среда, 7 декабря 2022 г.

                                                                  ՄԵՆՔ


Միտքը չի մեռնում, այն վեր է ածվում զգացմունքի և քարշ է տալիս յուրաքանչյուրին իր հետևից։ հետևելով զգացմունքին, որին այնքան դժվար է գնհատել, իրականում մեռցնում է ներկան,քանի որ զգացածը ակամա միտքը կապում է կամ անցյալի կամ ապագայի հետ, համարյա մշտապես խլելով կամ շրջանցելով ներկան, որը ընթացքի մեջ է՝ այն կատարվող կյանքն է, որի վրա հիմնվում է անցյալը, իսկ անցյալը դառնում է անգո, ապագան էլ ո՞վ գիտե, գուցե մնա անիրականանալի ցանկությունների շղթայում։

Սա գեղարվեստական գործ չէ, այլ ապրած ու չապրած կյանքի սկիզբը, ընթացքը և երազած ապագան․․․

                                                          ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

- Այժմ, երբ մենք հասել ենք մոլորակի պռկին, հնարավո՞ր է նրա վրայից սայթակել ու գլորվել դեպի անհայտություն, որտես չկան երկրներ և չկան ուժեղ և թույլեր․․․

-Հավատս չի գալիս, որ մենք հասել ենք մոլորակի պռկին, բայց հասել ենք։

- Արի մի քիչ նստենք, ես հոգնել եմ անվերջ քայլելուց։

- Նստելու ժամանակը չէ, պետք է շարունակել քայլել։

- Բայց մոլորակը վերջացավ, տե՛ս, մենք մտանք անսահմանության մեջ։

- Մեր գտած անսահմանությունը ևս մոլորակն է, պարզապես այն դեղին գույն ունի։

- Ի՞նչ ես տեսնում այ այնտեղ։

- Կլոր գունդ։

- Լուսինն է։ Հիշու՞մ ես, մեր տնից երևում էր։

- Երազի պես եմ հիշում։ Օրեցօր հոգնածությունը լափում է իմ տաքուկ հիշողությունները։ Միայն հիշում եմ մայրիկին ու նրա պատրաստած համով ուտելիքները։

- Երևի շատ սոված ես, այլապես ուրիշ հիշողությունը կսղոցեր քո ուղեղը։

- Այո՛, ուտել եմ ուզում, բայց մեր ուտելիքից սիրտս խառնում է, այն կուլ տալ չեմ կարող։

- Արի քայլենք դեպի լուսինը, հիշու՞մ ես, երբ մայրիկը երեկոներին հեքիաթ էր պատմում, նրա հեքիաթներում լուսինը միշտ բարի էր։

- Այո, բայց միայն հեքիաթներում, ոչ իրականում։

- Դու հուսահատվում ես․․․

- Ո՛չ, ես տխրում եմ, իսկ լուսինը հեռանում է մեզանից։

- Կարո՞ղ ես երգել։

- Ինչի՞ մասին։

- Սիրո։

- Ո՛չ, այդ սերը չփրկեց նրանց, չեմ ուզում երգել դավաճանի մասին։

- Սերը մեղք չունի, մարդու սիրտը տեղ չտվեց նրան, նա էլ խռովեց ու մնաց փողոցում, իսկ թափառող առհավիրքը նրան սրբեց ու տարավ։

- Ես այդպես մտածել չեմ կարողանում, ես միայն տառապել գիտեմ և հիշել, իսկ այդ երկուսը վշտացնում են ինձ։ Ուզում եմ լաց լինել, բայց ծարավից արտասունքս էլ է չորացել։

- Վշտանալ պետք չէ։ Ես և դու այլևս ոչինչ չունենք բացի մեր կյանքից։ Երգիր խնդրում եմ առաջվա պես քո զիլ ու գեղեցիկ ձայնով, այն մայրիկին շատ էր դուր գալիս։

- Չե՛մ կարող, ես ուտել եմ ուզում ու ջուր․․․

- Ահա՛, վերցրու սա կեր։

- Չեմ ուզում, ես ախորժակ չունեմ այդ աղբի համար։

- Բայց մեր ունեցածը սա է, այն ժամանակակից կեր է։

- Ատում եմ ինձ բաժին հասած ժամանակն էլ, կերն էլ, ատում եմ իմ ժամանակի ամեն ինչը։

- Տեսնու՞մ ես, քո սիրտը սեր չունի, սերը խռովել է քեզանից։

- Ի՞նչ է սերը՝ անզոր սերը, երբ ամենուր հաղթում է ատելությունն ու ուժը՝ բիռտ ու սպանող, ավիրող ուժը։ Իմ ժամանակի սերը թուլամորթ է ու անպաշտպան․․․


                               շարունակելի


Комментариев нет:

Отправить комментарий