понедельник, 18 ноября 2019 г.

Ապրած կյանքի համը


Նրանք միասին դուրս եկան բակ։ Լիզան նստեց հին տապանաքարին, Կիմը նստեց գետնին,  նրա դիմաց․
-       Դու գեղեցիկ աչքեր ունես,- արտաբերեց Կիմը։ Լիզան առանց տպավորության ոտքի կանգնեց․
-       Ուզում եմ տուն գնալ,- անտարբեր արտաբերեց նա։
-       Ինչու՞, ի՞նչ է կատարվում քեզ հետ Լիզա՛,- զարմացավ Կիմը,- Մի՞թե դու երջանիկ չես։
-       Չգիտեմ,- ուսերը թոթովեց Լիզան, նայեց Կիմին,- Իմ աղոթքը նորից կիսատ մնաց և այն քարի պես ծանրանում է ինձ վրա։
-       Նման մանրունքներում մի խորացիր։ Ա՛յ, շուտով գանձը կգտնենք և ես ու դու միասին կլինենք։
-       Իսկ եթե չգտնե՞նք,- հայացքի տակից վեր նայեց Լիզան։
-       Դե՜, չգիտեմ այդ դեպքում, բայց անպայման կգտնենք,- այս անգամ անվստահ պատասխանեց Կիմը և նայեց վանքի դռանը,- Արի գնանք մեր գաղտնարանը։
-       Ինչու՞․․․ Նորի՞ց։ Չեմ կարող, անցած անգամ ողջ գիշեր մնացինք այնտեղ և․․․
-       Եվ  ի՞նչ․․․
-       Եվ  ցուրտ էր ու անհարմար։ Էլ չեմ խոսում տան անախորժության մասին։
-       Անգամ իմ գրկու՞մ էր ցուրտ,- շինծու զարմացավ Կիմը,- Այս անգամ երկար չենք մնա, արի, համ էլ կարևոր բան ունեմ ասելու,- պնդեց  նա և Լիզայի ձեռքից քաշեց դեպի մուտքը։
ԼԻզան  նորից  թույլ տվեց, որպեսզի շառագունած հորիզոնից մի կայծ բռնկվի ու հրդեհի  սիրտը։
Հորիզոնը վաղուց հանգել էր, երբ Լիզան նայեց դուրս․
-       Վաղու՞ց է մթնել,-հարցրեց նա, որն ավելի շատ ափսոսանքի էր նման, սկսեց,- Դու ինձ ոչինչ էլ կարևոր չասեցիր,- հուսահատ շշնջաց նա,- Այստեղ միայն ի՞նձ հետ ես գալիս,- հուսահատությունը փոխվեց վրդոհմունքի, երբ Կիմը մնաց պառկած։
-       Այո՛, իսկ ի՞նչ կա որ,- անվստահ պատասխանեց նա։
-       Ոչինչ, պարզապես հետաքրքիր է,- նույն անվստահությամբ պատասխանեց Լիզան,- Պետք է գնամ,- Լիզան խարխափելով քայլեց դեպի  քարանձավի ելքը։
-       Լիզա՛,- պառկած տեղից ձայն տվեց Կիմը,  նա ետ նայեց,- Դու ափսոսու՞մ ես, որ…
-       Ո՛չ,- Լիզան շտապեց պատասխանել, թույլ չտալով, Կիմին ավարտելու միտքը,- Իմ զգացածը նման չէ ափսոսանքի, այլ մի տեսակ վատ նախազգացում է համակել ինձ, որից ոչ մի կերպ չեմ կարողանում ազատվել,- նա դուրս եկավ քարանձավից, առանց սպասելու պատասխանի։
-       Լիզա՜,- Կիմը ձայն տվեց նրա հետևից, բայց փորձ չարեց տեղից վեր կենալ։

Լիզան տխուր էր և տխուր զգացումով էլ անկողին մտավ։ Նրան թվաց, դեռ աղոթում է, բայց աղոթատեղին վանքը չէր, այլ ցեխոտ մի փողոց։ Նա վեր նայեց՝ դիմացը երկհարկանի ծանոթ տունն էր։ Հանկարծ լսվեց դռրդյուն, Լիզան նայեց շուրջը՝ ոչ ոք չկար։ Աղմուկը լռեց, բայց երբ  ուզեց շարունակել աղոթել, դղրդյունը  կրկնվեց ավելի որոտալից։ Լիզան նայեց դեպի երկինք՝ տեսավ, ինչպես բացվեց այն՝ երևաց սպիտակ ու ալեհեր մի դեմք․
-       Դու կմեռնե՛ս,- խոսեց դեմքը, իսկ նրա ձայնն արձագանքում էր ամպրոպի պես։ Լիզան սարսափած աղոթքը փոխեց աղերսանքի․
-       Ո՛չ, Տե՛ր Աստված, ես չեմ ուզում մեռնել․․․,- նա երկար լացում էր ու աղաչում երկքնքում հայտնված դեմքին։

Комментариев нет:

Отправить комментарий