пятница, 14 мая 2021 г.

 

Գրինյուսը և Ֆլամեն

Օրեր շարունակ Էմմին ու Էդգարը համարյա առանց դադարի շարժվում էին դեպի արևելք, ինչպես պավիրել էր Արեգանը:

Երեկո էր, նրանք կանգ առան մի բացատի մոտ, ուր դեղին մշուշը նստած, կարծես հանգստանում էր:

-        Որքան էլ վտանգավոր լինի, պետք է հատել այս տարօրինակ բացատը,- ասաց պատանին:

-        Այո՛, բայց կարող ենք մոլորվել մշուշի մեջ,- անվստահ պատասխանեց աղջիկը:

-        Կասկածելի հարցականները և անվստահությունը մեզ համար չեն, մենք պետք է հատենք այն և առաջ անցնենք,- վճռեց պատանին:

-        Այո,- տխրեց աղջիկը, բայց հանկարծ ուրախացած բացականչեց,- Սրտիկնե՜րը…:

-        Փորձենք,- նկատելի ոգևորվեց Էդգարը, ձեռքը մեկնեց առաջ, բացելով ափը:

-        Վառվեցե՛ք սրտիկներ,- միաժամանակ գոչեցին նրանք: Նույն պահին մշուշն անհետացավ: Նրանք նայեցին իրար, ժպտացին և շարունակեցին ճանապարհը:

-        Նայի՛ր, լիալուսինը,- ուրախացած բացականչեց Էմմին, երբ հայտնվեցին հերթական սարալանջին:

-        Նա  մի տեսակ դժգոհ դեմք ունի,- նկատեց պատանին:

-        Անգամ ազդեցիկ է,- հաստատեց աղջիկը, աչքը չկտրելով  գիշերային լուսատուից, որի մի այտից սև ամպիկ էր կախվել:

-        Այնտե՛ղ նայի՛ր,- պատանին ցույց տվեց երևացող ձորը, որտեղից մարդիկ բարձրանում էին դեպի դիմացի սարը:

-        Թվում է,թե նրանք գետնի տակից են բուսնում,- զարհուրեց Էմմին, երբ նկատելի եղավ  երևացող մարդկանց կիսամերկ ու ցեխակոլոլ տեսքը:

-        Նրանք հազիվ են ոտքերը քարշ տալիս:

-        Այո՜…,- ծոր տվեց աղջիկը,- Երևի հազիվ են փրկվել եռացող շիլայից,- ուրվականի վերածված մարդկային խումբը հասավ սարի գագաթը, ուր վխտում էին անթիվ լեշակեր թռչուններ, կեռ և սուր կտուցներով,- Ո՛չ, ու՞ր են գնում այդ դժբախտները,- ճչաց Էմմին, տեսնելով, թե թռչուններն ինչպես են պտտվում նրանց գլխավերևում:

-        Գնում են դեպի մահ և կարծում եմ նրանց այլևս ոչինչ չի փրկի,- աղջիկը հուսահատ նայեց պատանուն,- Այո՛, այո՛, ուտելու ցանկությունն այդ դժբախտների մեջ սպանել է բանականությունը և նրանք  բնազդի թելադրանքով այդ թռչունների մեջ  փրկություն են որոնում,- իր միտքը պնդեց Էդգարը:

-        Պատանին ճիշտ է նկատել: Նրանք շատերի պես դատապարտված են,-նրանք զարմանքից քար կտրեցին, երբ ետ նայեցին և  տեսան զառամյալ մի ծերունու, ոտքից գլուխ կանաչ գույնի: Նրա երկար մազ ու միրուքը խորհրդավորություն էր ներշնչում, իսկ հագուստը կարծես կարված լիներ հազարավոր տերևներից։ Հայտնված ծերունու ձայնը, հիշեցնում էր Արեգանի երգեցիկ ձայնը:

-        Ո՞վ եք դուք,- հարցրեց Էդգարը, չթաքցնելով զարմանքը:

-        Մի՞թե  անճանաչելի եմ դարձել, ես բնությունն եմ, այսինքն անտառը՝  մարդկային կերպարանք առած՝ Գրինյուսն եմ:

Աղջիկն ու պատանին ավելի կլանվեցին  նրա մեղեդային ձայնով:

Դիմացի գագաթից լսվեց հուսակտուր ճիչեր, նրանք տեսան, թե ինչպես են գիշատիչները այդ  դժբախտներին կտցահարում: Հարվածից շատերը գլորվում էին անշնչացած, իսկ ավելի դիմացկունները  թավալելով փորձում էին բռնել գիշատիչների ոտքերից:

-        Մարդկային  խղճուկ գոյության կռիվը վեր է ածվել  դժոխային պայքարի,- նկատեց ծերունին:

-        Ես այլևս չեմ կարող  նայել,- Էմմին ձեռքով փակեց աչքերը:

-        Օ՜, ո՛չ օրիորդ, դուք միայն սառնասրտությամբ կարող եք հաղթել չարին, իսկ հիմա նայեք այն կողմ,- երբ Գրինյուսն ավարտեց խոսքը, նրա ձայնի արձագանքը տարածվեց ամենուր և մարեց հեռվում: Նրանք նայեցին դեպի արևմուտք՝ ծերունու ցույց տված կողմը, իսկ ծերունին նայեց լուսնին.

-        Կարող եք թաքցնել սրտիկները, առանց նրանց էլ ամեն ինչ պարզ երևում է,- առաջարկեց ծերունին:

Արևմուտքի չոր ու ամայի գորշ ֆոնին երևաց, թե ինչպես են կենդանիները իրար խռնված. խուճապահար փաղչում,  հրե լեզվակներից:

-        Ա՜խ, Ֆլամե՛, Ֆլամե՛,- դառնացած շշնջաց ծերունին, գլուխն օրորելով:

Այդ պահին  հրե լեզվակներից հազարավոր կայծեր պոկվեցին, բարձրացան վեր, միանալով իրար, հայտնվեցին նրանց մոտ, ակնթարթորեն վերածվելով հրե կնոջ: Նրա բացված թևերից  տարածվող  ջերմությունից Էդգարն ու Էմմին ետ քաշվեցին:

-        Հա՜, հա՜ հա՜… Գրինյու՜ս, ինչու՞ հիշեցիր ինձ,- հարցի հետ Ֆլամեն նորից վերափոխվեց և նմանվեց խառույկի,-…Դու դեռ գոյատևու՞մ ես…

-        Այո՛, Ֆլամե՛, և դու լավ գիտես՝ առանց ինձ չի կարող գոյատևել կենդանական աշխարհը,- տխուր պատասխանեց Գրինյուսը, սկսեց ձեռքով տրորել հագուստի ծխացող փեշը, որը ծխում էր Ֆլամեի անզգուշությունից:

-         Նաև առանց ինձ,-  հեգնեց Ֆլամեն, ավելի վեր բոցավառվելով:

-        Բայց դու չարաշահում ես քո իրավունքը Ֆլա՛մե:

-        Օ՜, ո՛չ ծերուկ, այդ մարդն է չարաշահում իր իրավունքը, քեզ վերածելով կոճղերի, իսկ դու, որպես միամիտ լավատես, դեռ հույս ես կապում  նույն ավիրող մարդու հետ:

Комментариев нет:

Отправить комментарий