суббота, 11 декабря 2021 г.

             

                                               ԼՈՒՏԻՆԱՆ


Այն, ինչը կատարյալ էր տվյալ ժամանակի համար, թերևս սև ուժերի թողած հետքն էր, որը գագաթնակետին էր հասցվել մարդու միջոցով։

Դեպի Արևի լեռը տանող ճամփին ճամփորդները ականատեսն էին լերկ ժայռերի անվերջանալի շարքին, քարաքոսներով պատած կիսաանապատի անջրտի համայնապատկերին, որտեղ կարելի էր հանդիպել ամենազարհուրելի տեսարանների։

- Նայեցե՛ք այն կողմ, կրա՛կ է,- հանկարծ գոչեց Էմմին, ցույց տալով լեռան հետևից երևացող կրակը։

- Այո՛, կրակ է և ընդամենը,- հանգիստ ասաց ծերունին,- Մեր ժամանակներում նման երևույթը չպետք է զարմացնի։

Շուտով չորս ճամփորդները հասան սարի գագթին, այնտեղից նրանց համար ավելի վատ տեսարան բացվեց, քան սպասելի էր․

- Կարծես Ֆլամեն խելագարվել է, ամենուր նա է,- մտահոգ մտմտաց ծերունին, հայացքը հառած թռչող կրակներին, որոնք մոխրի վերածելով թուփ ու քարաքոս նորից վեր էին բարձրանում,- Եվ այստեղ միայն Ֆլամեն չէ, տեսե՛ք, այնտեղ մարդիկ են երևում,- ձեռքով նա ցույց տվեց սարի ստորոտը,- Նրանք մերկ են ու ցնորված՝ սեփական ստեղծածից հա՛ փախչում են ու փախչում։ Թերևս սեփական հետքերից ու՞ր կարող է փախչել մարդը,- նկատեց ծերունին, ապա անզորությունից թափահարեց ձեռքը,- Մեր դիտելը նրանց ոչնչով չի օգնի, ավելի լավ է ժամանակ չկորցնենք։

- Իսկ իմ կուբի՞կը,- ողջ քայլելու ընթացքում առաջին անգամ խոսեց տղան,- Հաջորդ կուբիկը չի՞ կարող օգնել նրանց։

- Ասում ես հաջորդ կուբի՞կը,- ծերունին խորը հոգոց հանեց,- Հաջորդի համար ժամանակ է պետք և այն երկար կտևի։

Օդում երևացին թռչող մողեսները, որոնք չափսերով ավելի փոքր էին, քան Կուբիկ-Վանդևի բանակի մողեսները։

- Նրանք մեր կողմն են գալի՛ս, պետք է թաքնվե՛լ,- համարյա ճչաց աղջիկը և Վագին քաշեց դեպի իրեն։

- Այո՛, սրանք մեծ մողեսների ձագերն են և արդեն որսի են դուրս եկել,- անհանգստացավ Գրինյուսը։

- Օգնեցե՜ք,- հեռվից լսվող կանացի ձայնը նրանց շեղեց մողեսներից և մոռանալ թաքնվելու մասին, ուստի նրանք շուռ եկան սարի մյուս երեսը, որտեղից հավանաբար լսվում էր կանացի ձայնը։ Չորս ճամփորդների առջև բացվեց նոր տեսարան, որտեղ այլակերպված մարդը հոշոտում էր նմանակին, իսկ օգնություն աղերսող կինը նրանց մեջ դես ու դեն էր նետվում, փրկվելու։ Լարելով վերջին ուժերը, նա հարձակվող տղամարդուն ետ հրեց և սկսեց վազել օգնություն կանչելով։

- Եթե նա մեր ուղղությամբ վազեր,- ափսոսանքով նկատեց աղջիկը։

- Ես առաջ կգնամ, գուցե նա ինձ նկատի՞,- ասաց պատանին։

- Հարկ չկա անմիտ զոհողության,- առարկեց ծերունին,- Ես կարող եմ փրկել նրան, բայց եթե հնարավոր լիներ համոզվել՝ այդ կինն էլ  նրանց նման մարդու արյան համը չի առել,- խոսեց ծերունին։

- Կարող ենք փորձել, եթե այդպիսին կլինի, կարող ենք թողնել նրան,- առաջարկեց աղջիկը։

- Դա այնքան էլ հեշտ տարբերակ չէ՛։ Նրանք կպչուն են, բայց փորձե՛նք,- Գրինյուսի լիանայի ճյուղերը հասան վազող կնոջը, փաթաթվելով նրան, նա հայտնվեց ճամփորդների մոտ։

Կինը դեռ ուշքի չէր եկել կատարվածից, երբ նրանք սարսափով տեսան, թե ինչպես միմյանց հոշոտողների վրա հարձակվեցին մողեսները՝ նրանք կտուցի ուժգին հարվածով գետին էին տապալում զոհին, իսկ ընկածին վայրկյանների ընթացքում հոշոտում։ Մարդկային մնացուկները ավարտին էին հասցնում դեռ ողջ մնացած դժբախտները։ Ավելի ճարպիկները սկսեցին փախչել մողեսներից։ Նրանք ակամա վազում էին դեպի ճամփորդների կողմը։

- Հապաղելը վտանգավոր է՝ շարժվեցի՛նք,- հրահանգեց Գրինյուսը,- Ետ չնայե՛լ։

Նրանք երկար քայլեցին առանց դադարի և թվում էր բոլորը մոռացել են մերկ ու ցեխակոլոլ կնոջը։ Շուտով նրանք կանգ առան քարանձավի դիմաց․

