среда, 22 декабря 2021 г.

 

                                ՇՈՂԱՑՈՂ ՏՈՒՓԻ ՀԱՐՎԱԾԸ  

 

Վանդևը նորից մարտի մեջ մտավ՝ Արեգանին նկատելով սլացավ ուղիղ նրա վրա, իսկ Ավրորիտը, որ գնում էր Լիվանի կողմը, Ագռավամարդը կողմնորոշվելով անցավ նրա առջևից, պաշտպանելու առաջնորդին՝ Ավրորիտը ստիպված էր ետ դառնալ։

Օրը կիսվել էր, մարտը դեռ շարունակվում էր, երբ ուղիղ երկնքի մեջտեղից, այսինքն արևի շեղքի հետ մի սուր կախվեց․

- Արեգանի՛, հզոր սու՛րը, վերցրո՛ւ այն,- հուշեց Դավիդը, առաջինը նկատելով սուրը։ Ագռավամարդը շտապեց առաջինը տիրանալու սրին, բայց լիանայի ճյուղերը փաթաթվելով նրա ոտքերին, ետ քաշեցին։ Սուրը անցավ Արեգանիի ձեռքը։

Երբ թվում էր թե երկու ուժերի բախումը նոր թափ ստացավ, անսպասելի մողեսների բանակը անհետացավ մարտի դաշտից։

- Զգուշացե՛ք, նրանք հենց այնպես չանհետացան,- նկատեց Արեգանին և անցավ հարձակման, սրի ուժգին հարվածով վնասելով Վանդև-Կուբիկի անկյուններից մեկը։ 

Մոտիկից լսվեց ֆշշոց ու սվվոց։ Մի ակնթարթ բոլորը ետ նայեցին՝ անհետացած մողեսների բանակը, շարքերը համալրած անցել էր նոր հարձակման։

- Արեգանի՛, Դավի՛դ, մինչև նրանք կհասնեն, պահե՛ք Վանդևին,- հրահանգեց Ավրորիտը և այնքան վեր սլացավ, մինչև վերածվեց սպիտակ կետի։ Նա այնտեղից սրընթաց իջավ, շողացող տուփով շեշտակի հարվածեց  Լիվանի գավազանին՝ հարվածից շուրջը անսովոր լուսավորվեց, իսկ սև գավազանը փոքրանալով, վերածվեց ոսկյա փոքրիկ շիվի։ Այն Լիվանի ձեռքից պլստաց, անցավ, կանգնեց շողացող տուփի մեջ, իսկ Լիվանը բղավոցով գահավիժեց և հայտնվեց մեր մյուս հերոսների ոտքերի առաջ։

Վանդև-Կուբիկը չհասկանալով կատարվածը, անկախ իր կամքից նույնպես սկսեց ցած իջնել։ Որքան էլ փորձում էր վեր բարձրանալ, բայց ի վերջո հայտնվեց  ժայռի վրա, հոլի պես պտտվելով վերստացավ Վանդև- մարդու կերպարը և կաղալով շտապեց թաքնվել․․․

Երկու առաջնորդների անկումից հետո, թռչող մողեսները իջան գետնին, վերածվելով սովորական մողեսների, սկսեցին կորչել քարերի արանքներում, իսկ ագռավները շարունակեցին թռչել այնքան, մինչև անհետացան հեռու հորիզոնում։

Շողացող տուփը ձեռքին դեռ սավառնում էր Ավրորիտը, իսկ Արեգանին ու Դավիդը իջան, միանալով ընկերներին։ Երբ երկինքը մաքրվեց սև բանակից, նրանց միացավ նաև Արևի որդին։

- Ամեն ինչ նու՛յնն է, կարծես չարը ժամանակավոր դադար առավ,- ասաց պատանին, տխուր նայելով Ֆլամեի համատարած թողած հետքին։

- Ճիշտ նկատեցի՛ր,- պատասխանեց Ավրորիտը, ապա տուփը ոսկյա շիվի հետ մեկնեց Վագին,- Ահա՛ վերցրու՛ այն՝ քեզանով է չարն արթնացե՛լ, քեզանով էլ պետք է մեռնի՛։

