среда, 29 декабря 2021 г.


                                                    ԴԵՊԻ ԱՆԱՐԱՏ ՀՈՂԸ

Ավրորիտը մտավ ամրոց, բոլորը հետևեցին նրան։ Ամենավերջինը ներս մտավ Լուտինան։ Որոշ ժամանակ անց, նորից բացվեց Հավերժության ամրոցի դուռը՝ առաջինը դուրս եկավ Ավրորիտը, այնուհետև մյուսները։ Նորիրց վերջինը դուրս եկավ Լուտինան՝ մաքուր հագնված և բավականին հաճելի տեսքով։ Վագը նրա հետ էր՝ ձեռքին բռնած շողացող տուփը։ Խումբը երկար քայլեց, մինչև հասավ Սև այգու սահմանը։ Արեգանին, Ավրորիտը և Դավիդը վեր սլացան, մի քանի շրջան անելով, նորից ետ եկան․

- Մենք ուսումնասիրեցի՛նք սահմանը,- սկսեց Ավրորիտը,- Չնայած Ֆլամեի հետքն այնտեղ բացակայում է, բայց այնտեղ էլ մարդաշատ է և հազիվ թե մեր ներկայությունը աննկատ մնա։

- ԵՎս մեկ նշանակալից նորություն,- միջամտեց Արեգանին, բոլորը ուշադիր նայեցին նրան,- Այնտեղ տեսա՛նք, ժայռին գամված Լիվանին։

- Իսկ մյուսնե՞րը,- հետաքրքրվեց Գրինյուսը, չթաքցնելով ուրախությունը։

- Որքան հասկացա՛, նրանք գերված են Սև տիրակալի կողմից,- բացատրեց Արեգանին։

- Ի՞նչ էլ պատահած լինի նրանց, կարծում եմ Սև այգու սահմանը լի է խորթուբորդերով, կտրուկ իջվածքներով, անդնդախոր կիրճերով։ Նման տեղերում մեզ համար այնքան էլ դժվար չի լինի գտնե՛լ մի գաղտնի անկյուն և կյանքի կոչել շիվը,- խոսեց Գրինյուսը, հենված ձեռքի գավազանին։

- Ուրեմն առա՛ջ,- հրամայեց Ավրորոիտը,- Իմացած եղե՛ք, եթե մեզ նկատեն՝ պատրա՛ստ ենք մարտի,- խոսքն ավարտելով, Ավրորիտը ուզեց վեր սլանալ, երբ նրան միացան երկու ընկերները։ Տեղ հասավ նաև Գրինյուսը մյուսների հետ։ Նրանց միացան Արևի որդին, Հավերժության ամրոցի տիրակալը և Դավիդը։

- Հիշե՛ք,- սկսեց Արեգանին,- Սա՛ կենաց կռիվ է և ո՛չ մահու և միակ հնարավորությունը հաղթելու՛։ Երբե՛ք չմտածե՛ք պարտվելու մասին։ Մեր ենթագիտակցությունը պե՛տք է աշխատի՛ միայն հաղթելու ուղղությամբ և այնտե՛ղ՝ ձեր մեջ, դուք պե՛տք է կարողանա՛ք շոշափե՛լ հաղթանակը։ Միայն ա՛յդ դեպքում մե՛նք կհաղթե՛նք երկու ուժերին։

- Ուրեմն քայլեցի՛նք,- վրա բերեց Ավրորիտը և առաջ ընկավ։ Էմմին ու պատանին զարմանքով իրար նայեցին, երբ իրենց ընկերները ոչ թե վեր սլացան, այլ պետք է քայլեին խմբի հետ։

Երկար ժամանակ պահանջվեց, մինչև խումբը աննկատ, սողեսող հատեց բարձունքը և հասավ ստորոտին, որին հաջորդում էր խորը կիրճը։ Տեսնելով, բոլորը մնացին շվարած։

- Գտա՜,- հանկարծ գոչեց ծերունին և երկարացրեց լիանայի ճյուղերը, կամուրջ կապելով անդունդի վրա։ Երբ բոլորը բարեհաջող անցան, ամենա վերջինը անդունդը հատեց Գրինյուսը, Վագին գրկած։

Խմբի կանգնած տեղից պարզ երևում էր Լիվանի դեմքը։

- Մենք շատ մոտիկ ենք նրանց, զգույշ եղե՛ք,- հրահանգեց Ավրորիտը։

- Ես առաջ կգնա՛մ, իսկ դու՝ Գրինյու՛ս հետևի՛ր ինձ։ Առաջին հարմար պահին տղային ինձ մոտ բե՛ր տուփի հետ,- հարտարարեց Արեգանին։

