воскресенье, 14 ноября 2021 г.

                                                         

                                                       ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ


Չնայած Արեգանիի կախարդական սրի շեշտակի հարվածներից Լիվանը թուլանում էր, բայց նա նորից վերալիցքավորվում էր սև գավազանից։ Դավիդը Արեգանիին օգնության հասավ այն պահին, երբ լուսանցքից թափվող լույսի հեղեղը ետ քաշվեց, իր հետ տանելով նրանց սրերը։ Նրանք մնացին թևաթափ կանգնած, հասկանալով արդեն մայրամուտ է։

Սրահ մտավ Վանդև-Կուբիկը, այնուհետև այն դարձավ լեփ լեցուն ագռավներով ու մողեսներով։ Վերջում մի կերպ ներս խցկվեցին Գրինյուսը, պատանին ու աղջիկը։

Վանդևը պտտվելով վերստացավ մարդկային կերպարը, մոտեցավ Արեգանիին,- Կարծում եմ հարկ չկա հիշեցնելու, որ դու՛ք պարտվող կողմն եք և ստիպված եք մեզ հանձնելո՛ւ մեր եղբայրներին՝ այսինքն այն կուբիկների տուփը,- նա ցույց տվեց Էմմիին, որի վզից կախված էր կաշվե տուփը։

- Դեռ վաղ է տոնելու հաղթանակը,- պատասխանեց Արեգանին։

- Չե՛մ կարծում,- հաղթական դիրք ընդունելով, պատասխանեց Վանդևը և երեք անգամ ծափ տվեց։ Սրահի հեռավոր դռնից երևաց համարյա մերկ Սամարան։ Երբ նա անցնում էր պատանու և աղջկա մոտով, նրանք զարհուրած իրար նայեցին։

- Սամարա՛, մի՛ շտապիր, ցույց տու՛ր նրանց քո պատիժը,- հրամայեց Վանդևը։

Սամարայի վիզը շրջանակված էր կարմիր գծով, տեղ-տեղ երևում էին արյան կաթիլներ։ Վանդևի հրամանով նա երկու ձեռքերով բարձրացրեց սեփական գլուխը և նորից տեղը դրեց, որից արյան կաթիլները սկսեցին գլորվել մարմինն ի վար։

- Դու՛ք դաժան եք,- ճչաց աղջիկը և երկու ձեռքերով փակեց աչքերը։

- Այո՛ աղջի՛կ, նա ևս կամակոր էր, երբ պահանջում էինք ոսկյա շիվը և պահանջը արդարացի էր,- ցուցամատը թափահարելով պատասխանեց Կուբիկը։

Սամարան մոտեցավ, թեթևակի խոնարհվեց երկու առաջնորդներին,- Դուք միայն հրամայե՛ք և ես կոչնչացնե՛մ այդ աղջկան։

- Ո՛չ Սամարա՛, ո՛չ հիմա՝ նրանք դեռ մեզ պետք են,- համարյա բղավեց Լիվանը, գավազանը հարվածելով հատակին։ Կինը լուռ ետ քաշվեց։

- Մենախուց տարե՛ք ամրոցի տիրակալին,- հրամայեց Լիվանը։ Վանդևը կատաղած համախոհի առավելությունից նույնպես բղավեց,- Հրե գագթի աղետը կդարձնե՛մ կործանիչ՝ անգամ դուրս կհանե՛մ այս խղճուկ լեռնաշղթայից։

- Այդպիսով քեզ ոչինչ չի մնա,- պատասխանեց Լիվանը մի խեթ հայացք գցելով նրան։

- Այո՛, եթե համառում են ես կընդառաջվեմ․ «Ո՛չ ինձ, ո՛չ քեզ» կարգախոսով։

- Կոլեգա՛, դու վտանգավոր ես դառնում անգամ յուրայիններիդ համար,- վրդոհված առաջ եկավ Լիվանը։

- Ո՛չ այնքան, որպեսզի անհանգստանաք՝ հա՜, հա՜, հա՜․․․,- բարձր ծիծաղելով սկսեց հոլի պես պտտվել, վերածվելով կուբիկի, և նորից ետ պտտվեց, մնաց տեղում կանգնած,- Ահա՛ և ես իմ անսահման հնարավորություններով,- ձեռքերը տարածելով գոռոզացավ նա։

