четверг, 23 декабря 2021 г.

             

                                                           ՆԱՀԱՆՋ


Սև այգու երկնքում աննկատ սկսեց մարել կիսալուսինը։

- Ի՞նչ է կատարվում, տեսե՛ք, կիսալուսինն անհետանու՛մ է,- լուսնին նայելով խուճապի մատնվեց Մեծ բորենին։ Տեսնելով, ոհմակը սկսեց փախչել դեպի լեռները, այնուհետև մարդանալով, հնազանդ մոտենում էին սպիտակ տանը, որտեղից Սև այգու տիրակալը բաց պատշգամբից հետևում էր նահանջող ոհմակին,- Ջավա՛,- ծերունու կանչին երևաց սևեր հագած, դեմքը սևով ծածկած կինը, լուռ խոնարհվեց,- Ինձ տու՛ր բրոնզե զրահը և զենքը,- նույնկերպ խոնարհվելով կինը ետ գնաց և քիչ հետո երևաց զենք ու զրահի հետ,- Օգնի՛ր,- նկատելի վրդոհված ասաց ծերունին և կինը լուռ ենթարկվեց հրամանին, օգնելով ծերունուն հագնել զենքն ու զրահը։

Սև այգու տիրակալը հայտնվեց ժայռին, նորից մի պահ հետևեց թե ինչպե՞ս են բորենիները մարդանալով, մոտենում սպիտակ տանը։

- Սա պարտությու՞ն է, թե հիասթափություն,- խոսեց նա, բորենիները տեղներում քարացան,- Շո՛ւտ եք անձնատուր լինում,- շարունակեց նա,- ՈՒ՞մ եք թողնում ձեր պայքարի արդյունքը։Դու՛, Մեծ բորենի, մի՞թե դատարկություն է քո փայլող մորթու տակ կամ Էլշա՛ր, Արի՛ֆ, որ միշտ խելացի և ուժեղ եք ձևանո՛ւմ, ու՞ր մնաց ձեր քաջությունը՝ Ասլա՛ն, Ռաֆի՛կ և մյուսնե՛ր ու՞մ եք թողնում տարիներ առաջ ձեր նախնիների կողմից զավթած այս կանաչ անկյունը,- ծերունին մի պահ լռեց, ապա շուրջը նայեց,- որտե՞ղ է Մուրադը, ես նրան չե՛մ տեսնում։

- Կռվի թեժ պահին մենք նրան կորցրեցինք, ինչպես և շատերին,- պատասխանեց Մեծ բորենին։

- Եթե չկա՛ն ձեզանից ոմանք, դա դեռ ոչինչ չի՛ նշանակում,- ըմբոստացավ ծերունին,- Դու՛ք՝ իննը քաջերդ իմ հետևի՛ց։

- Տիրակա՛լ, դեպի վեր նայե՛ք, մեզ լքում է կիսալուսինը,- առաջ գալով, կիսախոնարհվեց Մեծ բորենին։

- Ո՛չ, այդ դուք եք նրան լքու՛մ, իսկ հիմա ի զե՛ն։ Դարձե՛ք արյունռուշտ և սլացե՛ք մարտի դաշտ։ Ջավա՛,- ծերունին նայեց մեծ դռանը։ Երևաց սևեր հագած կինը, լուռ գլուխ տվեց,- Տու՛ր նրանց քաջության սպեղանին,- հրամայեց սև տիրակալը և քայլեց նեղ միջանցքով։ Երիտասարդները ստանալով սպիտակ փոշին, կերպարանափոխվում էին բորենու և սլանում ծերունու հետևից․․․



Комментариев нет:

Отправить комментарий