- Ո՛չ Արեգանի՛, սա իմ խնդիրն է,- նրա ճամփան կտրեց Ավրորիտը։

- Դու Արևի որդին ես՝ ապագան է քեզ պատկանու՛մ, իսկ մերը ներկան է և մենք պե՛տք է պայքարե՛նք չարի դեմ, մինչև՛ լիարժեք հաղթանակ,- առաջ եկավ Դավիդը, այսպես խոսելով։

- Արևի որդին ոչ մի ժամանակի չի՛ պատկանում, ինչպես մայր արևը,- պատասխանեց Ավրորիտը։

- Մե՛նք միասի՛ն ենք,- գոչեցին բոլորը։

- Օգնեցե՜ք,- հանկարծ լսվեց հեռվից։ Բոլորը նայեցին ձայնի կողմը՝ Լիվանն էր։

Զգուշության համար, նրանք շրջանցեցին բարձունքը և հայտնվեցին ժայռի հետևում, որին գամված էր Լիվանը։

- Դու ու՞մ ես օգնության կանչում,- գլուխը ժայռի հետևից հանելով, հարցրեց Արեգանին։

- Նրանք այստե՛ղ են, օգնեցե՛ք,- առանց պատասխանելու, շարունակեց մի աչքանին։

- Կարո՞ղ ես չբղավել,- նրա դիմաց դուրս եկավ Արեգանին։

- Նրանք ինձ դավաճանեցի՛ն,- նկատելի խեղճացավ նա։

- Սակայն նորից քո հույսը նրանք են։ Նրանց ես օգնության կանչում։

- Իսկ դուք ինձ կազատեի՞ք, եթե ձեզ դիմեի։ Խնդրում եմ, ազատե՛ք ինձ այստեղից։ Խոստանում եմ վրեժ լուծե՛լ դավաճան Վանդևից։

- Այն մեր կողմից անմտություն կլինե՛ր,- առաջ գալով, ասաց Գրինյուսը, նայեց ներքև, տեսնելով մոտեցող Ռոբենին, խաղաղ ձայնով դիմեց Լիվանին,- Ազատության դիմաց, պետք է մեր պայմանը կատարե՛ս, իսկ հետո՛․․․

- Ի՞նչ պայմանի մասին է խոսքը,- զարմանքի հետ մեկտեղ հույսով լցվեց հռետորը։

- Ահա՛ գալի՛ս է մեր պայմանի նախաբանը,- նկատեց Արեգանին, Լիվանը զարմացած նայեց նրան,- Այո՛, այո՛ լուսնի զավակ՝ առաջին պայմանով, մեզ չես մատնում, ինչ էլ որ լինի,- նա արագ ավարտեց խոսքը և ընկերների հետ քաշվեցին ժայռի հետևը։

- Երևում է շատ ես ձանձրանում, ձայնդ գլուխդ ես գցե՛լ,- չարախնդաց դրոշակակիրը,- Ուզու՞մ ես մի քիչ զվարճանալ,- մահակը ձեռքի մեջ խաղացնելով շարունակեց հեգնել նա։

- Ո՛չ, ես չեմ ձանձրանում,- միակ աչքը մահակին սևեռած, վախվորած պատասխանեց նա։

- Ուրեմն մնա՛ գամված, ինչպես հրամայված է,- ասաց դրոշակակիրը և ուղղվեց դեպի աշխատողները,- Արա՛գ աշխատե՛ք, եթե չե՛ք ուզում, որպեսզի ձեր վիճակը ավելի վատանա,- Ռոբենը նման կերպ տարված էր փառասիրությամբ։ Նա աշխատում էր ամեն գնով աչքի ընկնել Սև տիրակալի մոտ, իսկ Լիվանը գամված ժայռին սարսափով հետևում էր նրան և բոլորին։

պահից օգտվելով, Արևի որդին և հավերժության ամրոցի տիրակալը  Դավիդի հետ աննկատ հայտնվեցին հեռվից նշմարվող մի կտոր սևահողի մոտ, միաժամանակ նրանց ոտքերի տակ հայտնվեց լիանայի ճյուղը, նկատելով այն, Արեգանին սեղմեց ոտքով և նրանց մոտ հայտնվեց ծերունին տղայի հետ։

- Վա՛գ, շտապի՛ր հողը ձեռքերով փորե՛լ,- հրամայեց Ավրորիտը։ Տղան զարմացած նայեց նրան,- Այո՛, այո՛, զարմանալը վաղուց նորաձև չէ՝ սկսի՛ր․․․

  

Комментариев нет:

Отправить комментарий