նեղսրտած մտածում էր պատանին, երբ շատ մոտիկից լսվեց  թռչունի ծղրտոց: Նա միայն հասցրեց ոտքի կանգնել, երբ մի սուր հարված իջավ գլխին, ցավից երերաց ու վայր ընկավ՝ հարվածը կրկնվեց, այս անգամ որովայնին, նա երկու ձեռքով բռնեց ցավացած տեղերը և նայեց  հարվածողին: պատանին իր վրա կախված տեսավ երկու այլանդակ ու մեծ գլուխներ՝ անճոռնի ու տափակ կտուցներով: Նրան թվաց այդ գլուխները բուսնել են մեկ մարմնից:

 Անսովոր մեծության՝ անճոռնի գլուխներից սարսափած  նա մի կերպ ետ սողալով ոտքի կանգնեց, ցավից կուչ եկած փորձեց փախչել, բայց  սայթակեց, գլորվելով  ուղիղ փոսի մեջ: Էդգարը մնաց այնտեղ կծկված, երկու ձեռքով որովայնը բռնած:

Սկսեց օրը մթնել: Երբեմն լսելի էր նրա տնքոցը, որից անճոռնի գլուխների ծվվոցն ու սվսվոցն ավելի ականջ ծակող էր դառնում

Комментариев нет:

Отправить комментарий