вторник, 10 июля 2012 г.

Հայոց դժոխք


Ասում են թե,կամք չունի ժողովուրդը` իմ մասնատված,
Ժողովուրդն իմ կամազրկված` կամքի համար թանկ վճարած,
Որ էջում է գրված մնում, թե ազատ է ժողովուրդը իր կամքի մեջ:
Ո'չ,  ազա'տ չէ, այլ անտեր է ժողովուրդը այս կյանքի մեջ,
Այս ցերեկվա խավարի մեջ, մեր սեփական այս ջոջերի ցոփության մեջ,
Վերնահարկի տնտեսական տգիտության այս չափի մեջ,
Վերադասի շարասյան անհամության այս համի մեջ:
Ահա', ո'վ է, ժողովուրդն իմ կամազրկված, ո'չ իր կամքով, այլ զրկողի,
Եվ ցավն այն է, որ զրկողն էլ, զրկվողն էլ հայ են կոչվում:
Մեկն ուտելով հոռանում է և ամեն ցավ մոռանում է,
Մյուսը, միշտ մատակարար, հյուծվում դառնում է ուրվական,
Ու՞մ ձեռքով է և ու՞մ կամքով, որ գրվել է օրենքն այս խեղաթյուրող,
Խեղաթյուրող ու խոշտանգող` ավաղ զոռով իր գործն անող…
Ժողովուրդը միշտ անցածին է փառք տալիս, հույս է կապում ու համբերում:
Մեկը չկա խելքի բերի, համբերության զենքը խլի, կամքով զինի,
Կամքով զինի գեթ մեկ անգամ, չջլատի ու չխափի, իր պաշտոնում չվարանի,
Իր պետական նոր պաշտոնում անձնական ախորժակի մեծ համ չզգա,
Խավարից լույս նա բարձրանա, ժողովրդի այս դառնության համը զգա,
Թո'ղ մոռանա ազգի գլխին չարիք դարձած շահն անձնական…
Այդ շահեկան շահն անկոտրում` թող մի պահ էլ մնա անտեր,
Որ տեր կանգնի ժողովրդին` ցավից կծկված, ցավի կամքով կամազրկված,
Որ հետո էլ անմահանա, դառնա կուռքը ստվեր դարձած այս սերունդի…
Մեկ, մեկ էլ, երբ մեզ հիշում ենք ու դառնում ենք մեր հիմքերին,
Հիշում ենք մեր նախնիներին, որ շինեցին եկեղեցին,
Մի՞թե չկա ուրիշ մի բան, որ դեռ կոչվի հիմք հայության,
Որ մի քիչ էլ շահի պահի, այս կարիքի ծովը ցրի:
Մի՞թե այդքան մեծ է մեղքը մեր այրերի, որ չեն հիշում ուրիշ կառույց,
Թո'ղ լինի դա խաղապարտեզ, կամ էլ դպրոց, մանկապարտեզ…
Բնակարան շինելու տեղ կառուցում են բազում վանքեր,
Մի՞թե վանքի շինությունով կդարմանեն ցավը ազգի,
Գուցե վանքի շարասյունով, այս անհամար համալիրով
Աստծուն էլ են ուզում քծնել…
Կաշառել է ուզում նրան  վայ բարերարն ազգակործան,
Թե ուզում է թեթևանա, մեղքի բեռից ազատություն նա ստանա,
Լավ է մի նոր բնակարան նա կառուցի, թափառող ազգակցին պատսպարի:
Լավ է մեկին հացի, պահի,այն փոքրիկին նա տուն տանի,
Որ դողում է իր այն մտքից, թե անտուն է,
Եվ փողոցի նույն անկյունում նա մուրում է…
Թե չէ այս խեղճ հայաթափվող Հայաստանում,
Բազմաքանակ այս վանքերում,
Ո՞վ մոմ վառի, մատաղ անի`
Մեծ մեղքերը թոթափելու,
Թոթափելու', բայց ոչ երբե'ք իրեն վրա մեղք բարդելու…

Комментариев нет:

Отправить комментарий