понедельник, 17 мая 2021 г.

 

Ամֆիբիսը

  Բարձունքին քնածներից մեկը ոտքի կանգնեց ու քայլեց, նա քայլում էր ժայռի բերանով և թվում էր թե ուր որ է գլորվելու է ձորը: Հանկարծ լսվեց ուժեղ կռռոց  ՝ հսկա թռչունը ճանկեց քայլողին և անհետացավ խավարում, նորից տիրեց լռություն: Քնատ Էդգարին այդ ամենը երազ թվաց, բայց երբ նա առավոտյան իրեն մենակ գտավ բարձունքին ակամա վերհիշեց գիշերային կարծեցյալ երազը:

Պատանին քայլերն ուղղեց այն կողմ , ուր իր աղոտ հիշողության մեջ գիշերվա խավարը լափել էր աղջկան: Նա քարաքոսներից բռնվելով, սկսեց չորեքթաթ սարից իջնել:

Էդգարը հայտնվեց  հարթ տարածությունում, ուր լուսաբացն իր սպիտակ սավանն էր փռել շուրջ բոլորը: Մոտիկից լսվում էր  հոսող ջրի քչքչքցը, նա քայլեց  դեպի լսվող ձայնի կողմը և մնաց զարմացած, տեսնելով վճիտ առուն:

«Որտեղի՞ց այս այրվող հողի վրա այսքան մաքուր ջուր»,- մտածեց նա, նայելով շուրջը, ուր ոչ մի շունչ կենդանի չկար: Պատանին չոքեց, ուզեց հագեցնել ծարավը, բայց միայն հասցրեց թրջել չորացած բերանը, երբ ջրից նրան նայեցին չորս կլոր ու չռված աչքեր: Նա սարսափած ետ ընկավ մեջքի վրա.

- Սա հրեշ է,- շշնջաց պատանին, ետ հենվելով թևերին:

Հոսող ջրից դանդաղ բարձրացավ մի հսկա բզեզ։ Նրա տեսքից Էդգարը կուչ եկավ:

- Ո՞վ ես, ինչու՞ ես խանգարում իմ քունը,- հարցրեց կենդանին վրդոհված,- Նորի՞ց դու մարդ արարած, ասա՛ վերջապես քո ուզածն ի՞նչ է,- նա խոսքի հետ մեկտեղ  ջրի մեջ կանգնեց իր տասնյակից ավելի ոտքերի վրա:

Պատանին նայելով հսկա բզեզին, իրեն շատ փոքր ու անօգնական զգաց և ետ, ետ գնալով միայն կմկմաց.

- Ե՛ս, ե՛սմիայն ցանկացա ծարավս հագեցնել:

- Ա՛խ դու՛ մոլորյալ ագահ հոգի, մի՞ թե քեզանից պրծում չունեմ: Սա է մնացել ինձ, միայն այս առուն մաքուր: Դու թունավորեցիր իմ գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և հիմա հայտնվել ես այստե՞ղ: Հանգիստ թող ինձ, լսու՞մ ես,- ցասումով լի,  դժգոհ ըմբոստացավ կենդանին:

- Ասա՛, ո՞վ ես դու, ջուրը՞, թե՞ ջրի պահապն հրեշտակն է խոսում,- հևալով, հազիվ բառերն իրար կապեց պատանին:

- Համարիր և մեկը, և մյուսը: Ես Ամֆիբիս բզեզն եմ:

- Բզեզը՞, այդքան մեծ բզե՞զ:

- Այո՛ և իմ տարերգը ջուրն է,- պատասխանեց նա, շարժելով իր երկար ոտքերը, պատանուն ոտքից գլուխ թրջելով:

- Ինձ կարող է օգնել միայն  լուսատու սրտիկը,- կարծես հիշելով, շշնջաց պատանին, բայց մինչ նա առաջ կմեկներ ձեռքը, Ամֆիբիսի ոտքերից մեկը նրան տապալեց գետին: Էդգարն արագ ոտքի կանգնեց և սկսեց փախչել:

Բզեզն իր կլոր աչքերով հետևելով նրան, միաժամանակ բզեզին հատուկ տնքոցներով սկսեց բացել իր չորս թևերը, որից երկուսը թափանցիկ էին, իսկ երկուսը կոշտ, ինչպես կրիայի զրահը: Նա բարձրացավ օդ և սկսեց այնտեղից հետևել տղային:

Շուտով Ամֆիբիսի բզզոցը լսվեց նրա գլխավերևից և նա ձեռքն առաջ մեկնեց.

- Վառվի՛ր սըըըր…,- Էդգարի խոսքը կիսատ մնաց, երբ բզեզը նրան նորից իր ոտքերով տապալեց գետին: Ամֆիբիսն արագ թափահարելով թևերը, մինչև կբացեր առջևի մեծ շոշափուկները պատանուն ճանկելու, վերջինս մեջքի վրա ընկած առաջ մեկնեց ձեռքը և գոչեց.

- Վառվի՛ր սրտիկ:

Էդգարի ափի մեջ վերջապես բոցկլտաց երկնագույն կրակը, որից բզեզի շոշափուկները ետ քաշվեցին  և ավելի բարձր բզզոցով վեր բարձրացավ, այնտեղից սկսեց հետևել պատանուն:

Այդ պահին պատանուն  իր մեջ առան կանաչ ու սաղարթախիտ ծառերն ու թփերը, որոնք տեղ-տեղ այրված ու սևացած էին: Էդգարը զարմացած շուրջն էր նայում, երբ լսվեց նրան ծանոթ մեղեդային ձայնը.

- Աշխատիր թաքնվել ավելի խորքում:

- Ա՜…, իմ բարեկամ Գրի՜նյու՜ս դու՞ ես,- ուրախացած պատանին ձեռքով շոյեց ծառերին:

- Այո՛, բայց ես չեմ կարող քեզ երկար թաքցնել և դու այդ լավ գիտես, բայց առայժմս քո ելքը սա է,- ձայնը հեռանալով մարեց:

Էդգարը զգաստացավ ծառերի ուժեղ խշշոցից. «Մի՞թե այդ բզեզը նորից գտավ ինձ»,- մտածեց պատանին և սկսեց արագ խորանալ թավուտում…:

Комментариев нет:

Отправить комментарий