понедельник, 28 февраля 2022 г.

                                          

                           ՄՈԼՈՐՎԱԾ ՀՈԳԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Տխրությունն է մարդու հոգին ավելի մաշեցնո՞ղ թե անցյալի հիշողությունը։ Շոպենի երաժշտությունը ունակ է քրքրելու մարդու հոգին և այնտեղից դուրս բերելու ողջ անցյալի ելևեջները և այդ ամենից կերտելու իրական պատմություն։

Հոգին ունակ է խռովելու ժամանակից և պտտվելու անցյալի շուրջը, որքան էլ այդ երևույթից մարդու սիրտը նվաղի։ Մարդը կարող է միտքը ներբեռնել անկատար ու տխուր, սակայն կարոտյալ անցյալով։ Չէ՞որ, այնտեղ, այն հեռավոր անցյալում նա առնվազն երիտասարդ էր ու խանդավառ, իսկ արևը իր ջերմությամբ ավելի մոտիկ էր թվում աշխարհին, քան տարիներ հետո։

Մանկությունը մարդու ամենաքաղցր բարեկամն է՝ առավել ևս, եթե այն անցյալ է, իսկ երկինքը, որքան էլ պատված լինի սև ամպերով՝ այն միայն անձրևաբեր է՝ առանց վտանգավոր որոտի ու կայծակի։

Երաժշտությունը կարող է փոխել մարդու հոգեվիճակը՝ այն կամ հուսահատեցնում է, եթե մելամաղձոտ է կամ ոգևորում ու առաջ է հրում դեպի անհասանելի թվացող բարձունքներ, եթե այն կյանքով լի է։ Բարձունքները տարբեր են լինում՝ լինում է ժայռի պռկի բարձունք, որը հոգեհարազատ է արկածախնդիրներին․․․

  Արևավառ աշխարհը կարող է երես թեքել մարդուց, եթե նա հոռետես է։։ Մշտապես մենակությունը նրան սովորեցնում է հաշվել անցորդներին, սլացող մեքենաներին, պատահական շենքի քարերը, լուսամուտները, աստիճանները, թռչող ինքնաթիռերը, ամպի ծվենները՝ այս ամենով հանդերձ մարդը կարող է վախենալ հաշվել աստղերը, եթե սնոտիապաշտ է, իսկ գուցե պարզապես ի վիճակի չէ՞։ Չէ՞որ նրանք ցիր են եկած երկնքով մեկ՝ հա փախչում են ու նորից հայտնվում, կարծես իրենց խաղով փորձում են նրա մեջ արդնացնել հավատը․․․

Տարիները կարոտ են ծնում և այն միանալով խուճուճ ճամփաներին, մարդու հոգին խճճում են ժամանակի ստեղծած լաբիրինթոսում։ Կյանքը կազմված է որոնումներից՝ մեկ գոյության կռիվ, մեկ կարոտ, մեկ երեևույթից նրբացած ու մաշված հոգին փրկելու կռիվ։ Ցանկացած երեկ անցյալ է դառնում և այն այլևս կմնա անցյալ․․․Սակայն մարդը երբեք չի փորձում այդ փախչող երեկը իմաստավորել և ձգտել դեպի լույսը․․․


  

Комментариев нет:

Отправить комментарий