- Իսկ ես ի՞նչ պետք է անեմ, չէ՞ որ արեցի՛,- շփոթված ուսերը թոթովեց տղան, կլանված նայելով շողացող տուփին։

- Պե՛տք է շիվը հողի մեջ դնե՛ս, որպես ապագայի ծառ, բայց այն կգործի՛, երբ ոսկյա գույնը փոխվի՛ կանաչ գույնի։ Միայն այդ դեպքում լեռնային կղզում չարը կմեռնի՛,- բացատրեց Ավրորիտը և վեր սլացավ։ Արեգանին հայացքով հետևեց նրա, հետո ասաց․

- Պետք է քաղաք իջնե՛լ,- Հավերժության ամրոցի տիրակալը չհետևեց Արևի որդուն, այլ քայլեց խմբի առջևից։

- Ինձ այստեղ մի՛ թողեք- նրանց հետևից ձայն տվեց Լիվանը, շտապելով ոտքի կանգնեց և թափ տվեց փոշեկոլոլ վերարկուն։ Ոչ ոք ետ չնայեց։ Նա երկա՜ր մնաց կանգնած, նայելով հեռացողների հետևից, այնուհետև քայլեց լեռնային կածանով։ Անսպասելի նրա դեմ դուրս եկավ Կուբիկ- Վանդևը կաղալով․

- Այդ ու՞ր ես փախչում թուլամորթ հռետոր, մի՞թե ընդունում ես պարտությունդ,- կշտամբելով, Վանդևը կանգնեց նրա դիմաց։

- Իսկ դու ինչու՞ ես կաղում,- շինծու զարմանքով հարցրեց Լիվանը։

- Հեգնու՞մ ես։

- Ո՛չ, պարզապես հարցնու՛մ եմ։

- Մի՞թե չես կռահում, ինչու՞ եմ կաղում, մի՞թե մոռացար մինչ այս պահը ու՞ր էինք և ի՞նչ էինք անում,- հեգնեց Վանդևը։

- Այո՜, կարծում եմ այլ կերպ չէր էլ կարող լինել մեր վիճակը,- մտահոգ ծոր տվեց Լիվանը։

- Եվ ինչու՞ ես այդպես կարծում,- շարունակեց հեգնել համախոհը։

- Որովհետև մենք առհամարեցի՛նք մեր հիմնական ուժին։

- Եվ ո՞ր է այդ ուժը, գոնե հիշու՞մ ես․․․

- Ժողովու՛րդը, որից երես թեքեցի՛նք մեր աստեղային ժամին, վերածելով նրան ամբոխի, ուղարկեցինք բորենիների երախը։

- Հիմա ի՞նչ ես մտադիր անելու, մի՞թե գնալու ես դեպի այդ դավաճանված ժողովուրդը, որից, երևի բորենիների ողորմածությամբ հաշվածներ են մնացել,- նորից հեգնեց Վանդևը, այս անգամ չթաքցնելով քմծիծաղը։

- Այո՛ գնալու եմ։ Մի՛ մոռացիր իմ հռետորական ուժը, և քանի դեռ ոսկյա շիվը չի՛ փոխվել կանաչ գույնի, կարո՛ղ եմ ետ բերել իմ իշխանությունը․․․

- Քո՞,- զսպված կատաղությունից Վանդևը գունատվեց,- Եվ ինչպե՞ս, համոզված եմ՝ շիվը արդեն անցել է տղայի ձեռքը։

- Ետ կբերե՛մ իմ կորցրած ժողովրդին։

- Իսկ հավատը՞․․․

- Այդ մեկը չգիտե՛մ՝ դժվար է։ Գիտե՞ս կոլեգա՛, կաշխատեմ քեզ կորցնել իմ ճամփից և այսուհետ ո՛չ մի խնդիր քեզ հետ չե՛մ քննարկի,- պատասխանեց Լիվանը, շարունակեց քայլել։

- Սպասի՛ր կոլե՛գա, ինձ մի՛ լքիր։ Մի՛ մոռացի՛ր, ես եմ քեզ կյանք տվե՛լ,- ձայն տվեց Վանդև-Կուբիկը, աշխատելով ետ չմնալ մի աչքանի հռետորից․․․

Комментариев нет:

Отправить комментарий