суббота, 8 мая 2021 г.

 

Նոր կենդանիները

-        Ինչու՞ որոշեցիր ինձ օգնել, չէ՞ որ այնտեղ բոլորը մեռնում են, մահը դառնում է սովորական, յուրաքանչյուրն ինքն է փորձում փրկվել, իսկ դու․․․,- խոսեց աղջիկը:

-        Չգիտեմ, ես ոչինչ չորոշեցի, պարզապես մենք հանդիպեցինք,- անտարբեր պատասխանեց տղան, նորից լռեց:

-        Կարո՞ղ ենք մի քիչ հանգստանալ,- հևալով, ոտքերը հազիվ քարշ տալով ավելի շուտ խնդրեց, քան հարցրեց Էմմին:

-        Ո´չ,- նորից կարճ պատասխանեց տղան:

-        Ո՞վ ես դու, ինչու՞ ես ինձ օգնում, եթե այդքան կոպիտ ես,- ձեռքը ետ քաշեց աղջիկը ու մնաց կանգնած:

-        Չե´նք կարող, իսկ երկրորդը՝ ես քեզ չեմ օգնում, պարզապես մեր երկուսի ելքը փախուստն է,  եթե ետ նայես կհասկանաս, թե ինչո՞ւ:

Էմմին լուռ ետ նայեց: Ներքևում, որտեղից փախչում էին նրանք, ծուխը ամպի պես երկինք էր բարձրանում, փոշու ու գոլորշու խառնուրդից առաջացած կաթիլները անձրևի պես թափվում էին ցած, իսկ սև զանգվածը, հետզհետե հունը կորցնելով, լցվում էր ամենուր։ Նրանք տեսան թե ինչպես այն սկսեց քլքթալ, իսկ նրանից պայթող փուչիկները սկսեցին պոկվել ու վեր բարձրանալ:

-        Իսկապես վախենալու է,- մրմնջաց Էմմին և շարունակեց հետևել պատանուն:

Երկար քայլելուց, վերջապես նրանք ուժասպառ տապալվեցին սարի գագաթին: Ներքևում` երևացող գյուղը հետզհետե նմանվեց եռացող կաթսայի: Բարձր գագաթից հոսող հրե շիլան գերության մեջ էր առել ամեն ինչ և տեր ու տիրական դարձած տարածվում էր ամենուր: Գետից դուրս եկող սև զանգվածը սկսեց ավելի հաճախ ուռչել ու պայթել, բացի պայթելուց, սկսեցին վեր բարձրանալ` հետզհետե նմանվելով սև, խոշոր ագռավների։ Լսվեց սվվոց ու տնքոց, այն խառնվելով ցեխի քլքլթոցին աղմուկը ավելի սաստկացավ: Շարժվող զանգվածից շարունակաբար սկսեցին պոկվել ավելի մեծ կտորներ, որոնք, օդ բարձրանալով, նմանվում էին սուր դնչերով թռչող մողեսների: Տարօրինակ կենդանիները իրենց մեծությամբ հիշեցնում էին կոկորդիլոսների:

Գետում բլթբլթացող սև զանգվածը շուտով ամբողջությամբ վերածվեց թռչող արարածների, որից հետո սարալանջը նորից ցնցվեց, գետի ողջ զանգվածը դուրս հորդեց հունից, իր մեջ առավ տները և ետ գնաց: Տարածվող սև զանգվածից ու փլատակներից մաքրվելուց հետո ողջ բնակելի տարածքը դարձավ բրոնզագույն, իսկ գետի հունից մնաց դատարկ ու սև մի խոռոչ:  Երկինքը սևացավ մողեսներից ու ագռավներից, իսկ թռչունների կռռոցը, խառնվելով մողեսների սվվոցին, առաջացնում էր սարսափելի վայնասուն:

-         Լսու՞մ ես։ Որքան սարսափելի է նրանց ձայները,- նորից խոսեց աղջիկը:

-        Ինչպե՞ս կարելի է չլսել, այն տարածվում է ամենուր,- զարմացավ Էդգարը` ուսերը վեր քաշելով:

-        Գուցե անունդ ասես,- բերանի կապը ետ տանելով հարցրեց Էմմին` հայացքի տակից նայելով խարտաշյա գանգուրներով, գեղեցիկ դիմագծերով, մկանոտ կառուցվածքով պատանուն։

-        Որքան գեղեցիկ են քո աչքերը, կարծես կապույտ երկինք լինեն,- աղջկա համար անսպասելի արտաբերեց տղան: Նա հայացքը խոնարհեց, ձեռքով ետ տարավ սև, երկար գանգուրները, -   Անունս Էդգար է,- ուշացած պատասխանեց պատանին:

Էմմին ժպտաց, ապա նայեց ներքև, տխուր շշնջաց,- Մեր տները անհետացան, իսկ իմ հարազատ եզերքը վերածվեց ամայի անսահմանության:

Комментариев нет:

Отправить комментарий