суббота, 17 декабря 2022 г.

 

                                                                 Փրկություն

- Վերջապե՜ս հատեցի՛նք անապատը, ահա՛, պառկիր այստեղ, իսկ ես ջուր կփնտրեմ քեզ համար։ Միայն թե մութ է, չգիտեմ էլ թե ո՞ր կողմ գնամ,- նա ձեռքով տրորեց աչքերը, փորձելով զանազանել տեղանքը և նորից նստեց եղբոր կողքը,- Քեզ այստեղ թողնել չեմ կարող,- նա գլուխն առավ ձեռքերի մեջ և մի պահ այդպես մնաց,- Կփորձեմ քեզ էլ հետս քարշ տալ, իսկ հիմա վեր կաց,- նա նստած տեղից, եղբորն ուղղեց և առավ մեջքին, ոտքի կանգնեց, ,միաժամանակ ոտքերով տնտղելով գետինը, քայլեց։ Նրա ոտքերը դողում էին եղբոր ծանրությունից, սակայն աշխատում էր տուրք չտալ սովին ու ծարավին։ 

Կեսգիշերին երևաց լիալուսինը, նա իր բեռով փլվփց գետին,- Իսկ դու ասում էիր լուսինը բարի չէ՛, ահա՛, նայի՛ր, նա լուսավորեց գիշերը, որպեսզի մենք կարողանանք կողմնորոշվել։

- Ջու՜ր․․․

- Դու խոսեցի՛ր իմ հարազատ, ահա՛, տե՛ս լուսինն է, նա մեզ սիրում է, դուրս է եկել որպեսզի մեր ճամփան լուսավորի։ Վե՛ր կաց քայլենք, գուցե ջուրը մոտերքու՞մ է։

- Ջու՜ր․․․

- Դու զառանցում ես, իսկ ես՝ հիմարս, քեզ ոչնչով օգնել չեմ կարողանում։ Միայն թե բռնվիր ինձանից, խնդրում եմ- նա նորից շալակն առավ եղբորը և սկսեց մի կերպ առաջ գնալ,- Մենք կգնանք լուսնի ուղղությամբ, նա իսկապես բարի է, մայրիկը չէր կարող  խաբել։

- Մայրի՜կ, ջու՜ր․․․

- Դիմացի՛ր, կարծես թե խշշոց եմ լսում, գուցե ջու՞ր է,- դեռ խոսքը չավարտած, նա եղբոր հետ թմփացին հոսող ջրի մեջ,- Ջու՜ր է, ահա իմ սիրելի, փոքրիկ Արսեն, ահա՛ խմի՛ր, որքա՜ն սիրտդ կուզի,- Արսենը սթափվելով ոտքի կանգնեց և մնաց կանգնած։ Նա իր շուրջն էր նայում, սակայն չէր փորձում խմել,- Ի՞նչ եղավ քեզ, խմի՛ր, ջուր է, Արսե՛ն, խնդրում եմ ուշքի արի,- այդ ասելով, նա ուժգին ապտակեց եղբորը։

- Որտե՞ղ ենք մենք,- ձեռքով ցավացած այտը շոյելով, հարցրեց Արսենը։

- Անհայտությունում, որտեղ իշխում է լիալուսինը և այս խշացող ջուրը։ Որքան էլ զարմանալի է՝ մեր կյանքը կախված է այս ջրից և աղոտ լույսից,- Ահա՛, խմի՛ր,- նա երկու ափով ջուրը մոտեցրեց եղբոր շուրթերին։ Արսենը հանգիստ մի քանի կում արեց և փլվեց ջրի մեջ․․․





четверг, 15 декабря 2022 г.