- Այստեղ կարճ դադար կառնե՛նք,- ասաց Գրինյուսը և առաջինը ոտք դրեց քարանձավ,- Անթափանց մութ է, բայց այլընտրանք չունենք, հետևե՛ք ինձ,- բոլորը ենթարկվեցին նրան,- Իսկ այժմ վառե՛ք սրտիկները,- քարանձավը լուսավորվեց երկնագույն աղոտ լույսով։ Նրանք լույսի տակ ուշադիր նայեցին ցեխից ու քերծվածքներից կոշտացած մաշկով կնոջը։ Նրա աչքերում քարացած սարսափին խառնվել էր ամոթը և նա կուչ էր եկել, հենվելով պատին,- Դու մեղավոր չես, քեզ մի տանջի՛ր,- ասաց ծերունին,- Ահա՛, ծածկվի՛ր սրանով,- նա կնոջը մեկնեց մեծ ու փափուկ մի տերև, որով կինը փաթաթվեց, սակայն ավելի կուչ եկավ։

- Անունս  Էմմի՛ է,- առաջ եկավ աղջիկը, ձեռքը մեկնելով նրան, կարծես ոգևորելու։

- Ես Լուտիննա եմ,- անհամարձակ պատասխանեց կինը, սկսեց լաց լինել։

- Մի՛ հուսահատվիր աղջիկս, նեղանալու բան չկա։ Եթե մենք քեզ մի պահ անտեսեցինք, ապա միայն համոզվելու, որ դու նրանցից չես։ Դուք բոլորդ ինձ համար հավասար եք, անգամ այն դժբախտները և պատկանում եք ձեր ժամանակին և ձեզ մնում է միայն դիմակայել ուժգնացող առհավիրքին, մինչև․․․,- ծերունին մի պահ լռեց, խորը հոգոց հանեց, շարունակեց,- Գուցե այս մոլորակը, որը մարդ արարածին ընդունել ու գուրգուրել է, որպես իր զավակը՝ կործանվի հենց մարդու ձեռքով, իսկ երախտամոռ մարդը չհագենալով չարագործություններից սկսի մտածել այլ մոլորակների գաղութացման մասին, սակայն հույս ունենանք, որ այդ մտածողները կզրկվեն գործելու հնարավորությունից։ Գուցե մահը հնարելու պատճառներից մեկն էլ դա՞ է՝ կանխել մարդու անսահման միտքը իրականություն դարձնելու,- ծերունին լռեց, տեղից վեր կացավ,- Շատ խոսեցի, իսկ հիմա առա՛ջ, շուտով նրանք կհասնեն մեզ։

- Այո՛, մարդակերները այնքան էլ հեռու չեն,- միջամտեց պատանին։

- Եվ ո՛չ միայն նրանք, մի մոռացե՛ք գլխավորին՝ մի ողջ բանակ է հետևում մեզ։ Դու միանու՞մ ես մեզ,- Գրինյուսը դիմեց կնոջը, նա երկյուղած նայեց մյուս ճամփորդներին և մի քայլ առաջ եկավ,- Ուրեմն շարժվեցի՛նք,- հրահանգեց ծերունին և ինչպես միշտ, քայլեց առջևից։ Չորս ճամփորդները դարձած հինգը, շարունակեցին ճանապարհը դեպի Արևի լեռը, երբ օրն արդեն անձնատուր էր եղել։

- Ջու՜ր,- ծարավից թուլացած, հազիվ արտաբերեց Լուտինան։

- Ջու՞ր,- ծերունին հարցական նայեց նրան,- Ահա՛ քեզ ջուր,- եվ բաց թողեց ջրի մի բարակ շիթ։ Լուտինան ավելի շատ լվացվեց, քան խմեց։

Կես գիշեր էր, երբ նրանց միացան Արեգանին և Դավիդը։

- Դանդաղ եք առաջ շարժվում,- ապա ուշադիր նայեց Լուտինային,- Ո՞վ է այս կինը։

- Նրան հալածում էին դիվահար- մարդակերները և մենք ստիպված էինք վերցնել մեզ հետ,- կարծես Գրինյուսը փորձեց արդարացնել կնոջ ներկայությունը։ Արեգանին նորից նայեց կնոջը, իսկ նա ավելի կուչ եկավ։

- Իսկ հիմա ինձ լսե՛ք,- ճամփորդները զգաստացան,- Երկար բացատրել չեմ կարող՝ մեզ հետևում է եռագլուխ վիշապը իր բանակով։ Նա գալիս է տղայի հետևից։

- Ո՞վ է եռագլուխ վիշապը, նա որտեղի՞ց բուսնեց,- զարմացան ճամփորդները։

- Ասացի ժամանակ չկա՝ ինքներդ կհասկանաք նրա ով լինելը, երբ հանդիպեք։

- Մինչ արևածագ դեռ ժամանակ կա՝ կհասցնե՛նք,- հուսադրեց Գրինյուսը։

- Կասկածում եմ։ Այս անգամ նրանց ուժերը եռապատկվել է և մեզ համար այնքան էլ հեշտ չի լինելու տիրանալ ոսկյա շիվին։

- Այո՜,- ծոր տվեց ծերունին, նայելով ժպտացող լիալուսնին,- Նա հաղթական տեսք ունի․․․

- Ես տղային կհասցնեմ Արևի լեռը,- ասաց Արեգանին,- Իսկ դուք, կարծում եմ, ժամանակին մեզ օգնության կհասնեք,- Արեգանին գրկեց տղային և վեր սլացավ։



            

Комментариев нет:

Отправить комментарий