суббота, 14 августа 2021 г.

«Փչակում»

Խառնարանից դուրս թափվող հրե շիլան շուրջ բոլորը դանդաղորեն վեր էր ածում ամայության, իսկ Ֆլամեն իր մոխրե կնիքն էր դնում բնության վրա։ Օր-օրի ավելանում էին ամայացող բնակավայրերի թիվը, իսկ ծուխն ու մշուշը դարձել էին երկնքի տերն ու տիրականը։ Թվում էր այս ամենից հողն ավել էր տնքում, քան մարդը։

Արդնացած աղետը մարդուն ստիպում էր պարզապես սարսափել, իսկ խոշտանգվող բնությունը իր փրկությունը տեսնում էր նույն մարդուց։

Վագը սենյակում մենակ էր, երբ դրսից լսվող  ուժգին աղմուկը նրան ստիպեց դուրս նայել լուսամուտից՝ հրե գագաթից թափվող զանգվածը սև շիլայի վերածվելով լցվում էր բակը, իսկ մարդիկ խուճապահար այս ու այն կողմ էին փախչում փրկվելու հույսով։

Ներս թափանցող ջերմությունից Վագը սկսեց հևալ, վազելով բացեց դուռը և մնաց շվարած՝ օձի պես գալարվող սև շիլան արդեն հասնում էր դռանը։ Ուժգին փակեց դուռը և նետվեց դեպի կուբիկների տուփը, այն կախեց վզից, դիմեց դեպի դուռը։ Այն տեղի չտվեց։ Պատուհանից դուրս նայեց։ Սև զանգվածը բավականին բարձրացել էր, իսկ մարդիկ անհետացել էին։ Նա թևքով մաքրեց ճակատը, շտապեց բացել ջրի ծորակը։ Եռացող սև ջուրը ստիպեց արագ փակել ծորակը։

Վանդակն ընկած գազանի պես Վագը ելք էր որոնում՝ մեկ վազում էր դեպի դուռը, մեկ դեպի լուսամուտը։ Հանկարծ նա դուրս եկավ բաց պատժգամբ և փորձեց բարձրանալ տանիք, բայց սայթակեց և մնաց տանիքի եզրից կախված։ 

Բակում բլթացող սև զանգվածի պայթող փուչիկները սկսեցին վեր բարձրանալ։ Տղան սարսափած սկսեց օգնություն կանչել, սակայն բացի պայթող փուչիկների տարօրինակ ձայներից ուրիշ արձագանք չեղավ։ Նա հուսահատ ու վախեցած ամուր կառչել էր տանիքից շուրջն էր նայում, երբ երկու ուժեղ ձեռքեր խլեցին ու տարան նրան․․․

- Գրինյու՜ս օգնի՛ր տղային,- գոչեց Արեգանը և տղային բաց թողեց։ Վագը ընկավ երկու փարթամ ճյուղերի վրա, որոնք ճոճվելով նրան դրեցին գետնին։

Комментариев нет:

Отправить комментарий