 

                                                           ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

- Ինչու՞ ուժեղ չեմ, ինչպես դու։

- Դու նույնպես ուժեղ ես, պարզապես ես քո մեծ եղբայրն եմ։ Բանակը և պատերազմը ինձ կոփել է, իսկ դու դեռ դպրոց էիր գնում։ Դե վեր կաց շարունակենք ճամփան, մի քիչ է մնացել հատենք այս անապատը։

- Այդ ուրիշ գույնը դեռ շա՞տ է հեռու։

- Չեմ կարծում, եթե ուժ հավաքենք, մինչև երեկո տեղ կհասնենք։

- Այդքան երկա՞ր։

- Այնքան էլ երկար չէ, եթե հիշենք, թե որտեղի՞ց ենք եկել և ինչերի՞ միջով ենք անցել։

- Ինչերի՞, ամոթալի պարտության, իսկ ես մեծախոսում էի, թե պարտությունը իմը չէ, իսկ ո՞վ է սիրում պարտվել․․․Ծիծաղելի է չէ՞։

- Կարևոր չէ թե ի՞նչ ես սիրում։ Ծիծաղելի չէ, այլ տխուր, որ ամենուր մեզ հետևում է պարտության ուրվականը։

- Եթե այդ պարտությունը վերաբերվեր մեզ՝ երկուսիս, ապա ես ոչ մի վայրկյան չէի տխրի ու հուսահատվի, բայց այն կործանեց մեր տունն ու շատերին դարձրեց վտարանդի․․․և հիմա մենք տեղ չունենք գնալու, իսկ ես և դու ամենաքիչ մեղավորն ենք , ինչու՞ նրանց երեսից ամենաշատ տառապանքը մեզ բաժին հասավ։

- Եթե չես չափել քո տառապանքը այլոց տառապանքի հետ, ապա մի ասա թե բոլորից շատն ես տառապել։ Շնորհակալ եղիր, որ ողջ ես և քայլում ես ազատության մեջ, որը քեզ անսահմանություն է թվում, ի՞նչ անի էն մյուսը, որը մի բիռտ ուժի կողմից փակված է զնդանում կամ մեկ ուրիշի ձեռքերը ետև կապած տանում են գնդակահարելու։ Ավելի սարսափելի բաներ կարող եմ թվարկել, որոնց ականատեսն եմ եղել, բայց կարծում եմ այսքանն էլ բավական է, որպեսզի խելքի գաս ու գնհատես քո կյանքը։

- Այո, բայց ես, իմ ընկերները դեռ չէինք էլ հասցրել ապրել․․․

- Դա պատճառ է տխրելու, բայց ոչ հուսահատվելու և անդադար նվվալու։ Հասկացի՛ր, միայն քայլելը մեզ կփրկի այս անորոշ վիճակից։

- Ավելի լավ չէ՞ր դեպի լուսնի կողմը քայլելը։ Էս արևն էլ մի կողմից է ինձ տանջում իր այրող շողերով։

- Այո, անապատի արևը անողոք է։ Պետք է դիմանանք, մինչև հատենք դեղինը, իսկ լուսինը թաքնվել է, այն միայն արևից հետո է երևում։ Այնպես որ առա՛ջ։ Տեսնու՞մ ես այ էն կանաչին տվողը։

- Մշուշոտ է երևում, բայց տեսնես ի՞նչ է նշանակում այն։

- Հույս է՝ մեր հույսը առաջ գնալու, իսկ հիմա քայլենք։

- Օրը կիսվեց, իսկ կանաչը մի թիզ անգամ առաջ չեկավ։ Գուցե խաբուսիկ գու՞յն է, գուցե սովածությունից մեր աչքերի՞ն է երևում։

- Այսպես հաստատուն ու անդադա՞ր՝ չեմ կարծում։

- Արի մի քիչ դադար առնենք, միևնույն է, մենք այսօր էլ չենք հասնի այնտեղ։

- Ո՛չ, ո՛չ, պետք չէ ժամանակ կորցնել։ Այն մեր օգտին չի աշխատում։ ժամանակը սպառում է մեր ուժերը։

- ՄԻ կում ջուր․․․ Գոնե մի՜ կաթի՜լ։

- Դիմացի՛ր։ Ես քեզ տեղ կհասցնեմ։ Այստեղ այլևս չկան խորթուբորթեր, ավազը հարթ է, քայլելը այնքան դժվարին չէ, ինչպես առաջին օրերը։

- Այլևս չեմ կարող, թո՛ղ ինձ։

- Իսկ կասե՞ս, առանց քեզ ու՞ր կարող եմ գնալ։ Բարձրացի՛ր շալակս։ Արդեն մայրամուտ է։ Տե՛ս, հորիզոնը կարմրեց, իսկ կանաչը մի թիզ է մեզանից հեռու։

- Խաբկանք է։ Թիզը խաբկանք է։ Այն նոր գույնը մեզ տանում է դեպի մահ։

- Միևնույն է, քեզ չեմ թողնի, գոնե բռնվի՛ր ինձանից։ Այլևս չես խոսում։ Դիմացի՛ր, բան չմաց, հասնում ենք․․․




среда, 14 декабря 2022 г.

