четверг, 26 января 2012 г.

Նա անցյալն է

Ես փնտրում էի ուրիշին, որն այդ պահին, կարծես կարդալով իմ միտքը, "Միացու'մ, միացու'մ" վանկատելով, երևաց ամբիոնին: Նա տիրական բարձրացրեց ձեռքը, և երաժշտությունը լռեց: Բարձրախոսից հնչեց վաղուց անցած, բայց ծանոթ ձայնը: Ես, քսան տարի ընդմիջումից հետո, նորից լսեցի նրան: Նա քիչ էր փոխվել, փոխվել էր նրա վերարկուի գույնը և հիմա առանց գլխարկի էր: Ես ոտքից գլուխ չափեցի նրան, և իմ հայացքը մեխվեց ու մնաց նրա վերարկուի փեշին: Վերարկուն հնամաշ էր, իսկ ահա փեշին ծխախոտի այրվածքի հետք կար: Քիչ բարձրացնելով հայացքս` այն մնաց նրա ձյունաճերմակ օսլայված վերնաշապիկին, որի օձիքը նրան ազդեցիկ տեսք էր տալիս: Ես հասկացա, որ առաջին նախագահը հագուստի հարցում անգամ հակասում է ինքն իրեն: Հայացքս, իմ զարմացած լսողության հետ, երկար մնաց նրա շուրթերին, որոնք խոսում էին հանգիստ, բայց ինչ որ տիրական շեշտ կար նրա հնչեղ հռետորական ձայնի մեջ: "Ահա', նրա հաղթանակի ուժը".-անցավ իմ մտքով: Ես երկար չէի կարողանում հայացքս կտրել այդ մարդուց, որը առաջին նախագահի դիրքից հասել էր հրապարակային ցուցարարի: Ես ցավով նկատում էի, որ նա յուրաքանչյուր խոսքի մեջ աշխատում էր անցյալի սեփական սխալներով մրոտել` նորընտիր` դեռ չաշխատած նախագահին: Աղմկող բազմության մեջ ես, անշարժ կանգնած, հայացքս սևեռել էի այդ մարդու վրա և մտովի զուգահեռ անցկացնում անցյալի ու կատարվողի միջև: Ավա~ղ, տարբերություն չգտա: Այն ժամանակ էլ նա եկավ, որպես ընդդիմություն, բայց մնաց որպես հաղթած: Այո', այն ժամանակ, ցավոք, այդպես էր, և պետք է այդպես լիներ, իսկ հիմա`հիմա այն է. նա շրջապատված է պաշտոնանկներով և պարտված է պաշտոնանկներով և պարտվածներով: Ես լուռ հայացքս թեքեցի  ետ և ամենուր տեսա շատ ոստիկանների, հետո հասկացա`նա անզոր է այս ոստիկանների և այն մեքենաների թափքերում խցկված անթիվ զինվորների դեմ: Նորից նայեցի նրան և համոզվեցի, որ ոչ ոք նրա շահերը չի պաշտպանի: Նա անցյալն է:

Комментариев нет:

Отправить комментарий