суббота, 13 ноября 2021 г.

   

      ԲԱՆՏԱԽՑՈՒՄ   Հավերժության ամրոցի տիրակալը գիտակցության գալով, իրեն գտավ քարե սառը հատակին պառկած։ Նայեց վեր՝ քարե առաստաղի արանքից երևում էր մշուշապատ երկինքը, իսկ պատերն առանց լուսամուտ էին։ Նա մի կերպ նստեց և երկու ձեռքերով բռնեց ցավից տնքացող գլուխը։ Մատները թրջվեցին,- Վիրավոր եմ,- խուլ շշնջաց նա, գլուխը անզոր կախեց։

Լսվեց դռան ճռռոցը։ Մինչ Արեգանին կարող էր մթության մեջ զանազանել ներս մտնողներին․ երկու հոգի մոտեցան նրան և թևերից բռնած քարշ  տվեցին աստիճաններով վեր։ Քիչ հետո նա վիրավոր գլխով և շղթայակապ կանգնած էր հրապարակում՝ Լիվանի և Վանդևի դիմաց։

- Դու Հավերժության ամրոցի տիրակա՛լն ես,- սկսեց Վանդևը։

- Այո՛,- գլուխն ուղղելով, պատասխանեց Արեգանին։

- Եվ անգո մարդ արարծի համար։ Ես՝ այսինքն մենք,- խոսքն ուղղելու հետ մեկտեղ ինքնավստահ նայեց համախոհին- Խավարի և նյութի տիրակալն ենք և յուրաքանչյուր նյութապաշտ էակ պաշտում է մեզ։

- Ինչպիսի՞ ինքնավստահություն,- հեգնեց Արեգանին։ 

- Այո՛, ինքնավստահ եմ, քանի որ մենք մարդուն տալիս ենք ա՛յն, ինչը շոշափելի է և այն նյութի աշխարհն է, որի համար նույն մարդը պատրաստ է նմանակի կոկորդը պատռել։ Ի՞նչ ես տալիս դու՝ մի՞թե գեղեցկությամբ և բարությամբ կարող ես գոհացնել նրան։

- Քո խոսքը իսկական մարդու մասին չէ՝ գոյություն ունի երկու մարդկային տեսակ՝ սպառող և արարող։ Դու գոհացնում ես սպառող տեսակին։

- Ինչպիսի՞ կարճամտություն,- հեգնեց Վանդևը,- Իսկ արարողը չի՞ կարող սպառող լինել։ Ինչպես միշտ չարաչար սխալվում ես՝ այո՛, հիմանականում գոյություն ունի երկու մարդկային տեսակ և այն քո իմացած հատկանիշները չեն, այլ ուժեղի և թույլի մասին է խոսքը։ Ինչպես միշտ թույլը երկրպագում է ուժեղին և կարևոր չէ նրա ով լինելը և այդ ուժեղը ուժեղ է մեզանով։ Մի՞թե հնարավոր է թվարկել մեր անսահման հնարավորությունները, պարզապես դու՛, Արևի զավակ ընդունիր պարտությունդ և հրամայի՛ր աղջկան մեղ վերադարձնելու տուփը։

- Սպանի՛ր նրան և վերցրու՛ այն, եթե այդքան վստահ ես։

- Մեծ ջանք չի պահանջվում այն խլել նրանից, չէ՞որ նա, ինչպես և դու մեր պատանդն եք։ Ո՜չ․․․,- Վանդևը միտքը կիսատ, մատը դրեց շուրթին, կարծես զգուշանալով ինչ որ բանից։

Արեգանին ցավից դեմքը ծամածռելով, ձեռքը տարավ գլխին,- Դու չես սպանի նրան, քանի որ չունես գլխավորը։

- Եվ ո՞րն է քո իմացած գլխավորը,- ակամա նյարդայնացավ Վանդևը։

- Կասե՛մ, ինչու՞ ոչ՝ տղային, դու չունե՛ս տղային, որին կորցրել ես քո իսկ կողմից դավաճանված ամբոխի մեջ, իսկ առանց նրա, ի՞նչ են քո կուբիկները և այդ շիվը՝ թեկուզ ոսկյա․․․,- Արեգանին հազիվ էր ավարտել խոսքը, երբ դռնից ներս թռավ մի փոքրիկ թռչնակ, նստեց նրա գլխին, սկսեց բարձր գեղգեղալ, թևերով հպվելով նրա գանգուրներին։ Արեգանին թեթևություն զգաց, ձեռքը տարավ գլխին, շշնջաց,- Գրինյու՜ս, իմ հավատարիմ բարեկամ։

