вторник, 28 сентября 2021 г.

                                               ՄՈՂԵՍՆԵՐԻ ՁԱԳԵՐԸ


Աղետից փրկվելով, նրանք ակամա դարձան արկած որոնողներ։ Ճանապարհը, որով քայլում էին, թվում էր այն մի անտես ուժի հրաման է կատարում։ Հետզհետե ճանապարհը նեղացավ, դառնալով արահետ։

- Տարօրինակ է՝ այս անվերջանալի ճանապարհը ու՞ր կարող է տանել մեզ,- հուսահատվեց պատանին, ուսերը թոթովելով։

- Չգիտեմ, բայց ուրիշ տարբերակ էլ չեմ տեսնում,- նույն տրամադրությամբ արտաբերեց աղջիկը։

- Նորից այն լույսը,- մատնացույց արեց Վագը, նայելով Էդգարին, բայց նա մնաց անտարբեր։

- Արդեն շատ մութ է, կարծում եմ ժամանակն է օգտվել  սրտիկներից, առաջարկեց պատանին։ Մինչ նրանք կօգտվեին սրտիկներից, լսվեց ագռավների կռկռոցը  փչելով թեթև քամի։

- Թո՛ղ սրտիկները, պառկեցի՛նք,- գոչեց Էմմին և նետվեց ճամփեզրի քարաքոսների մեջ, մյուսները հետևեցին նրան։ Սև երամը, որը մթին համարյա անտեսանելի էր, աղմկելով անցավ նրանց գլխավերևով։ Նորից տիրեց լռություն։ Էդգարը առաջինը ոտքի կանգնեց, ցավից ծամածռելով դեմքը, իսկ աղջիկն ու Վագը նաև խուլ տնքում էին քարաքոսների պատճառած ցավից։ Հետզհետե արահետը դարձավ զառիվեր ու ոլորաններով։

- Դուք տարօրինակ ոչինչ չե՞ք նկատում,- հարցրեց աղջիկը։

- Չլինի՞ նորից արահետի երկարությունն է քեզ զարմացնում,- փորձեց կատակել պատանին։

- Ո՛չ, պարզապես առանց հեգնելու պետք է որ զարմանաս՝ որքան բարձրանում ենք, ցրտելու փոխարեն, օդը ավելի է տաքանում։

- Քանի որ արդեն ոչինչ էլ զարմանալի չէ, ուստի փոխարենը հասցնում եմ միայն շնչահեղձ լինել,- հևալով արտաբերեց պատանին և համարյա վայր ընկավ։ Էմմին ու Վագը նույնպես նստեցին։ Լուսաբաց էր, երբ նրանք հատեցին վերելքը, հայտնվեցին սարի գագաթին։ Գիշերվա ավարտի հետ մարեց նաև խորհրդավոր լույսը։

Ճամփորդները թևաթափվեցին լուսաբացի մատուցած նոր անակնկալից։ Վերևից երևացող նոր տեսարանը կազմված էր անթիվ միանման քարերից, որոնց լրացնում էին վերևից կախված շերտավոր լեռները։ Եթե տեսարանը վտանգավոր չլիներ, կարելի է ասել՝ այն բավականին գեղեցիկ ու գայթակղիչ էր, բայց ճամփորդների հիասթափությունը փոխվեց հուսահատության, երբ առաջանալով դեպի լեռնանացքի կենտրոն, հանդիպեցին հազարավոր միանման ձվաձև, սպիտակ քարերի։

- Թվում է, մեկը խնամքով այս քարերը դասավորել է այս ամայի վայրում,- նկատեց Էմմին։

- Երևի ցանկացել է գործով անմահանալ,- նորից կատակեց պատանին։

- Թող հեգնանքդ, բայց այստեղ հաստատ ինչ որ բան այն չէ,- նեղսրտեց Էմմին,- Ահա՛, նայի՛ր,- ձեռքով ցույց տվեց նա,- Այդ քարերից հետո նույն արահետը շարունակվում է։

