суббота, 10 декабря 2022 г.

                                                                    

                                                                            ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ


- Լուսինը մութ է, լուսինը անդուր է, նրա ժամանակ հաճախ մրսում եմ ու քնել եմ ուզում, ամեն անգամ երազելով լուսաբաց ու արևոտ օր․․․ Երբ ահա արև է, թեկուզ օրը սկսվել է և արևը շուտով օրը կես կդարձնի, նրանից ավելի եմ հոգնում ու թուլանում, կարծես նրա շողերը խժռում են իմ վերջին ուժերը, իսկ ասում են արևը կյանքի աղբյուրն է։

- Արևը չի խժռում քո ուժերը, այլ սովն ու հոգնությունը, ծարավն ու պարտության ծանրությունը։ Արևը իսկապես կյանք է։ Կարո՞ղ ես պատկերացնել մեր վիճակը, եթե մենք հայտնվեինք հյուսիսում, կամ Անտարկտիդայի սառույցներում։ Արդյո՞ք չէինք կարոտելու այս կենարար շողերին։

- Չեմ ուզում ոչինչ էլ պատկերացնել։ Այս ամբողջ ընթացքում ես մի բան հասկացա․․․

- Ի՞նչ․․․

- Որ մարդը ոչ ցրտին է դիմանում, ոչ էլ տաքին։ Ստացվում է մարդը բնության սխալն է և արատը, որքան էլ մարդը մարդուն կատարելություն համարի և պարգևներ շռայլի․․․

- Նայի՛ր այն կողմ, ինձ թվու՞մ է, թե իսկապես անապատի գույնը փոխվում է։

- Բաներ մի հնարիր, անապատը մի գույն ունի, այդ գույնը անպտուղ դեղինն է։

- Նկատի ունեի ավազի շարունակությունը, ա՛յ ա՛յն կողմը, կարծես կանաչին է տալիս
- Գոնե մոտի՞կ է քո երևակայության ցնորքը։

- Այնքան էլ չէ։

- Ես այլևս ուժ չունեմ հատելու այս անկենդան տարածությունը, ուզում եմ շուտ տուն հասնել, թեկուզ համոզված եմ, որ իմ տունն այլևս իմը չէ կամ գուցե արդեն գոյություն չունի․․․

- Եթե ուզում ես տուն հասնել, ուրեմն պետք է ուժերդ հավաքես և քայլես․․․

- Անկեղծ ասած, ուժ չունեմ։

- Դու պարզապես հենվիր ինձ, քեզ կտանեմ մինչև նոր գույնը, իսկ այնտեղ գուցե մեզ լավ անկնկա՞լ է սպասվում։

- Եվ այդ անկնկալը ժանիքները սրած վայրի գազանները կլինեն։

- Դու էլ հո չասացիր․․․պարզապես գուցե այնտեղ ջուր գտնենք։ Հույս ունեմ, այն այնքան էլ հեռու չէ;;;

- Սարերն էլ են նայող աչքին մոտիկ թվում, իրականում կիլոմետրեր պետք է հատել։ Հիշու՞մ ես, մեր գյուղի դիմացի սարն այնքան մոտիկ էր, թվում էր եթե ձեռքդ մեկնես, կարող ես շոշոափել նրա գագաթը, իսկ իրականում մի ամբողջ օր էր հարկավոր այնտեղ հասնելու համար։

- Եթե այդքան լավ ես հիշում մեր հանդերն ու չոլերը, ուրեմն կարող ես հատել այս մի կտոր անապատը։ Միայն թե խնդրում եմ կեր այս կերը, որպեսզի ուժ հավաքես։

- Չեմ կարող այն կուլ տալ, այն իմ ուժերից վեր է։

- Փորձի՛ր․․․

- Տու՛ր։

- Դու դժկամությամբ վերցրեցիր, գոնե նույն կերպ էլ կուլ տուր, ինչպես հաբը։ Կարծես թե ստացվեց, փորձի՛ր հաջորդը։

- Սիրտս խառնեց, այլևս չեմ կարող։

- Դե լավ, արի քայլենք, գուցե ճամփին ջրի՞ հանդիպենք։

- Կարծում ես անապատի նոր գույնը նոր հնարավորություննե՞ր կտա մեզ։

- Համոզված եմ, իսկ հիմա հենվի՛ր ինձ։




Комментариев нет:

Отправить комментарий