 

                                                            ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ


- Առայժմ կարող եմ քայլել, ինքս կհասնեմ այնտեղ։

- Դու ինձ հույս ներշնչեցիր։ Գուցե այդ նոր գույնը մեր նոր տու՞նը լինի և մենք կարողանանք վերագտնե՞լ մեզ։

- Կարծում ես հե՞շտ է կորցրածը նորով փոխարինելը, առավել ևս, եթե այն վերաբերվում է հայրենի տանը։

- Հիշու՞մ ես մայրիկը ինչ էր պատմում։

- Ի՞նչ։

- Ասում էր առաջներում մեր գյուղի մարդիկ լքում էին գյուղը և այլևս չէին վերադառնում։

- Բայց նրանք հեռանում էին կամավոր՝ շատերը պարզապես գյուղից քաղաք էին տեղափոխվում, իսկ մեր դեպքը այլ է՝ մեզ քշել են, բռնազավթելով մեր տները, սպանելով մեր հարազատներին։ 

- Դե շատերն էլ բռնում էին օտարության ճամփան և այլևս չէին վերադառնում։ Նրանք ամուսնանում էին օտար ազգի կանաց հետ, մոռանալով անգամ մայրենի լեզուն։

- Նման դեպքերը չի կարելի ընդհանրացնել։ Դրանք եզակիներ են։ Կան նաև մարդիկ, որոնց համար օտարությունը մահ է, անգամ պատիժ։

- Այո՛, կան նաև նման բացառություններ։

- Ես հենց այդ բացառությունն եմ և անպայման ուզում եմ տուն հասնել, թեկուզ համոզված եմ, հիմա մեր տանը նրանք են՝ մեզ երկրից քշողները։

- ԵՎ ինչի՞ վրա ես հույսդ դրել։ Մեր գյուղ մտնելը վայրկյաններ կտևի, նրանք կսպանեն մեզ։

- Մի՞թե մահից վատ չէ իմ այս վիճակը։

- Բայց այն ժամանակավոր է և հույսը դեպի լավը ստիպում է մեզ քայլել, իսկ վերադառնալով տուն, որին շատ կասկածում եմ, մեզ այլևս ոչ մի հույս չի մնա ողջ մնալու։

- Ես չեմ գնում այն կանգուն ավերակների մեջ ողջ մնալու։ Ի՞նչ արժե իմ խղճուկ գոյությունն այնտեղ։

- Կանգուն ավերակ՝ հետաքրքիր է, եթե կանգուն է ապա ավերակ բառի իմաստը ո՞րն է կամ ինչու՞ անպայման մեռնել, եթե կարելի է ապրել, ուժեղանալ և պայքարել ետ բերելու կորցրածը։

- Կանգուն ավերակ՝ նշանակում է գյուղը կա, բայց մենք չկանք, իսկ ապրելու և ուժեղանալու համար կամք է հարկավոր, որը ես չունեմ։

- Դու միայն դիմացի՛ր, ես կվարակեմ քեզ այդ կամքով։ Ետ նայիր՝ տե՛ս, լուսինը անհետացավ։

- Իսկ դու ասում էիր ցատկենք նրա վրա։ Հիմա մենք նույնպես պիտի անհետանայինք։

- Դու իսկապես մեծ երեխա ես։ Պարզապես ցերեկը արևի հերթն է՝ գիշերը լուսնի․․․

- Ուրեմն մենք պիտի երևայինք միայն գիշերո՞վ։

- Այնքան էլ այդպես չէ՝ նախ լուսնի վրա հայտնվելը այնքան էլ հեշտ էչ, իսկ երկրորդը՝ նա ևս մոլորակ է, ինչպես երկիր մոլորակը։ Լուսինը միշտ էլ կա, պարզապես ցերեկները մարդու աչքին տեսանելի չէ, իսկ վերջինը՝ այնտեղ հայտնվելու համար մեզ առնվազն միլիոններ են պետք, որի մասին իհարկե երազել անգամ չենք կարող։

