воскресенье, 17 ноября 2019 г.

Ապրած կյանքի համը


Երկու լուսատու կանթեղները քամու հոսանքից փարվեցին իրար, քարանձավի լուսավորությունն ուժեղացնելով ։
-       Ահա՛, տեսնու՞մ ես,  կրակն էլ  սիրել գիտի,- նկատեց  Կիմը, գրկելով Լիզային,- Մի մերժիր ինձ խնդրում եմ։ Ես և դու, ուրիշ ոչ ոք։ Արի շշնջանք մինչև լույս,- Կիմի շշնջոցը արձագանքեց Լիզայի  հոգում և  տուրք տվեց կանացի թուլությանը։
-       Դու  սիրու՞մ ես երազանքն իրականություն դարձնել, թե  գերադասում ես սպասել ճակատագրի հայտնվելուն,- հազիվ լսելի շշնջաց Լիզան, շուրթերը հպելով Կիմի ականջին։
-       Երազանքն իրականություն դարձնելը կամք է՝ աշխատանք, իսկ ճակատագիրը կարող է հայտնվել միայն այնտեղ, որտեղ կրակում են զենքերը, կամ ավելի վատ դեպքերում․․․ Ասենք՝ մարդը հրաշքով փրկվում է խեղդվելուց և այլն․․․ համաձայն չե՞ս,- պատասխանեց Կիմը, պառկելով իր ձեռքով պատրաստած խսիրե անկողնուն․․․։
-       Դու  դատում ես ծեր փիլիսոփայի պես, թեկուզ ինձանից էլ փոքր ես,- զուսպ ծիծաղով նկատեց Լիզան և խսիրե անկողնուց սահեց դուրս,- Երկար մնացի,- նա նայեց դեպի քարանձավի ելքը,- Կապույտը ծիկրակում է, մի՞թե ողջ գիշեր այստեղ ենք անցկացրել։
-       Երևի, քանի որ սիրո կրակն էլ է վաղուց մարել,- քրթմնջաց Կիմը, և լուսաբացի քաղցր քունը ծանրացած իջավ նրա կոպերին։
Կապույտը դեռ խառնված էր մթան շղարշով։ Լիզան հևալով ներս ընկավ, մտավ ննջարան, ընկավ անկողնուն։ Նա երկար րոպեներ հայացքը հառել էր առաստաղին, իսկ աչքերը հակառակ հոգնածությանը, փայլում էին։  Նա անդադար շշնջում  էր, իսկ աչքերը փակվում էին գիշերվա անքնությունը պարպելու  ցանկությունից։

Օրերի հետ Լիզան չէր կարողանում մոռանալ քարանձավի գիշերը և անզոր էր դիմակայելու սրտում արթնացած անծանոթ թրթիռին։  Նա այլևս մենակություն չէր փնտրում,  ինչպես առաջներում, պարզապես անհասկանալի մի ցանկություն նրան ձգում էր գյուղից դուրս՝ քարափի գլխին, որտեղ մենության մեջ խորհում էր դարերից եկող վանքը։ Այդ օրն ավելի վաղ, քան նախորդ անգամ, նա հայտնվեց այնտեղ։ Ոչ ոք չկար։ Մենակությունից, հակառակ սպասածի թեթևություն զգաց, մոտեցավ, նայեց դռան ճեղքից։ Ներսում մութ էր ու լքված։ Նա ներս սողաց և կարծես վանքի լքվածությունը սփոփելու համար, վառեց իր հետ բերած մոմերը։ Վանքը աղոտ լուսավորվեց, Լիզան նայեց շուրջը, կարծես համոզվելու, որ մենակ է՝ սկսեց աղոթել։
-       Ես այստեղ եմ,- լսվեց մուտքի մոտից։
Լիզան երկյուղեց, բայց ետ չնայեց,- Դարձյալ դու և դարձյալ իմ աղոթքը կիսատ մնաց,- քրթմնջաց նա դժգոհած, որքան էլ սրտի խորքում նրան սպասեր։
-       Ուրախ չե՞ս ինձ տեսնելու,- ինքնավստահ հարցրեց Կիմը։
-       Իսկ ի՞նչ կա ուրախանալու,  քո պատճառով նորից իմ միտքը կիսատ մնաց։
-       Ուզում ես ասել՝ աղոթե՞լ գիտես։
-       Այո, ի՞նչ կա զարմանալու։
-       Իսկապես չէի ուզում խանգարել։ Ներիր այլևս չեմ անի,- ասաց նա և սկսեց անզուսպ քրքջալ,- Դու նաև աղոթե՞լ գիտես։
-       Իսկ ինչու՞ է քեզ թվում, միայն դու ես ամենակարողը։
-       Դե լա՜վ կատակում եմ,- ծոր տվեց Կիմը, լրջանալով- Ուզու՞մ ես, արի միասին աղոթենք,- նա բռնեց  Լիզայի ձեռքից և ծունկի իջավ։ Կամա թե ակամա, նրա հետևեց Լիզան,- Հայր մեր․․․,- մրմնջաց Կիմը, այնուհետև շարունակեց միայն շուրթերի շարժումով, իսկ Լիզան լուռ նայում էր առաստաղին, կարծես փնտրելով քիչ առաջ կիսատ մնացած աղոթքի շարունակությունը։  Նա չէր աղոթում։

Комментариев нет:

Отправить комментарий