вторник, 11 мая 2021 г.

 

ԱՐԵԳԱՆԸ

Օդը մաքրվեց, երկինքը դարձավ պարզապես սպիտակ: Մշուշն ու ծուխը վերածվեցին դեղնագորշ ամպերի, կախվեցին երկնքից: Արագ կատարվող փոփոխությանը պատանիները հետևում էին սարսափով:

-        Ինչպիսի՞ արագությամբ է փոխվում մեր շուրջը, իսկ մեր փրկությունը այս սարի գագաթն է և մինչև ե՞րբ- տարակուսեց աղջիկը:

-        Որտեղի՞ց են բուսնում նրանք, շուտով կհասնեն ու կխժռեն մեզ, այնքան շատ են,-  հուսահատ մրմնջաց Էդգարը, թևքով մաքրելով ճակատը:

-        Արի շարունակենք փախչել ավելի հեռուն,- առաջարկեց աղջիկը, առանց սպասելու վազեց սարն ի վար, բայց ոտքն առավ քարաքոսին ու վայր ընկավ, նա գլորվելով փորձում էր կառչել ինչ որ բանից:

-        Էմմի՜,- ձայն տվեց պատանին` շտապելով նրան օգնելու:

Մինչ Էդգարը կհասներ օգնության, նա կտրուկ կանգ առավ` դեմ առնելով արգելքի:

-        Որքա՜ն անփույթ եք:

Էդգարը, դանդաղեցնելով քայլերը, մնաց զարմացած, իսկ Էմմին իր գլխավերևում տեսավ կանգնած սլացիկ հասակով, երկար  գանգուրներով մի տղամարդու, որի ծովի պես խոր աչքերը, ուղիղ քիթը, լայն ճակատը տիրական տեսք էին տալիս նրան: Անծանոթի մեղեդային ձայնը տարածվեց ամենուր: Աղջիկն ու պատանին հմայված նրան էին նայում:

-        Դուք ե՞լք եք որոնում, և ո՞րն է այստեղ ելքը,- ձեռքը տարածելով, անծանոթը, ցույց տվեց շուրջը,- Դուք այն տեսնու՞մ եք,- առանց պատասխանի սպասելու շարունակեց նա, իսկ սարի գագթին կրակը նորից բոցկլտաց, և կարմիր խառնարանը ավելի բորբոքվեց, որից սկսեցին պոկվել անհամար կայծեր ու վեր բարձրանալ:

-        Նրանք արթնացնում են իրենց զավակներին,- հայացքը չկտրելով գագաթից մտահոգ արտաբերեց հայտնված մարդը:

-        Ովքե՞ր, նրանք ովքե՞ր են,- զարմացած ու անհամբեր հետաքրքրվեց Էդգարը:

-        Կուբիկ-Վանդևն ու Լիվանը: Նրանք լուսնի ծնունդն են և հիմա հաղթելու մոլուցքով արթնացնում են չարի զավակներին:

Գագաթից պոկվող կայծերը սկսեցին մեծանալ:

-        Ահա´, Ֆլամեն, կայծերի վերածված բարձրանում է վեր,- շարունակեց մարդը:

-        Ո՞վ է Ֆլամեն,- հարցրեց Էմմին` զարմանքով նայելով թռչող կայծերին:

-        Ֆլամե՞ն, Ֆլամեն կրակն է և հիմա արթնանում է իր ողջ ուժով:

-        Դուք նու՞յնպես այն հրե գագաթից եք,- հետաքրքրվեց պատանին` հայացքը չկտրելով թռվռացող կրակներից:

-        Ո´չ, ես Արեգանն եմ, եկել եմ հավերժության ամրոցից :

-        Ինչպե՞ս, ուրեմն դուք բարի՞ եք,- ուրախացավ աղջիկը:

-        Այո´, ես եկել եմ հավերժության ամրոցից, և պետք է պայքարել, որպեսզի հաջորդ կուբիկին կյանքի կոչի արևը, այլապես շատ երկրներ և ժողովուրդներ կկործանվեն չարի ուժից:

-        Ինչի՞ մասին է խոսքը, մի՞թե սա ընդամենը հրաբուխ չէ,- Էդգարը հետաքրքրված ավելի մոտեցավ Արեգանին:

-        Ժամանակը, միայն ժամանակը կտա ձեր հարցերի պատասխանը, իսկ հիմա՝ դուք, որպես ներկա ուղղություն վերցրե՛ք դեպի արևելք, ձեր ուսերին է դրված բարու փրկության և չարի կործանման առաքելությունը:

-        Բայց մենք...,- կմկմաց Էմմին, նայելով շուրջը և իր խղճուկ տեսքին:

-        Հիասթափվա՞ծ եք, բայց միայն դուք կարող եք կասեցնել չարի հաղթանակը` օգնելով բարուն:

-        Ինչպե՞ս,- տարակուսած ուսերը թոթովեց աղջիկը:

-        Կործանել Կուբիկ-Վանդևին և Լիվանին, որը իհարկե դժվար խնդիր է:

Комментариев нет:

Отправить комментарий