пятница, 21 января 2022 г.

                                           

                    ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ


Մեր երկիրը հին է ծովերի ու հավերժական լեռների պես, սակայն նրա գոյությունը նման է ժայթքող ու հանգող հրաբխի՝ մեկ ասպատակել են օտարները, մեկ բնական աղետները, սակայն դառն ու անմոռանալի է եղել ներսինների ասպատակումը։ 

Օտարը այնքան շատ չի դրդել մեզ լքելու մեր հայրենիքը, որքան տեղացի վաշխառուն։ 

Ապրեցինք յոթանասուն երկու միապաղաղ տարիներ, որում մեր սահմանը ամրագրված էր օրենքով, իսկ մենք՝ հայերս իրավահավասար էինք շատ ժողովուրդների հետ։

Ժողովուրդը մոռացել էր արտագաղթն ու արտագնա աշխատանքը, բացառությամբ արարատյան դաշտի բնակիչների։ Եվ խաղաղված ու հանգիստ առած ժողովրդի հիմնական հոգսը խաղաղ աշխատանքն էր՝ դաշտավարություն, անասնապահություն։ Ի՞նչ խոսք՝ զարգանում էր գյուղատնտեսությունը, իսկ հայ շինականը և ընդհանրապես ազգի զարգացմանը համընթաց նաև բազմանում էր։ Շուտով մայրաքաղաք Երևանը ունեցավ մեկ միլիոն բնակչություն՝ դա երազանք էր և կատարված երազ մեր անցյալ նախնիների շատերի համար։ Կարծես մետրոպոլիտենը կառուցվեց, որպես բնակչության աճի խորհրդանիշ․․․

Ուսումնական հաստատությունները եռռում էին ուսանողների բազմությամբ։ Այդ սերունդը երջանիկ էր, անգամ եթե ամբողջ տարին կրում էր նույն տաբատն ու նույն կոշիկները։

Անցան տարիներ և անցնող տարիների հետ այդ երջանիկ տարիները համարվեց, որպես լճացման տարիներ։ Հայն առաջինը ձեռքն առավ քլունգն ու բահը քանդելու, ավիրելու իր յոթանասուներկուամյա քրտինքը։ Եվ ստացվեց, քանզի խարխլված էր Խորհրդային Միության հիմքը և այդ հիմքով կարծես խարխլվեց ողջ աշխարհի հիմքը։ Շատ ազգեր ի զեն կոչեցին՝ ետ բերելու կորցրած տարածքները։ Նման մտածողների շարքերում էր նաև հայ ազգը։ Սակայն, ինչպես ցեղասպանության ժամանակ հույնը և հրեան նորից խոհեմ գտնվեցին, նույնկերպ վարվեցին երկրորդ փուլում և որքան էլ թանկ լիներ նրանց համար թուրքին տանուլ տված տարածքները, այդուհանդերձ նրանք զերծ մնացին կոտորածից, որքան էլ ավելի մարտունակ ու պատրաստի բանակ ունենային։

Դե մերն ուրիշ է՝ մեր սիրտը արկածների կարոտ էր։ Գտածի մեջ նորից որոնում ու որոնում էինք, տուրք տալով ու հերոսացնելով արկածախնդիր անկախականներին, ինչպես նաև դաշնակներին։

Հայ ազգը չմտածեց ու հեռուն չնայեց, չանհանգստացավ վաղվա սերնդի ապագայի համար՝ նա տրվել էր իր ցնորքներին և տնտեսությունը քանդող նույն բահն ու քլունգն առած ելավ մարտի, իսկ թիկունքից, տաքուկ անկյունում շնթռած նրան «դուխ» էր տալիս ղարաբաղյան կլանի հհշ մասնաճյուղը։ 

Բաց աչքերով կույրեր էինք, մեզ հերոսացնում ու առած կոտոշներին նետում էին անդունդը, իսկ մենք հիմարավարի քրքջում ու հաջորդ  անմիտ քայլն էինք անում։ Քայլեցինք անդունդների ու ականների վրայով, մինչև վերացրեցինք վերջին ազգային սերուցքը։ Մերկ ձեռքերով մնացինք դեմ դիմաց ներսի ՝ մեր իսկ ձեռքերով սնած ու աճեցրած ախոյանին․․․(շարունակելի)

                           

Комментариев нет:

Отправить комментарий