суббота, 28 января 2012 г.

Նախօրեին

-Նա կտապալի ընտրությունները և նորից ետ կգա ինքը,- ինձ սթափեցրեց կողքի խոսող տղամարդը, որը ոգևորված հրապարակ էր հասել շուկայից` գնումները ձեռքին: 
-Նայեցե'ք, նկարի մեջ անգամ նա խրտվիլակի է նման,-նայեցի հարթակին, որտեղից խոսում էր առաջին նախագահը` մատնացույց անելով կիսակառույց շենքին, և ես ետ նայեցի ու տեսա ողջ հասակով ամրացված էր նոր նախագահի հսկա պատկերը:
Այո', նա հաղթողի տեսք ուներ, բայց որքան էլ հպարտ կեցվածք ունենար, ի?նչ կարող էտալ իր ժողովրդին այս քարուքանդ երկրից:  Իմ հայացքը սահեց ու կանգ առավ հարթակին, որտեղից արդեն լսվում էր քոչարին, իհարկե, ռեմիքս արված: Ելույթն ավարտելով` առաջին նախագահը գրպանից հանեց թաշկինակը, սկսեց պարել` սկզբում մենակ թափահարելով թաշկինակը, հետո նրան միացան պաշտոնանկ նախարարները և սնանկ մտավորականները. "Նա ամեն ինչի ընդունակ է".- անցավ իմ մտքով: Քոչարու թեժ պահին ես լքեցի հրապարակը` մի քիչ ամաչելով նրա փոխարեն: Դուրս եկա բազմության միջից, դեռ չէի հասել հյուսիսային պողոտա, երբ հանդիպեցի մի խումբ մարդկանց, որոնք տաքացած խոսում էին, ես դանդաղեցրի քայլերս.
-Որ եկել է, ուրեմն նա կհաղթի,- ասաց միրուքավոր մի տղամարդ:
-Ա'յ ընկե'ր, ի?նչ հաղթել, ի?նչ պարտվել: Նա ընդամենը պատվեր է կատարում, և բոլորն էլ լավ գիտեն: Նա դեռ 90-ականներին թքած ուներ ժողովրդի վրա,- սաստեց միրուքավորին ավելի տարեց մեկը, երբ մի ուրիշն ասաց.
-Ես քաղաքականությունից գուցե բան չեմ հասկանում, բայց մի բան շատ պարզ է: Նա` այդ առաջին նախագահը ոչ մի հստակ ծրագիր չունի, դուք չե?ք նկատել` նա կրկնում է բոլոր անցյալի լոզունգները:
-Իսկ գուցե ունի և դեռ վաղ է,- նորից հույսով խոսեց միրուքավորը, որի պատասխանը նյարդայնացրեց տարեց մարդուն:
Է~հ, միամիտ մարդ արդեն ո?րերորդ օրն է նա ժողովրդին փողոց է հանել և ոչ մի որոշակի քայլ:
-Իսկ ի?նչ եք կարծում պատերազմ կլինի,-ես ակամա մոտեցա և հարցրի: Իմ հարցին պատասխանեց տարեց տղամարդը.
-Ի?նչ պատերազմ, անցյալում դա այլ էր: Նա ընդամենը լավ հռետոր է, իսկ մնացածում հույսը դնում է խելոք գաղափարների վրա:
Նրանց զրույցը քիչ-քիչ վերածվեց վեճի, և ես թողեցի նրանց ու քայլեցի: Այնպիսի տպավորություն էր` կարծես ողջ քաղաքը հեղեղված լիներ ոստիկաններով և զինվորներով: Նրանք այնքան շատ էին, որ ես ստիպված էի քայլել հենց նրանց շարքերի միջով: Նայելով 18-ամյա նորակոչիկներին` ես զարմանում էի` մի?թե... Նրանց ինչու? են հանել ժողովրդի դեմ: Հանկարծ քիչ հեռվից մեկը ինձ էր կանչում, նայեցի` ծանոթ ոստիկան էր: Նա մոտեցավ և զարմացած հարցրեց.
-Դու?, ի?նչ ես կորցրել այստեղ:
-Այստե?ղ, պարզապես քայլում եմ:
-Ես լուրջ հարց եմ տալիս,- նրա պատասխանից իմ դեմքի ժպիտը չքացավ, և ես պատասխանեցի.
-Դե, հետաքրքիր է:
-Այս ամենը քեզ պետք չէ, իմ խորհուրդը` տուն գնա:
-Ինչու?
-Այսուհետ անվտանգ չէ, մեզ հրամայված է գազ բաղ թողնել, կամ ջրի շիթ, իսկ այսօր դեռ ձմռան վերջին օրն է:
-Իսկ ինչու?, և ո?վ է հրամայողը, եթե, ես որքան գիտեմ, նորընտիր նախագահը Մոսկվայում է:
-Ես չգիտեմ, ո?վ է հրամայել, բայց պարզ գիտեմ, որ դա հրաման է և պետք է կատարվի: Ցույցերը կցրեն, իսկ ես չէի ցանկանա դու այնտեղ լինեիր:
-Ինչպե?ս, մի?թե ոստիկանն ու զինվորը նույն ժողովրդից չեն,- զարմացած զայրացա ես:
-Դե գիտես` մեզ համար սա աշխատանք է, և ոչ ոք չի ցանկանում կորցնել այն:
-Պարզ է, մենք որպես ազգ դժբախտ ենք յուրովի,- փորձեցի փիլիսոփայել, բայց...
-Է~հ, ինչ դժբախտ, ինչ բան, տուն գնա' և վե'րջ, ես չէի ցանկանա ընդհարում լիներ, բայց եթե լինի...
-Ես ցուցարար չեմ,- հստակ պատասխանեցի նրան:
-Եթե նրանց մեջ ես, ուրեմն ո?վ ես,-ափսոս այդ պահին կանչեցին նրան, և ես մնացի նայելով նրա ետևից, հանկարծ նա նորից ետ վազեց և ականջիս շշնջաց.
-Տուն գնա', հավատացնում եմ զոհեր էլ կլինեն,-նա վազեց ու խառնվեց ոստիկաններին, իսկ ես, նրա վերջին խոսքերից քարացած, մեկ նայում էի բազմությանը, մեկ զինված ուժերին, մեկ էլ դառնում նայում էի գեր ոստիկանների խմբին, որոնք առանձին կանգնած անտարբեր հայացքով ուղեկցում էին յուրաքանչյուրին և յուրաքանչյուրի մեջ էլ տեսնում էին գործող իշխանության թշնամու: 

Комментариев нет:

Отправить комментарий