- Եվ մեր միակ ելքը այս տարօրինակ քարերը հատելն է,- տրտմեց Վագը։

- Գուցե այդ քարերը անքան էլ քարեր չե՞ն, ինչպես մեզ է թվում։

- Իսկ ի՞նչ կարող են լինել,- զարմացավ աղջիկը պատանու ասածից։

- Դե՜,- ծոր տվեց պատանին,- Ասենք թե ինչ որ կենդանու ձվեր։ Տե՛ս, նրանք այնքան միանման են։

- Այսքան շա՞տ և ի՞նչ կենդանի կարող է միանգամից հազարավոր ձվեր ածել,- զարմանքից բացականչեց Էմմին, գլուխը ափերի մեջ առնելով։։

- Գուցե իսկապես քարեր են և ես եմ չափազանցնում,- կարծես պատանին փորձեց հանգստացնել վախեցած ընկերներին և առաջ ընկավ,- Եթե անագամ քարեր չեն, մենք այլ ընտրանք չունենք,- Վագն ու Էմմին լուռ հետևեցին նրան։

Սարի գագաթից իջնելը ավելի հեշտ էր, քան բարձրանալը, ուստի շուտով նրանք հայտնվեցին թվացյալ քարերի մեջ։ Տոթը սկսեց ավելի նեղել ճամփորդներին։

- Ահա՜ թե որտեղի՞ց է տարածվում այս խեղդող օդը,- ծոր տվեց պատանին։ Նույն պահին ձվաձև քարերից մեկը շարժվեց, սկսեց ճաքել։ Ճամփորդները երկյուղած հայացքները հառեցին շարժվող քարին։

- Այնպիսի տպավորություն է, կարծես սրանք մեզ էին սպասում,- մրմնջաց Էդգարը, աչքը չկտրելով բացված տեսարանից։ Թվացյալ քարը երկու կես եղավ և մի կեսից դուրս ցցվեց լորձաթաթախ մողեսի գլուխը։

- Ուրեմն սրանք քարեր չեն, այլ մողեսի ձվեր են,- հուսահատված համոզվեց Էմմին,- Ի՞նչ անենքէ ետ գնա՞նք։

- Ո՛չ, մենք նահանջելու տեղ չունենք։ Նորից սարը բարձրանալու փոխարեն, փորձենք հատել այս վտանգավոր միջանցքը,- հրահանգեց Էդգարը և բռնելով Վագի ձեռքը քայլեց անթիվ ձվերի միջով, Էմմիին մնում էր հետևել նրանց։

Մինչև նրանք կարող էին հատել լեռնային միջանցքի կեսը, համարյա բոլոր ձվերը սկսել էին կենդանության նշաններ ցույց տալ՝ կամ ճաքում էին կամ շարժվում։

Բացված տեսարանից ահաբեկված, ճամփորդները փորձեցին վազքով հատել միջանցքը, բայց տարածվող հեղձուցիչ օդը դժվարացնում էր առաջընթացը։

Իրար հետևից ցցվող գարշելի գլուխներից թափվում էր լորձանման հեղուկը, իսկ ձվերի ճայթճայթյունը և անդադար ավելացող ձագերի սվսվոցը գագաթնակետին էր հասցնում նրանց սարսափախառը հուսահատությունը։

Ցցվող մողեսների գլուխները սկսեցին օրորվել։

- Նրանք ուտել են ուզում,- նկատեց Էդգարը,- Շուտով կհայտնվեն նրանց ծնողները և մեր վերջը հենց այստեղ էլ կգա։ Շտապե՛ք,- բղավեց պատանին և Էմմիին ու տղային իրենից առաջ թողեց։ Ձվերից թափվող հեղուկից շուտով լճակ գոյացավ։ Նրանց համար առաջ շարժվելը ոչ այնքան դժվար էր, որքան զզվելի․․․


Комментариев нет:

Отправить комментарий