Ներս ընկավ Ֆլամեն՝ տեսնելով, աղջիկն ու պատանին պատ կազմեցին, պաշտպանելու Գրինյուսին։

- Ֆլամե՛ մնա՛ հրապարակում՝ սա քո տեղը չէ՛,- կշտամբեց Լիվանը, գավազանը հատակին հարվածելով։ Հրե կինը մի պահ բռնկվեց, ապա ցածրանալով դուրս սողաց, դառնալով բազմահազար թռչուններ, վեր սլացավ։

- Աղջի՛կ վերադարձրու՛ տուփը,- պահանջեց Լիվանը, ընդհուպ մոտենալով նրան։

- Ո՛չ,- Էմմին երկու ձեռքերով սեղմեց տուփը։

- Ուժով վերցնե՛լ,- հրամայեց նա։

Սրահ լցվեցին անթիվ թռչող արարածներ, իսկ ալարկոտ նախարարները սկսեցին գրել ու կնիք խփել, հաստատելով Լիվանի հերթական հրամանը։

Չղջիկ-թիկնապահները օդ բարձրացան, կարգապահ շարքով հարձակվեցին աղջկա վրա, իսկ ագռավների կտուցի հարվածներից աղջիկն ու պատանին հազիվ էին մնում ոտքի վրա։ Որքան էլ անմխիթար վիճակում լիներ Գրինյուսը՝ նա ճյուղերով նեղում էր և գետին տապալում չղջիկներին, ագռավներին ու մողեսներին։

- Կա՛նգ առե՛ք,- լսվեց Վանդևի հրամանը, երբ բոլորը ետ քաշվեցին նա առաջ եկավ,- Հանձնի՛ր տուփը և ազատ կարձակվեն քո ընկերները։

- Ընկերնե՞րը,- զարմացավ Էմմին, հարցական նայեց Էդգարին,- Մի՞թե այնտեղ միայն Արեգանին չէ։

- Նա շատ է երկարացնում, Ագռավամա՛րդ, կարծում եմ գիտես, թե ինչպե՞ս տիրանալ տուփին, ինչը մեզ է պատկանում,- Վանդևը մի կողմ քաշվեց։

Ագռավամարդը բացեց սև թևերը, օդ բարձրացավ և այնտեղից հարձակվեց աղջկա վրա։ Նրա կտուցի հարվածից Էմմին երերաց ու վայր ընկավ։ Էդգարը փորձեց օգնել նրան, բայց հաջորդ հարվածը իջավ նրա գլխին։ Ագռավամարդը կուբիկները հանձնեց Վանդևին։ Գրինյուսն իր հերթին ուզեց խանգարել նրան, բայց Լիվանը գավազանի մեկ հարվածով գետին տապալեց ծերունուն։

Վերջապե՜ս, հակառակորդը ջախջախվա՛ծ է՝ հա՜, հա՜, հա՜․․․Եվ ես շուտով այս երկրի լիարժեք տերը կդառնա՛մ, հա՜, հա՜, հա՜․․․ Սրանց էլ փակե՛լ մյուս մենախցերում։ Հեռու չէ այն ժամանակը, երբ ես աշխարհակալ կդառնա՛մ, հա՜, հա՜, հա՜․․․

- Դու նախ դարձի՛ր այս երկրի լիարժեք տերը, հետո երազի՛ր աշխարհակալության մասին,- հեգնեց Լիվանը, բերանը մոտեցնելով նրա ականջին։

- Թույլ տու՛ր ինքս որոշել իմ անելիքը և մի՛ մոռացի՛ր՝ դու ընդամենը լավ հտեռոր ես, իսկ ես՝ ես եմ քեզ կյանք տվողը։

- Այո՜,- ծոր տվեց մի աչքանին,- Տեսնում եմ փառասիրությունդ կուրացնում է քեզ։

- Ես հրամայեցի փակե՛լ նրանց,- առանց Լիվանին պատասխանելու վրդոհվեց նա, տեսնելով հապաղում են հրամանը կատարել,- Դուք խլացե՞լ եք,- այս անգամ կոկրդով մեկ ճչաց նա։

Զինվորները սկսեցին անգիտակից գերիներին քարշ տալ ներքնահարկ, իսկ նախարարները գրել ու կնիք խփել․․

-

Комментариев нет:

Отправить комментарий