среда, 12 мая 2021 г.

 

Պատանիները զարմանքով  իրար նայեցին:

-        Ինչու՞ եք զարմացած, մենք չպետք է թույլ տանք հաջորդ կուբիկի արթնացումը լուսնի լույսով, իսկ մինչ այդ  հրե գագաթից ուժ է ստանալու չարը: Արեգանը նայեց բրոնզագույն ամայությանը, ուր այդ պահին կտրուկ վայրէջք կատարեցին թռչող մողեսները: Պատանիները անվճռական մեկ նայում էին հրե գագաթին, մեկ Արեգանին,-  Տեսնում եմ դուք վախենում եք, բայց վախը միայն կվնասի ձեզ, իսկ այս ամենը նշանակում է, որ նրանք օգտվեցին մարդու մոլորությունից և շատ հեշտությամբ ազատություն ձեռք բերեցին դարավոր կապանքներից:

Երկինքը դատարկվեց , մողեսները իջնելով, սկսեցին սողալ գետնի վրա, մեծ թևերը ետ փակած: Նորից երկինքը սևացավ  կուտակվող հսկա սև ամպերի նմանվող ագռավների երամով:

-        Կարծես աշխարհի վերջն է,- մտահոգ արտաբերեց Էդգարը, հետևելով սև երամին:

Առայժմ ոչ աշխարհի՝ այն միայն հասցրել է ազատություն ձեռք բերել այս լեռնային կղզում, ավելի ստույգ չարի արշավը սկսվել է, իսկ մենք պետք է կարողանանք կասեցնել այն:

-        Ինչպե՞ս,- շուրջը նայելով տարակուսեց Էմմին:
- Զինվե՛ք հզորությամբ և իմաստնությամբ,- Գոչեց Արեգանը և ձեռքերը սահեցրեց վերից վար:

Պատանիները զգացին, թե ինչպես ողջ մարմնով դող անցավ և կարծես այն հասնելով հողին անհետացավ: Արեգանի ափի մեջ հայտնվեցին երկու փոքրիկ, երկնագույն  կրակներ, որոնք իրենց ձևով հիշեցնում էին սրտիկներ:

-        Ահա՛, այս փոքրիկ լուսատուները կընդառաջեն ձեզ, բայց դուք պետք է զգուշանաք Ագռավամարդուց:

Էմմին ու Էդգարը հարցական նայեցին Արեգանին:

-        Այո՛, այո՛ , մի զարմացեք, Ագռավամարդը արթնացած չարի կամակատարն է՝ այս վխտացող երամի հրամանատարըը,- բացատրեց նա, ձեռքով ցույց տալով  վեր ու վար անող ագռավների կողմը, որոնց աղմկոտ կռինչը ականջ էր ծակում….

Նա  սրտիկներից  մեկական դրեց յուրաքանչյուրի ափի մեջ և ինչպես հանկարծակի հայտնվել էր, նույնկերպ էլ անհետացավ:

-        Նա անհետացավ,- շշնջաց աղջիկը, երբ Արեգանիին ծածկեցին ծխի քուլաները:

-        Այո, բայց տխրել պետք չէ, չէ՞ որ նա խոստացավ…,- նկատելով, թե ինչպես տխրեց աղջիկը, փորձեց հուսադրել պատանին:

Մոտիկից լսվեց  թռչունի թևերի ուժեղ թափահարում:

-        Պարկի՛ր,- բղավեց Էդգարը և միասին տապալվեցին գետին: Այդ պահին նրանց գլխավերևով սլացավ մի հսկա թռչուն:

-         Դու  տեսա՞ր, թե որքան մեծ էր,- գլուխը վեր բարձրացրեց պատանին:

-        Իսկ չե՞ս կարծում, որ այն հենց Ագռավամարդն է,- հայացքով հետևելով թռչող կենդանուն եզրակացրեց Էմմին:

-        Ով էլ որ լիներ, մենք պետք է շտապենք, մեր այստեղ մնալը ոչ միտք ունի ոչ էլ ելք է մեզ համար:

Նրանք Արեգանի խորհրդով, ճամբա ընկան դեպի արևելք:

Комментариев нет:

Отправить комментарий