четверг, 15 декабря 2022 г.

 

                                                           ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

- Ինչու՞ ուժեղ չեմ, ինչպես դու։

- Դու նույնպես ուժեղ ես, պարզապես ես քո մեծ եղբայրն եմ։ Բանակը և պատերազմը ինձ կոփել է, իսկ դու դեռ դպրոց էիր գնում։ Դե վեր կաց շարունակենք ճամփան, մի քիչ է մնացել հատենք այս անապատը։

- Այդ ուրիշ գույնը դեռ շա՞տ է հեռու։

- Չեմ կարծում, եթե ուժ հավաքենք, մինչև երեկո տեղ կհասնենք։

- Այդքան երկա՞ր։

- Այնքան էլ երկար չէ, եթե հիշենք, թե որտեղի՞ց ենք եկել և ինչերի՞ միջով ենք անցել։

- Ինչերի՞, ամոթալի պարտության, իսկ ես մեծախոսում էի, թե պարտությունը իմը չէ, իսկ ո՞վ է սիրում պարտվել․․․Ծիծաղելի է չէ՞։

- Կարևոր չէ թե ի՞նչ ես սիրում։ Ծիծաղելի չէ, այլ տխուր, որ ամենուր մեզ հետևում է պարտության ուրվականը։

- Եթե այդ պարտությունը վերաբերվեր մեզ՝ երկուսիս, ապա ես ոչ մի վայրկյան չէի տխրի ու հուսահատվի, բայց այն կործանեց մեր տունն ու շատերին դարձրեց վտարանդի․․․և հիմա մենք տեղ չունենք գնալու, իսկ ես և դու ամենաքիչ մեղավորն ենք , ինչու՞ նրանց երեսից ամենաշատ տառապանքը մեզ բաժին հասավ։

- Եթե չես չափել քո տառապանքը այլոց տառապանքի հետ, ապա մի ասա թե բոլորից շատն ես տառապել։ Շնորհակալ եղիր, որ ողջ ես և քայլում ես ազատության մեջ, որը քեզ անսահմանություն է թվում, ի՞նչ անի էն մյուսը, որը մի բիռտ ուժի կողմից փակված է զնդանում կամ մեկ ուրիշի ձեռքերը ետև կապած տանում են գնդակահարելու։ Ավելի սարսափելի բաներ կարող եմ թվարկել, որոնց ականատեսն եմ եղել, բայց կարծում եմ այսքանն էլ բավական է, որպեսզի խելքի գաս ու գնհատես քո կյանքը։

- Այո, բայց ես, իմ ընկերները դեռ չէինք էլ հասցրել ապրել․․․

- Դա պատճառ է տխրելու, բայց ոչ հուսահատվելու և անդադար նվվալու։ Հասկացի՛ր, միայն քայլելը մեզ կփրկի այս անորոշ վիճակից։

- Ավելի լավ չէ՞ր դեպի լուսնի կողմը քայլելը։ Էս արևն էլ մի կողմից է ինձ տանջում իր այրող շողերով։

- Այո, անապատի արևը անողոք է։ Պետք է դիմանանք, մինչև հատենք դեղինը, իսկ լուսինը թաքնվել է, այն միայն արևից հետո է երևում։ Այնպես որ առա՛ջ։ Տեսնու՞մ ես այ էն կանաչին տվողը։

- Մշուշոտ է երևում, բայց տեսնես ի՞նչ է նշանակում այն։

- Հույս է՝ մեր հույսը առաջ գնալու, իսկ հիմա քայլենք։

- Օրը կիսվեց, իսկ կանաչը մի թիզ անգամ առաջ չեկավ։ Գուցե խաբուսիկ գու՞յն է, գուցե սովածությունից մեր աչքերի՞ն է երևում։

- Այսպես հաստատուն ու անդադա՞ր՝ չեմ կարծում։

- Արի մի քիչ դադար առնենք, միևնույն է, մենք այսօր էլ չենք հասնի այնտեղ։

- Ո՛չ, ո՛չ, պետք չէ ժամանակ կորցնել։ Այն մեր օգտին չի աշխատում։ ժամանակը սպառում է մեր ուժերը։

- ՄԻ կում ջուր․․․ Գոնե մի՜ կաթի՜լ։

- Դիմացի՛ր։ Ես քեզ տեղ կհասցնեմ։ Այստեղ այլևս չկան խորթուբորթեր, ավազը հարթ է, քայլելը այնքան դժվարին չէ, ինչպես առաջին օրերը։

- Այլևս չեմ կարող, թո՛ղ ինձ։

- Իսկ կասե՞ս, առանց քեզ ու՞ր կարող եմ գնալ։ Բարձրացի՛ր շալակս։ Արդեն մայրամուտ է։ Տե՛ս, հորիզոնը կարմրեց, իսկ կանաչը մի թիզ է մեզանից հեռու։

- Խաբկանք է։ Թիզը խաբկանք է։ Այն նոր գույնը մեզ տանում է դեպի մահ։

- Միևնույն է, քեզ չեմ թողնի, գոնե բռնվի՛ր ինձանից։ Այլևս չես խոսում։ Դիմացի՛ր, բան չմաց, հասնում ենք․․․




Комментариев нет:

Отправить комментарий