- Իսկ ես չէի ուզենա հայտնվել այնտեղ, այն էլ միլիոնների հաշվին։ Ես տուն եմ ուզում, մայրիկին եմ ուզում, ուտել եմ ուզում, ջուր եմ ուզում․․․

- Իրականում, քո ուզածները նորմալ են, բայց մեր պայմաններում անհնար։ Փորձի՛ր մի փոքր էլ համբերել։

- Համբերե՞լ, ինչպե՞ս, ասա՛, երբ ծարավից թուլանում եմ, հասկացի՛ր, այլևս քայլել չեմ կարող։ Ես մնում եմ այստեղ, մենակ գա՛։

- Էլի գժվեցի՞ր, մենակ, առանց քեզ ու՞ր գնամ։ Դու կգնայի՞ր․․․

- Ոչ․․․

- Դե լավ, լաց մի լինիր։ Գիտեմ, դու բարի ես, փխրուն սիրտ ունես։ Խնդրում եմ, պարզապես մի քիչ էլ քայլիր։ Առաջվա պես հենվի՛ր ինձ և ես քեզ կտանեմ․․․








суббота, 10 декабря 2022 г.

                                                                    

                                                                            ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ


- Լուսինը մութ է, լուսինը անդուր է, նրա ժամանակ հաճախ մրսում եմ ու քնել եմ ուզում, ամեն անգամ երազելով լուսաբաց ու արևոտ օր․․․ Երբ ահա արև է, թեկուզ օրը սկսվել է և արևը շուտով օրը կես կդարձնի, նրանից ավելի եմ հոգնում ու թուլանում, կարծես նրա շողերը խժռում են իմ վերջին ուժերը, իսկ ասում են արևը կյանքի աղբյուրն է։

- Արևը չի խժռում քո ուժերը, այլ սովն ու հոգնությունը, ծարավն ու պարտության ծանրությունը։ Արևը իսկապես կյանք է։ Կարո՞ղ ես պատկերացնել մեր վիճակը, եթե մենք հայտնվեինք հյուսիսում, կամ Անտարկտիդայի սառույցներում։ Արդյո՞ք չէինք կարոտելու այս կենարար շողերին։

- Չեմ ուզում ոչինչ էլ պատկերացնել։ Այս ամբողջ ընթացքում ես մի բան հասկացա․․․

- Ի՞նչ․․․

- Որ մարդը ոչ ցրտին է դիմանում, ոչ էլ տաքին։ Ստացվում է մարդը բնության սխալն է և արատը, որքան էլ մարդը մարդուն կատարելություն համարի և պարգևներ շռայլի․․․

- Նայի՛ր այն կողմ, ինձ թվու՞մ է, թե իսկապես անապատի գույնը փոխվում է։

- Բաներ մի հնարիր, անապատը մի գույն ունի, այդ գույնը անպտուղ դեղինն է։

- Նկատի ունեի ավազի շարունակությունը, ա՛յ ա՛յն կողմը, կարծես կանաչին է տալիս
- Գոնե մոտի՞կ է քո երևակայության ցնորքը։

- Այնքան էլ չէ։

- Ես այլևս ուժ չունեմ հատելու այս անկենդան տարածությունը, ուզում եմ շուտ տուն հասնել, թեկուզ համոզված եմ, որ իմ տունն այլևս իմը չէ կամ գուցե արդեն գոյություն չունի․․․

- Եթե ուզում ես տուն հասնել, ուրեմն պետք է ուժերդ հավաքես և քայլես․․․

- Անկեղծ ասած, ուժ չունեմ։

- Դու պարզապես հենվիր ինձ, քեզ կտանեմ մինչև նոր գույնը, իսկ այնտեղ գուցե մեզ լավ անկնկա՞լ է սպասվում։

- Եվ այդ անկնկալը ժանիքները սրած վայրի գազանները կլինեն։

- Դու էլ հո չասացիր․․․պարզապես գուցե այնտեղ ջուր գտնենք։ Հույս ունեմ, այն այնքան էլ հեռու չէ;;;

