четверг, 21 ноября 2019 г.

Ապրած կյանքի համը


-       Լավ, ոտքի կանգնի՛ր ու գնա՛։ Դու կապրես, սակայն ոչ բոլորի պես։ Ահա՛, վերցրու սա է քոնը,- այսպես խոսեց ալեհեր երկնային դեմքը և նույն պահին Լիզայի կողքին հայտնվեց մի փոքրիկ, սպիտակ քուռակ, իսկ Լիզան բռնել էր  ձիուկի սանձից։
Երկինքը փակվեց սպիտակ ամպերով, ծածկելով նաև ալեհեր դեմքը։ Լիզան մի հայցք գցեց երկհարկանի տանը և տխուր քայլեց քարքարոտ ու ցեխոտ ճամփով, հետևից քարշ տալով քուռակին։ Նա դժվարությամբ էր հաղթահարում առջևում հայտնվող անակնկալ  հողաթմբերն ու փոսերը։ վերջապես քուռակի սանձը բռնած,  հայտնվեց բլրակի վրա և այնտեղից երկա՜ր նայում էր իր հաղթահարած խոչնդոտներին, բարձրաձայն լաց լինելով։ Սեփական լացի ձայնից վեր թռավ։  Սարսափած նայեց դուրս։ Օրն արևոտ էր։  Նա կանգնեց հայելու առաջ․
-       Ես սովորական մարդ եմ, ինձ հետ ոչինչ չի կարող պատահել, այն ընդամենը երազ էր,- նա  երկա՜ր կանգնեց հայելու առաջ, հետո դուրս եկավ բակ, հենվեց քարաշեն պատին, մելամաղձկոտ նայեց խաղացող երեխաներին․ « Գիշերվա երազս տեսի՞լք էր, թե իսկապես երազ»․ նորից հիշեց նա։  Օտարի պես մի հայցք էլ գցեց տանը, առանց դուռը գոցելու, գնաց վանքի գավիթ։ Կեսօրը նոր էր գլորվել։ Նրա հոգում արթնացող սարսափի ճիչը ստիպեց շտապել ներս և վառել այնտեղ պահած մոմերից մի քանիսը։ Վանքը լուսավորվեց։ Լիզան մի երկչոտ հայացք գցեց դռանը, սկսեց աղոթել։ Նա շտապելուց, կարծես ոչ թե աղոթում էր, այլ անգիր էր ասում, վախենալով ինչ որ բանից, հաճախ ետ նայելով։ Ավարտելուց հետո խորը շունչ քաշեց, դուրս եկավ, քարափի գլխից նայեց հեռուն․
-       Այս անգամ ինձ հաջողվեց,- մրմնջաց նա, հայցքը դարձրեց դեպի դատարկ կածանը։ Լիզան երկար ժամանակ ինքնամոռաց դիտում էր  հեռուն, ուր սարերի արաքնում, կարծես մի անտես ձեռք մի կերպ տեղավորած լիներ երևացող մի քանի փոքրիկ գյուղերը և այդ գյուղերի ու սարերի փեշերը իր մշտական շառաչով լվանում էր լեռնային գետը։
-       Չվախենաս,- երկու ձեռքեր ետևից  փակեցին Լիզայի աչքերը։
-       Չեմ վախենում, թող,- ասաց Լիզան և բռնեց Կիմի ձեռքերից,- Ինչպե՞ս եկար, քեզ չտեսա։
-       Ա՛յ է՜ն ճամփով,- Կիմը ցույց տվեց վանքի հետևի լայն ճանապարհը, խորամակ ժպտալով,- Ի դեպ, ու՞ր էիր։ Ամեն օր այստեղ քեզ եմ սպասում։
-       Չէի կարողանում գալ։
-       Ինչու՞,- զարմացավ Կիմը,- Ուրախ չե՞ս ինձ տեսնել։
-       Չգիտեմ։ Ինձ հետ ինչ որ բան է կատարվում, ինքս էլ չեմ կարող բացատրել, թե ինչ։
-       Տեսնում եմ, այնքան էլ ուրախ չես ինձ տեսնել,- շինծու դժգոհեց Կիմը, առանց լսելու Լիզայի տրտունջը։
-       Այնքան էլ այդպես չէ,- հայցքի տակից փորձեց ժպտալ Լիզան։
-       Արի գնանք ա՜յ, այնտեղ,- Կիմը ձեռքով ցույց տվեց քիչ հեռվում երևացող ցից ժայռը։
-       Ինչպե՞ս կարելի է բարձրանալ այնտեղ։
-       Դա հոգ չէ, քեզ կօգնեմ, գնանք։
-       Պատկերացնու՞մ ես, նորից մայրամուտ է,- դեպի հրակարմիր հորիզոնին նայելով նկատեց Լիզան։
-       Այո, բայց չեմ հասկանում՝ մայրամու՞տն է մեզ ընտրում հանդիպման համար, թե՞ մենք նրան,- խորհրդավոր քրթմնջաց Կիմը, մի պահ կանգ առնելով ու նայելով Լիզային։
-       Գուցե դու կատակո՞ւմ ես, բայց քո ասածի մեջ ճշմարտություն կա։
-       Եվ ո՞րն է ճշմարտությունն իմ կատակի,- Կիմը փարվեց Լիզայի վզով։
-       Երբ գտնեմ, կասեմ, առայժմ գիտեմ, որ կա,- ետ հրելով Կիմին, շշնջաց Լիզան։

Комментариев нет:

Отправить комментарий