суббота, 23 февраля 2019 г.

596-րդը


Դեպի ճամբար
Իմ աշխարհը միշտ ինձ հետ է։ Այն պատված է խիտ ու ծակող փշալարով․․․ Ոչ ոք, ոչ մի կերպ չի կարողանում մտնել այնտեղ, և ես մնում եմ մենակ ու մոլոր փշերով պատված իմ աշխարհում։ Իմ միտքը լեցուն է անցյալով, իմ հույսն իմ ապագան է, իսկ ու՞ր է ներկան, որով պետք է ապրեմ։ Փնտրելով ներկան՝ միտքս դարձրի որոշում․․․
Երբ միտքը դառնում է որոշում, այդ նույն որոշումը կարող է մարդուն ստիպել ձգտելու հնարածին մի աշխարհ՝ աշխարհ, որը գոյություն ունի միայն նրա սեփական ցնորքներում, և հաճախ իրական գույերն են, որ սթափեցնում են այդ ցնորամիտին։
Ահա, միտքս որոշում դարձրած, փոքրիկ ավտոբուսով հայտնվեցի Թրիր քաղաքում։ Լուսամուտից մոլորված նայեցի անծանոթ աշխարհին։
-          Շվարելու խնդիր չկա, իջե՛ք, փողոցն ուղիղ գնացե՛ք,- հրահանգեց վարորդն, ապա իմ իջնելուց հետո անհետացավ՝ օրերի հետ ինձ համար արդեն հարազատ դարձած ավտոբուսով հանդերձ։
Առաջին անգամ էի Գերմանիայում։ Անծանոթի պես շարունակ շուրջս էի նայում, այնուհետ, իմ կարծիքով՝ վերջապես կողմնորոշվելով, քայլեցի լայնարձակ փողոցով։ Դեռ դպրոցից գիտեի այդ երկրի խոշոր քաղաքների անունները։ Ինձ համար ամենակարևորը Բեռլինն էր։ Այն բացառապես պատմական նշանակություն ուներ, քանի որ, դպրոցում մեզ պարտադրում էին սերտել մեծ հայրենականի մասին դասերը։
Նախկինում երբեք չէի լսել Թրիր քաղաքի մասին, չնայած, այն իմ հայրենիքի մայրաքաղաքից էլ մեծ էր։ Որպես Գերմանիայի ամենահին քաղաք՝ Թրիրն ուներ մի քանի հին կառույցներ։ Առաջին հայացքից Թրիրը գեղեցիկ էր։ Այն մի տեսակ լուսավոր թվաց՝ լայնարձակ  ու հյուրընկալ փողոցներով, թե՞ օրն էր արևոտ․․․ Ակամա հրապուրվեցի այդ քաղաքով։
Քայլում էի՝ մշտապես շուրս նայելով։ Անցորդները կարգապահ ու համեստ տպավորություն էին թողնում։ Ես, հոգնած ու անծանոթ, մարդկանց հոսքի հետ, քարշ էի տալիս իմ ճամպրուկը դեպի անորոշություն։ Նրանց հետ կանգ էի առնում, երբ կարմիր լույսն էր վառվում, մի ակնթարթ ինձ զգում էի նրանցից մեկը, սակայն, երբ նորից մնում էի ճամպրուկիս հետ, դառնում էի առաջվանը՝ մոլորված ու  փնտրող։
Ուղիղ փողոցի աջ կողմում երևաց բարձր, կիսաքանդ, հին դարերից նորօրյա սերնդին հասած, կարծես հրդեհից փրկված, սև մանրաքարերից կառուցված կիսաավեր ամրոցը, որին հիացմունքով ու մեծ հետաքրքրությամբ  դիտում էին շատ զբոսաշրջիկներ։
Իհարկե, կանգ չառա, միայն կողքից նայելով, շարունակեցի քարշ տալ ճամպրուկս։ Հատելով խաչմերուկը՝ հայտնվեցի նեղ ու անշուք մի փողոցում, որի աջակողմյան մասի խորթուբորթերը ծածկված էին տարբեր տրամաչափի և ձևի տախտակներով՝ մի մասը նաև կամրջի դեր էր կատարում։ Դիմացից երևացին մարդկանց մի քանի խմբեր, նրանք խիստ տարբերվում էին այն լայնարձակ փողոցի անցորդներից։ «Ազուլներ են», անցավ իմ մտքով և ավելի ինքնավստահ սկսեցի քայլել, սակայն որքան առաջանում էի, նույնքան մոլորվում էի և հուսահատվում, ուստի խուճապի մատնված, ետ դարձա եկած ճանապարհով, հայտնվեցի կայարանում:

Комментариев нет:

Отправить комментарий