суббота, 17 декабря 2022 г.

 

                                                                 Փրկություն

- Վերջապե՜ս հատեցի՛նք անապատը, ահա՛, պառկիր այստեղ, իսկ ես ջուր կփնտրեմ քեզ համար։ Միայն թե մութ է, չգիտեմ էլ թե ո՞ր կողմ գնամ,- նա ձեռքով տրորեց աչքերը, փորձելով զանազանել տեղանքը և նորից նստեց եղբոր կողքը,- Քեզ այստեղ թողնել չեմ կարող,- նա գլուխն առավ ձեռքերի մեջ և մի պահ այդպես մնաց,- Կփորձեմ քեզ էլ հետս քարշ տալ, իսկ հիմա վեր կաց,- նա նստած տեղից, եղբորն ուղղեց և առավ մեջքին, ոտքի կանգնեց, ,միաժամանակ ոտքերով տնտղելով գետինը, քայլեց։ Նրա ոտքերը դողում էին եղբոր ծանրությունից, սակայն աշխատում էր տուրք չտալ սովին ու ծարավին։ 

Կեսգիշերին երևաց լիալուսինը, նա իր բեռով փլվփց գետին,- Իսկ դու ասում էիր լուսինը բարի չէ՛, ահա՛, նայի՛ր, նա լուսավորեց գիշերը, որպեսզի մենք կարողանանք կողմնորոշվել։

- Ջու՜ր․․․

- Դու խոսեցի՛ր իմ հարազատ, ահա՛, տե՛ս լուսինն է, նա մեզ սիրում է, դուրս է եկել որպեսզի մեր ճամփան լուսավորի։ Վե՛ր կաց քայլենք, գուցե ջուրը մոտերքու՞մ է։

- Ջու՜ր․․․

- Դու զառանցում ես, իսկ ես՝ հիմարս, քեզ ոչնչով օգնել չեմ կարողանում։ Միայն թե բռնվիր ինձանից, խնդրում եմ- նա նորից շալակն առավ եղբորը և սկսեց մի կերպ առաջ գնալ,- Մենք կգնանք լուսնի ուղղությամբ, նա իսկապես բարի է, մայրիկը չէր կարող  խաբել։

- Մայրի՜կ, ջու՜ր․․․

- Դիմացի՛ր, կարծես թե խշշոց եմ լսում, գուցե ջու՞ր է,- դեռ խոսքը չավարտած, նա եղբոր հետ թմփացին հոսող ջրի մեջ,- Ջու՜ր է, ահա իմ սիրելի, փոքրիկ Արսեն, ահա՛ խմի՛ր, որքա՜ն սիրտդ կուզի,- Արսենը սթափվելով ոտքի կանգնեց և մնաց կանգնած։ Նա իր շուրջն էր նայում, սակայն չէր փորձում խմել,- Ի՞նչ եղավ քեզ, խմի՛ր, ջուր է, Արսե՛ն, խնդրում եմ ուշքի արի,- այդ ասելով, նա ուժգին ապտակեց եղբորը։

- Որտե՞ղ ենք մենք,- ձեռքով ցավացած այտը շոյելով, հարցրեց Արսենը։

- Անհայտությունում, որտեղ իշխում է լիալուսինը և այս խշացող ջուրը։ Որքան էլ զարմանալի է՝ մեր կյանքը կախված է այս ջրից և աղոտ լույսից,- Ահա՛, խմի՛ր,- նա երկու ափով ջուրը մոտեցրեց եղբոր շուրթերին։ Արսենը հանգիստ մի քանի կում արեց և փլվեց ջրի մեջ․․․





Комментариев нет:

Отправить комментарий