- Սարերն էլ են նայող աչքին մոտիկ թվում, իրականում կիլոմետրեր պետք է հատել։ Հիշու՞մ ես, մեր գյուղի դիմացի սարն այնքան մոտիկ էր, թվում էր եթե ձեռքդ մեկնես, կարող ես շոշոափել նրա գագաթը, իսկ իրականում մի ամբողջ օր էր հարկավոր այնտեղ հասնելու համար։

- Եթե այդքան լավ ես հիշում մեր հանդերն ու չոլերը, ուրեմն կարող ես հատել այս մի կտոր անապատը։ Միայն թե խնդրում եմ կեր այս կերը, որպեսզի ուժ հավաքես։

- Չեմ կարող այն կուլ տալ, այն իմ ուժերից վեր է։

- Փորձի՛ր․․․

- Տու՛ր։

- Դու դժկամությամբ վերցրեցիր, գոնե նույն կերպ էլ կուլ տուր, ինչպես հաբը։ Կարծես թե ստացվեց, փորձի՛ր հաջորդը։

- Սիրտս խառնեց, այլևս չեմ կարող։

- Դե լավ, արի քայլենք, գուցե ճամփին ջրի՞ հանդիպենք։

- Կարծում ես անապատի նոր գույնը նոր հնարավորություննե՞ր կտա մեզ։

- Համոզված եմ, իսկ հիմա հենվի՛ր ինձ։




четверг, 8 декабря 2022 г.

                                                                                


                                                                                 ՄԵՆՔ (շարունակությունը)

- Այո՛, սերը նեղ սրտում չի կարող տեղ գտնել և ակամա թե կամա դուրս է թռչում ու սավառնում է անտեր մինչև նորից հանդիպում է բռունցքված ատելությանը և մեկ հարվածով նորից պարտվում։

- Չեմ ուզում խոսել ցնորվածի պես, այն վերացական է և մեր վիճակում հազիվ թե այդ սերը կարողանա փրկել մեզ։

- Տե՛ս, լուսինը մոտենում է մեզ։

- Մատով ցույց մի տուր նա կեղանա։

- Չի նեղանա,մայրիկն ասում էր նա բարի է։ Տեսնես լուսնի վրա մարդիկ ապրու՞մ են։

- Ո՛չ, այնտեղ ջուր և ուտելիք չկա։

- Ուրեմն պետք չէ այնտեղ գնալ, նա մեզ կոչնչացնի իր աղքատությամբ։ Ավելի լավ է արի վերադառնանք մեր ավիրված երկիրը։ Գիտե՞ս, հիմա այնտեղ թշնամին մենակ է մնացել, խռովել ու հեռացել է, արի ետ գնանք։ լուսինը միայն հեքիաթներում է բարի, իսկ իրականում դեղին է, ինչպես այս անապատը։

- Կարծում ես կարո՞ղ ենք ետդարձի ճամփան գտնել։

- Փորձենք։

- Մի անգամ փորձեցինք և ու՞ր հայտնվեցինք։

- Իմ միտքը տխուր է, անվերջ խռովածի պես եմ մտածում։

- Մի հուսահատվիր։ Գուցե վերադարձի ճամփան գտնենք, բայց այն անիմաստ է։

- Ինչու՞ ես այդպես կարծում։

- Ես ոչինչ չեմ կարծում։ Դա պարզ օրինակ է, երբ մարդը հեռանում է իր բնօրրանից և նորից քաղցր հուշերով վերադառնում, թեկուզ խաղաղ ժամանակներում, նա տեսնում է այնտեղ ամեն ինչ փոխված՝ մարդկանց դեմքերը, բակերում խաղացող անծանոթ երեխաները,  վերափոխված փողոցներն ու տները․․․և վերադարձողի առաջին զգացածը լինում է ափսոսանքը։ Նա ուզում է փախչել ու անհետանալ այդ վանող նորից, սակայն այնտեղ մշտապես ապրողի համար ոչինչ էլ չի փոխվում մինչև խորը ծերություն։

- Դու խոսում ես ուշ վերադարձողի մասին, երբ տարիները իրենց հետ տարած են լինում այդ օտարականի ծնողներին, իսկ երբեմնի հարազատ տանը նա տեսնում է հարազատին արդեն ծերացած և անծանոթ երեխաների․․․

