среда, 14 декабря 2022 г.

 

                                                            ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ


- Առայժմ կարող եմ քայլել, ինքս կհասնեմ այնտեղ։

- Դու ինձ հույս ներշնչեցիր։ Գուցե այդ նոր գույնը մեր նոր տու՞նը լինի և մենք կարողանանք վերագտնե՞լ մեզ։

- Կարծում ես հե՞շտ է կորցրածը նորով փոխարինելը, առավել ևս, եթե այն վերաբերվում է հայրենի տանը։

- Հիշու՞մ ես մայրիկը ինչ էր պատմում։

- Ի՞նչ։

- Ասում էր առաջներում մեր գյուղի մարդիկ լքում էին գյուղը և այլևս չէին վերադառնում։

- Բայց նրանք հեռանում էին կամավոր՝ շատերը պարզապես գյուղից քաղաք էին տեղափոխվում, իսկ մեր դեպքը այլ է՝ մեզ քշել են, բռնազավթելով մեր տները, սպանելով մեր հարազատներին։ 

- Դե շատերն էլ բռնում էին օտարության ճամփան և այլևս չէին վերադառնում։ Նրանք ամուսնանում էին օտար ազգի կանաց հետ, մոռանալով անգամ մայրենի լեզուն։

- Նման դեպքերը չի կարելի ընդհանրացնել։ Դրանք եզակիներ են։ Կան նաև մարդիկ, որոնց համար օտարությունը մահ է, անգամ պատիժ։

- Այո՛, կան նաև նման բացառություններ։

- Ես հենց այդ բացառությունն եմ և անպայման ուզում եմ տուն հասնել, թեկուզ համոզված եմ, հիմա մեր տանը նրանք են՝ մեզ երկրից քշողները։

- ԵՎ ինչի՞ վրա ես հույսդ դրել։ Մեր գյուղ մտնելը վայրկյաններ կտևի, նրանք կսպանեն մեզ։

- Մի՞թե մահից վատ չէ իմ այս վիճակը։

- Բայց այն ժամանակավոր է և հույսը դեպի լավը ստիպում է մեզ քայլել, իսկ վերադառնալով տուն, որին շատ կասկածում եմ, մեզ այլևս ոչ մի հույս չի մնա ողջ մնալու։

- Ես չեմ գնում այն կանգուն ավերակների մեջ ողջ մնալու։ Ի՞նչ արժե իմ խղճուկ գոյությունն այնտեղ։

- Կանգուն ավերակ՝ հետաքրքիր է, եթե կանգուն է ապա ավերակ բառի իմաստը ո՞րն է կամ ինչու՞ անպայման մեռնել, եթե կարելի է ապրել, ուժեղանալ և պայքարել ետ բերելու կորցրածը։

- Կանգուն ավերակ՝ նշանակում է գյուղը կա, բայց մենք չկանք, իսկ ապրելու և ուժեղանալու համար կամք է հարկավոր, որը ես չունեմ։

- Դու միայն դիմացի՛ր, ես կվարակեմ քեզ այդ կամքով։ Ետ նայիր՝ տե՛ս, լուսինը անհետացավ։

- Իսկ դու ասում էիր ցատկենք նրա վրա։ Հիմա մենք նույնպես պիտի անհետանայինք։

- Դու իսկապես մեծ երեխա ես։ Պարզապես ցերեկը արևի հերթն է՝ գիշերը լուսնի․․․

- Ուրեմն մենք պիտի երևայինք միայն գիշերո՞վ։

- Այնքան էլ այդպես չէ՝ նախ լուսնի վրա հայտնվելը այնքան էլ հեշտ էչ, իսկ երկրորդը՝ նա ևս մոլորակ է, ինչպես երկիր մոլորակը։ Լուսինը միշտ էլ կա, պարզապես ցերեկները մարդու աչքին տեսանելի չէ, իսկ վերջինը՝ այնտեղ հայտնվելու համար մեզ առնվազն միլիոններ են պետք, որի մասին իհարկե երազել անգամ չենք կարող։

- Իսկ ես չէի ուզենա հայտնվել այնտեղ, այն էլ միլիոնների հաշվին։ Ես տուն եմ ուզում, մայրիկին եմ ուզում, ուտել եմ ուզում, ջուր եմ ուզում․․․

- Իրականում, քո ուզածները նորմալ են, բայց մեր պայմաններում անհնար։ Փորձի՛ր մի փոքր էլ համբերել։

- Համբերե՞լ, ինչպե՞ս, ասա՛, երբ ծարավից թուլանում եմ, հասկացի՛ր, այլևս քայլել չեմ կարող։ Ես մնում եմ այստեղ, մենակ գա՛։

- Էլի գժվեցի՞ր, մենակ, առանց քեզ ու՞ր գնամ։ Դու կգնայի՞ր․․․

- Ոչ․․․

- Դե լավ, լաց մի լինիր։ Գիտեմ, դու բարի ես, փխրուն սիրտ ունես։ Խնդրում եմ, պարզապես մի քիչ էլ քայլիր։ Առաջվա պես հենվի՛ր ինձ և ես քեզ կտանեմ․․․








Комментариев нет:

Отправить комментарий