Մինչ այդ, Լիվանը լուռ հետևում էր հակառակորդների երկխոսությանը, բայց թռչնակի հայտնվելը և Արեգանիի տրամադրության փոխվելը հունից հանեց նրան և նա կատաղությունից հոխորտաց,- Ա՛խ դու՛, անիծյա՛լ թռչնակ,- նա վեր բարձրացրեց ոսկյա շիվը, այն երկարելով վերածվեց սև գավազանի և ուժգին իջավ Արեգանիի ուսին, որտեղ թառել էր թռչնակը։ Թռչնակը խուսափեց հարվածից, բայց Արեգանին տնքաց ցավից։ Փոքրիկ թռչնակը շարունակում էր ծլվլալով թռչկոտել սրահում, կատաղեցնելով Վանդևին ու Լիվանին։

Բացվե՛ք դռնե՛ր,- կարծես անզորությունից կատաղած հրամայեց Կուբիկը և բացվող տասնյակ դռներից ներս թափվեցին անթիվ ագռավները, ականջ ծակող աղաղակով։ Սև երամը հարձակվեց Արեգանիի վրա, իսկ թռչնակը վեր սլացավ և թևերով հպվեց առաստաղին՝ բացվեց կլոր լուսանցքը և այնտեղից ներս թափվեց լույսի հեղեղը, ողողելով հավերժության ամրոցի տիրակալին։ Ագռավները ծղրտալով նահանջեցին։

- ՈՒ՞ր անբաննե՛ր,- բղավեց Վանդևը։ 

Առաջ եկավ Լիվանը, սև գավազանը ճոճելով,- Դե հիմա մենամարտի՛ր քո թռչնակով,- խոսքի հետ նա մի ուժգին հարված իջավ, այս անգամ Արեգանին խույս տվեց և ձեռքն առան թափվող շողքից կախված փայլուն սուրը։ Սկսվեց մարտը նրա և Լիվանի միջև․․․

Հրապարակի երկինքն ու գետինը հագեցված էր թռչող և այլ տարատեսակ արարածներով։ Էմմիին ու Էդգարին երբեմն հաջողվում էր դիմադրել նրանց, բայց հիմնականում ուժգին հարվածներից  տապալվում էին գետնին և ցավից տնքում, նորից մի կերպ ոտքի կանգնելով։ Վերջապես նրանց օգնության եկան Գրինյուսը և Դավիդը իր շողշողուն սրով։ Տեսնելով, Էմին ու Էդգարը ոգևորվեցին՝ ոչ միշտ, բայց նրանց հաջողվում էր բռնել շարքային ագռավների ոտքերից և բմբլահան անել թևերը, զրկելով նրանց թռչելու հնարավորությունից։ Գրինյուսը լիանայի ճյուղերով ներքև էր քաշում մողեսներին, փաթաթվելով վզներից խեղդամահ անում, իսկ Դավիդը սրով գետին էր թափում մի անգամից մի քանի արարծների։ Կարելի էր համարել մարտի առավելությունը նրանց կողմն էր, մինչև հայտնվեց Ֆլամեն և իր մեջ առավ Գրինյուսին։ Տարածվող ջերմությունից ագռավներն ու մողեսները ճողոպրեցին, իսկ Գրինյուսը ինքնապաշտպանության պղտոր ջրի շիթերը բաց թողեց Ֆլամեի վրա։ Բարձրացավ խեղդող ծուխն ու գոլորշին։ Դավիդը հազալով ետ քաշվեց։ Կիսատվող Ֆլամեին լրացնում էին նրա հրե զավակները և Գրինյուսի ուժերը նկատելի ջլատվում էր։

- Էդգա՛ր սրտիկնե՛րը,- կարծես հիշելով, գոչեց աղջիկը։

- Այո՛, սանձե՛լ է պետք այս անիրավին,- Վառվեցե՛ք սրտիկնե՛ր,- միաբերան գոչեցին նրանք։ Փոքրիկ երկնագույն կրակներից Ֆլամեն իջնելով տարածվեց գետնով, մի կողմ քաշվելով, հայտնվեց հրապարակից դուրս, նորից վերածվեց հրե կնոջ։ Նրանք ստիպված թաքցրեցին սրտիկները, երբ նորից երևացին ագռավների և մողեսների բանակները համալրված։

- Տե՛ս, նրանց շարքերը ավելի են խտացել,- սարսափահար նկատեց աղջիկը։

- Այո՛, բայց մ՛ի մոռացիր, թե որքա՛ն շատ էին նրանց ձագերը այն լեռնային միջանցքում։

Հոլի պես պտտվելով, սրահից դուրս եկավ Վանդևը, վերածվելով Կուբիկի, անցավ դիվային բանակի գլուխը, հրամայելով,- Նե՛ս, դեպի՛ սրահ։

- Այնտեղ Արեգանի՛ն է- գոչեց Էմմին,- Նրանք կհոշոտեն նրան, որտե՞ղ է Դավիդը,- շուրջը նայելով, աղջիկը շտապեց ներս մտնել, նրան հետևեցին Գրինյուսն ու Էդգարը։  

Комментариев нет:

Отправить комментарий