- Այո՛, հաճախ ուշացած վերադարձը դեպի հարազատ օրրան նպաստում է նրա երազանքների և սպասումների ոչնչացմանը։

- Բայց մենք չենք գաղթել, մենք փախել ենք մեր երկիր ներխուժած թշնամուց, որի համար շատ եմ ափսոսում։

- Ինչու՞ ես այդպես խոսում՝ դու առնվազն ողջ ես մնացել։

- Կատակու՞մ ես։ Չե՞ս տեսնում, որ այս անվերջանալի անապատում մենք դատապարտված ենք ոչնչացման։ Ուշացած ափսոսանքով ես կգերադասեի մնալ հայրենի եզերքում։ Գոնե այդպես մեր վախճանը պատվավոր կլիներ։

- Եթե այնտեղ բույն է դրել թշնամին, բոլորը մեզ պես կամ փախել են կամ սպանվել, ապա ո՞վ պետք է գնհատեր քո պատվավոր վախճանը՝ թշնամի՞ն․․․

- Գիտե՞ս, ուշացած ափսոսանքը ավելի ծանր է, քան մեր ներկա վիճակը։ Եթե պարզապես քայլենք, գուցե մեր անմիտ քայլին միանա ճակատագիրը և մեզ համար մի ելք գտնի։

- Այո, ասում են, երբ մարդը թուլանում է, արթնանում է ճակատագիրը։

- Ոչ միայն մարդը, այլ ազգերը, ինչպես պատահեց մեզ հետ։

- Եվ մեր դեպքում ճակատագրի արթնացումը միակ ելքն է։

- Տե՛ս, կարծես թե լուսինը կպել է մեր մոլորակին, արի ցատկենք նրա վրա։

- Չեմ ուզում, նա մեզ կտանի ու կկորցնի։ Դու նրա տեսքին նայիր, կարծես մոտենում է, որպեսզի մեզ խժռի։

- Այդ դեպքում արի ետ դառնանք, անապատն էլ պակաս խժռողը չէ։

- Արի՛։


среда, 7 декабря 2022 г.

 

     Հենց այնպես չեմ բացակայում, ես մաքառում եմ իմ մտքերի հետ ու առերեսվում եմ անիրավության հետ։ Ինձ համար գիշերը մղձավանջ է, ցերեկն էլ անմիտ մի ամպոտ երեկո, որ թվում է թե ուր որ է պիտի մթնի․․․

Ինչու՞ է այսպես, ինչու՞․․․ Իմ բաժին աշխա՞րհն է ուրիշ, թե ես․․․

Մարդուն խանգարում է մարդը՝ հնարավորություն ունեցողը անզորին,  սակայն ասում են այս աշխարհում անհնարին ոչինչ չկա։ Չկա, երբ վերաբերվում է փողին, բայց շատ բաներ կան, որոնք անհնար են, անգամ, եթե աշխարհի ողջ փողերը վճարվի և դա պարզունակ արդարությունն է, որը գոյություն չունի՝  կյանքն է, երբ զինվոր է և այն նրան չի պատկանում՝ առողջությունն է, երբ այն խլում են մութ ներքնահարկերում կամ խոշտանգելիս՝ ազատությունն է, երբ ստրուկի կարգավիճակը արդեն արյան մեջ է, հոգու ցոփությունն է, երբ հնարավորությունը մսխվում է անմիտ ճոխություններով․․․

                                                            *** 

Երբ մարդը թքած ունի իր կյանքի վրա, նրան պատած գիշերն այլևս ցերեկ չի դառնա, իսկ երբ այն վերաբերվում է մի ողջ աղգի՝ գիշերը պատվում է խավարի հաստ քողով, որից այն կողմ ոչինչն է, ոչինչն է դարան մտած․․․


                                                                             


                                                                  ՄԵՆՔ


Միտքը չի մեռնում, այն վեր է ածվում զգացմունքի և քարշ է տալիս յուրաքանչյուրին իր հետևից։ հետևելով զգացմունքին, որին այնքան դժվար է գնհատել, իրականում մեռցնում է ներկան,քանի որ զգացածը ակամա միտքը կապում է կամ անցյալի կամ ապագայի հետ, համարյա մշտապես խլելով կամ շրջանցելով ներկան, որը ընթացքի մեջ է՝ այն կատարվող կյանքն է, որի վրա հիմնվում է անցյալը, իսկ անցյալը դառնում է անգո, ապագան էլ ո՞վ գիտե, գուցե մնա անիրականանալի ցանկությունների շղթայում։

