четверг, 12 декабря 2019 г.

Ապրած կյանքի համը (շարունակություն)


-       Ամենու՞ր ես, իսկ ինչու՞ նաև այստեղ՝ ինձ մոտ չես,եթե ամենուր ես,- հայացքի տակից շշնջաց Լիզան, փորձելով  նորից ժպտալ։
-       Թեկուզ քո կանչով, բայց ահա՝ նաև այստեղ եմ,- պատասխանեց նա և թիկնեց պատին, ԼԻզայի թևից բռնելով, քաշեց դեպի իրեն,- Դե խոսիր, ինչու՞ ես կանչել,- առանց պատասխանի սպասելու գրկեց նրան, ուզեց համբուրել, Լիզան ետ քաշվեց, հենվելով պատին,  հետևում պահած մի քանի էջ նամակը թափվեց գետին։
-       Սա ի՞նչ է,- նամակը բարձրացնելով, հարցրեց Կիմը։
-       Հենց այնպես,- սկսեց Լիզան,- Տուր, հետաքրքիր ոչինչ,- ապա ձեռքը մեկնեց ետ վերցնելու այն։
-       Դե՜, եթե ոչինչ, անհանգստանալու բան էլ չկա, կարելի է պարզապես նայել,- ասաց նա, և փորձեց աչքի տակով անցկացնել։
-       Ո՛չ Կիմ, միայն ոչ այդպես։ Նախ լսի՛ր ինձ,- Լիզան որքան էլ աշխատեր չնսեմանալ, շրջանցելով խնդրելը, բայց նրա խոսքերից աղերսանք էր կաթում,- Այն իմն է՝ ես եմ գրել, վերադարձրու,- ձեռքը երկարացրեց, ետ ստանալու նամակը։
-       Ինչու՞ ես այդպես անհանգիստ, ինչ որ մեկի՞ն ես գրել,- ավելի լրջորեն տրամադրվեց ծանոթանալու նամակի բովանդակությանը։
-       Ո՛չ, այն քեզ եմ գրել, բայց հետո․․․,- Լիզան ափսոսանքով լռեց․․․
-       Հետո ի՞նչ,- ավելի հետաքրքրվեց Կիմը, մոտենալով պատին հենված Լիզային։
-       Հետո, համարեցի պետք չէ, բայց չհասցրեցի ոչնչացնել,- կմկմաց Լիզան, այս անգամ հևալով։
-       Ուրեմն հետաքրքիր է, եթե իմն է, անպայման պետք է կարդալ,- ինքնավստահ ժպտաց Կիմը և  քայլեց տուն տանող ճամփով,- Արի գնանք, այստեղ ցուրտ է, բայց չքնես, ես կգամ ձեր տուն-  ասաց նա և կորավ մթության մեջ։ Լիզան վախվորած մի հայցք գցեց նրա հետևից, քայլեց դեպի տուն․․․


Կիմը  հևալով ներս ընկավ երկհարկանի տան բակում, դարպասն առանց փակելու բարձրացավ երկրորդ հարկ, սրտատրոփ բացեց նամակը, ուզեց կարդալ, հետո միայն նկատեց, որ մութը խանգարում է։ Քթի տակ ժպտաց, ապա վառեց լույսը և մի շնչով կարդաց այն, այնուհետև կարծես հաճելիից հագեցած ժպտաց, խորը շունչ քաշեց, ետ հենվելով աթոռին, աչքերը փակեց։
-       Ես հաղթեցի, բայց․․․,- հանկարծ Կիմը տեղից վեր թռավ, նամակը սեղանից խլեց, ծալեց, նայեց շուրջը, հետո հանգիստ մոտեցավ, դրեց բարձի տակ, հաղթական նայեց ժամին, քայլեց դեպի դուռը։



Լիզան այլևս նահանջելու տեղ չուներ։ Նրա համար գիշերը ցերեկ էր՝ ցերեկը գիշեր․
« Նա խոստացել էր և պետք է գար»․ մտածում էր նա, հաճախ նայում   ձյունապատ ճամփին։
-        Ահա և նորից եկա,- հևալով շշնջաց Կիմը և փարվեց կուչ եկած Լիզային,- Ինչու՞ ես կծկվել,- զարմացավ նա,- Չէ՞ որ ես եկա, ուրեմն քո նամակի բովանդակությունն ինձ  դուր է եկել։
-       Ցուրտ է․․․ Իսկ քո շունչը կտրվում է,- նկատեց Լիզան, կուչ գալով Կիմի գրկում, բայց նույն պահին շանթվածի պես ետ քաշվեց․
-       Որքան հասկացա, դու կարդացել ես իմ նամակը։
-       Այո՛, և ես երջանիկ եմ, իսկ ի՞նչ կա որ, դու ուրախ չե՞ս ինձ տեսնելու․․․

Комментариев нет:

Отправить комментарий