воскресенье, 26 сентября 2021 г.

                                                   ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԱՄՐՈՑԸ


Ագռավամարդու ճանկերից խուսափելով, Վագը հայտնվեց կաղնու փչակում։  Նայեց շուրջը, սակայն մութը թույլ չտվեց որևէ բան տեսնելու։

Գետինը երերաց, հետզհետե տղայի շուրջը լուսավորվեց։ Նա երկու ձեռքերով ամուր գրկեց կուբիկների տուփը։

- Մի՛ վախեցիր, այստեղ ոչ ոք չի կարող քեզ վնասել,- Վագը զարմացած նայեց անծանոթին․

- Դուք ո՞վ եք։

- Դավիդն եմ՝ Հավերժության ամրոցից։

- Որտե՞ղ է Հավերժության ամրոցը,- երանությամբ հարցրեց տղան։

- Ահա՛, նայիր այն կողմ և կտեսնես,- Դավիդը ձեռքով ցույց տվեց երևացող պայծառ լույսը, որտեղից դեպի իրենց էին վազում Էմմին և Էդգարը։

- Դուք այստեղ երկար մնալ չեք կարող,- երբ պատանին ու աղջիկը միացան նրանց, ասաց Դավիդը։

- Այստեղ այնքա՜ն գեղեցիկ է ու խաղաղ,- մելամաղձկոտ ծոր տվեց  Էմմին։

- Այնտեղ օրեցօր հզորանում է չարը և եթե Ֆլամեն շարունակի նույն ոգով մարտնչել Գրինյուսի դեմ, ապա դժվար թե կարողանաք ելք գտնել, իսկ դուք պարտավոր եք հաղթելու չարին։ Այժմ լսեք ինձ,- շարունակեց Դավիդը,- Այստեղից դուրս գալով գնացեք արևի կողմը, այդպես ավելի ճիշտ կկողմնորոշվեք։ Նա ձեզ ուժ կտա։ Նաև մի մոռացեք զգուշանալ Ագռավամարդուց՝ նա Վանդև- Կուբիկի և ԼԻվանի աջ ձեռքն է։ Նրանց նպատակն է տղային իրենց ճանկը գցել։

- Իսկ տղան նրանց ինչի՞ն է հարկավոր,- հետաքրքվեց Էդգարը։

- Ժամանակին կհասկանաք, իսկ հիմա ձեր խնդիրն է պաշտպանել տղային,- մոտիկից լսվեց ծանոթ ու հարազատ մեղեդային ձայնը, հայտնվեց Արեգանին։

- Ահա՛ ինքը՝ Հավերժության ամրոցի տիրակալը,- նկատելի ուրախացավ Դավիդը։

- Վերադարձե՛ք ձեր երկիրը,- հրահանգեց Արեգանին, Դավիդի հետ քայլեց դեպի երևացող ամրոցը։ Երբ նրանք միաձուլվեցին լույսի հեղեղին, նորից տիրեց խավարը։ Երեք մոլորյալներ հայտնվեցին կաղնու փչակում։

Էդգարը գլուխը դուրս հանեց փչակից,- Լուսանում է, պետք է շտապել,- դեպի վեր նայելով, ասաց նա։ Մոտիկից լսվեցին ականջ ծակող կռկռոցները,- նորից նա,- սրտնեղեց պատանին և ներս քաշեց գլուխը։

- Թվում է, նրանք ոչ թե թռչում են, այլ իրար խռնված աղմկում են,- լսողությունը լարելով, եզրակացրեց աղջիկը։

Գիշերային որսի դուրս եկած սև երամից փախչելը այնքան էլ հեշտ չէր, որքան էլ նրանց պատսպառեր անտառը։

Փչակից դուրս գալով, նրանք երկար քայլում էին խիտ ծառերի միջով, սակայն այն հետզհետե սկսեց նոսրանալ, ի վերջո անտառը անհետացավ։ Այնտեղ մխրճված Ագռավամարդու բանակը օդ բարձրացավ։ Բարեբախտաբար նրանք չնկատեցին, թե ինչպես երեք հոգի թաքնվեցին ճանկռոտող քարաքոսների մեջ։ Նրանք քարաքոսների միջից տեսան ագռավների հեռանալը, որից հետո հայտնվեց Ֆլամեն անթիվ հրե թռչունների հետ։

- Ահա՛ թե ինչու՞ Գրինյուսն անհետացավ,- շշնջաց պատանին։

հետզհետե երկինքը մաքրվեց թռչող արարածներից։ Նրանք շարունակեցին ճանապարհը դեպի արևելք։

Օրը անցավ։ Սկսեց Մթնել։ Նրանք դեռ քայլում էին քարաքոսների միջով։

- Տեսե՛ք այնտեղ լույս է երևում,- անսպասելի գոչեց Էդգարը, ցույց տալով դեպի արևելք,- Կարծես այն կախված է երկնքի ու երկրի միջև,- ավելի ոգևորվեց նա և սկսեց վազել դեպի լույսը։

- Սպասի՜ր, իսկ մե՞նք, Վա՞գը,- պատանու հետևից ձայն տվեց աղջիկը, սակայն նա շարունակում էր վազել, առանց ետ նայելու։

- Կարծես կախարդված լինի,- տխուր շշնջաց Վագը և ամուր սեղմեց կուբիկների տուփը։

Էմմին մնաց շվարած՝ նա չգիտեր, վազելով ետ բերեր անմիտ ընկերո՞ջը, թե մնար Վագի մոտ, որպեսզի նրան էլ չկորցներ։

Քայլելու հետ մեկտեղ Էմմին հայացքով փնտրում էր Էդգարին։

- Թո՛ղ ինձ, գնա՛ նրա հետևից,- նկատելով աղջկա անհանգստությունը ասաց վագը,- Ինձ համար մի անհանգստացիր, ես կարող եմ ինձ պաշտպանել։

- Չեմ կարող,- անվճռական պատասխանեց Էմմին։

- Գնա՛, գուցե այդ լույսը թակա՞րդ էր, Գուցե Էդգարը օգնության կարի՞ք ունի, գնա, ես կհետևեմ քեզ,- պնդեց տղան, երկու ձեռքերն ամուր սեղմած կուբիկներին։ Աղջիկը զարմացած նայեց տղային,- Թո՛ղ ինձ, գնա՛, ես կարող եմ ինձ պաշտպանել,- կրկնեց Վագը։ Էմմին դանդաղ թողեց տղայի ձեռքը, սկսեց վազել, հաճախ ետ նայելով․․․

Комментариев нет:

Отправить комментарий