Սա գեղարվեստական գործ չէ, այլ ապրած ու չապրած կյանքի սկիզբը, ընթացքը և երազած ապագան․․․

                                                          ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

- Այժմ, երբ մենք հասել ենք մոլորակի պռկին, հնարավո՞ր է նրա վրայից սայթակել ու գլորվել դեպի անհայտություն, որտես չկան երկրներ և չկան ուժեղ և թույլեր․․․

-Հավատս չի գալիս, որ մենք հասել ենք մոլորակի պռկին, բայց հասել ենք։

- Արի մի քիչ նստենք, ես հոգնել եմ անվերջ քայլելուց։

- Նստելու ժամանակը չէ, պետք է շարունակել քայլել։

- Բայց մոլորակը վերջացավ, տե՛ս, մենք մտանք անսահմանության մեջ։

- Մեր գտած անսահմանությունը ևս մոլորակն է, պարզապես այն դեղին գույն ունի։

- Ի՞նչ ես տեսնում այ այնտեղ։

- Կլոր գունդ։

- Լուսինն է։ Հիշու՞մ ես, մեր տնից երևում էր։

- Երազի պես եմ հիշում։ Օրեցօր հոգնածությունը լափում է իմ տաքուկ հիշողությունները։ Միայն հիշում եմ մայրիկին ու նրա պատրաստած համով ուտելիքները։

- Երևի շատ սոված ես, այլապես ուրիշ հիշողությունը կսղոցեր քո ուղեղը։

- Այո՛, ուտել եմ ուզում, բայց մեր ուտելիքից սիրտս խառնում է, այն կուլ տալ չեմ կարող։

- Արի քայլենք դեպի լուսինը, հիշու՞մ ես, երբ մայրիկը երեկոներին հեքիաթ էր պատմում, նրա հեքիաթներում լուսինը միշտ բարի էր։

- Այո, բայց միայն հեքիաթներում, ոչ իրականում։

- Դու հուսահատվում ես․․․

- Ո՛չ, ես տխրում եմ, իսկ լուսինը հեռանում է մեզանից։

- Կարո՞ղ ես երգել։

- Ինչի՞ մասին։

- Սիրո։

- Ո՛չ, այդ սերը չփրկեց նրանց, չեմ ուզում երգել դավաճանի մասին։

- Սերը մեղք չունի, մարդու սիրտը տեղ չտվեց նրան, նա էլ խռովեց ու մնաց փողոցում, իսկ թափառող առհավիրքը նրան սրբեց ու տարավ։

- Ես այդպես մտածել չեմ կարողանում, ես միայն տառապել գիտեմ և հիշել, իսկ այդ երկուսը վշտացնում են ինձ։ Ուզում եմ լաց լինել, բայց ծարավից արտասունքս էլ է չորացել։

- Վշտանալ պետք չէ։ Ես և դու այլևս ոչինչ չունենք բացի մեր կյանքից։ Երգիր խնդրում եմ առաջվա պես քո զիլ ու գեղեցիկ ձայնով, այն մայրիկին շատ էր դուր գալիս։

- Չե՛մ կարող, ես ուտել եմ ուզում ու ջուր․․․

- Ահա՛, վերցրու սա կեր։

- Չեմ ուզում, ես ախորժակ չունեմ այդ աղբի համար։

- Բայց մեր ունեցածը սա է, այն ժամանակակից կեր է։

- Ատում եմ ինձ բաժին հասած ժամանակն էլ, կերն էլ, ատում եմ իմ ժամանակի ամեն ինչը։

- Տեսնու՞մ ես, քո սիրտը սեր չունի, սերը խռովել է քեզանից։

- Ի՞նչ է սերը՝ անզոր սերը, երբ ամենուր հաղթում է ատելությունն ու ուժը՝ բիռտ ու սպանող, ավիրող ուժը։ Իմ ժամանակի սերը թուլամորթ է ու անպաշտպան․․․


                               շարունակելի