вторник, 26 февраля 2019 г.

596-րդի շարունակությունը


Անբարեկարգ փողոցը հատելուց հետո, խմբին հետևելով՝ հայտնվեցի ավելի նեղ ու անհարմար փողոցում, սակայն որքան էլ այն անհարմար լիներ, բոլոր անցորդները հարմարվում, անցնում էին։ Ես նույնպես անցա։ Հերթական փողոցը հատելուց հետո, փոքրիկ խաչմերուկից երևաց լայնարձակ, կանաչ այգին։ Ակամա, ինձ ուղեկցող խումբը ցրվեց։ Միայն մեկ զույգը շարունակեց ճամփան։  Ճամպրուկս քարշ տալով, որն այդ օրերին իմ ամենաատելի առարկան էր աշխարհում՝ հետևեցի նրանց։
Երևացող բարձր, սպիտակ շենքը ճամբարն էր, բայց այն ոչ այլ ինչ էր, քան մի ամբողջ համալիր։ Մոլորված, մնացի այգում կանգնած։ Անգամ այգու կենտրոնում գտնվող փոքրիկ լճակում լողացող սպիտակ կարապների զույգով չկարողացա հիանալ։ Միայն հոգուս խորքում նախանձեցի այդ գեղեցիկ ու բախտավոր  էակներին։
Մինչ մոլորյալս նախանձում էր մարդու ձեռքով գրված օրենքի իմաստը չհասկացող թռչուններին, մոտակա ծառերի արանքից երևացին սպիտակ վրանների մասնիկները։ Ուղղվեցի այն կողմ և չսխալվեցի։ Ծառերի հակառակ կողմը մարդաշատ էր։
Ես՝ օտարականս, օտար երկրում շարունակ շուրջս էի նայում․ նայում էի և ոչինչ չէի տեսնում։ Հուսահատությունն ու վախը կուրացրել էին ինձ։ Սկսեցի ակամա առաջ խցկվել, կարծես սարսափելով մենակությունից կամ հերթական գիշերը դրսում հայտնվելուց։ Իմ մեջ նորից ինչ որ բան մեռավ, երբ մտա շենք։ Մարդաշատության և տիրող աղմուկի մեջ փորձեցի կողմնորոշվել, թե որ կողմ կարելի է գնալ։

Комментариев нет:

Отправить комментарий