понедельник, 28 февраля 2022 г.

                                          

                           ՄՈԼՈՐՎԱԾ ՀՈԳԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Տխրությունն է մարդու հոգին ավելի մաշեցնո՞ղ թե անցյալի հիշողությունը։ Շոպենի երաժշտությունը ունակ է քրքրելու մարդու հոգին և այնտեղից դուրս բերելու ողջ անցյալի ելևեջները և այդ ամենից կերտելու իրական պատմություն։

Հոգին ունակ է խռովելու ժամանակից և պտտվելու անցյալի շուրջը, որքան էլ այդ երևույթից մարդու սիրտը նվաղի։ Մարդը կարող է միտքը ներբեռնել անկատար ու տխուր, սակայն կարոտյալ անցյալով։ Չէ՞որ, այնտեղ, այն հեռավոր անցյալում նա առնվազն երիտասարդ էր ու խանդավառ, իսկ արևը իր ջերմությամբ ավելի մոտիկ էր թվում աշխարհին, քան տարիներ հետո։

Մանկությունը մարդու ամենաքաղցր բարեկամն է՝ առավել ևս, եթե այն անցյալ է, իսկ երկինքը, որքան էլ պատված լինի սև ամպերով՝ այն միայն անձրևաբեր է՝ առանց վտանգավոր որոտի ու կայծակի։

Երաժշտությունը կարող է փոխել մարդու հոգեվիճակը՝ այն կամ հուսահատեցնում է, եթե մելամաղձոտ է կամ ոգևորում ու առաջ է հրում դեպի անհասանելի թվացող բարձունքներ, եթե այն կյանքով լի է։ Բարձունքները տարբեր են լինում՝ լինում է ժայռի պռկի բարձունք, որը հոգեհարազատ է արկածախնդիրներին․․․

  Արևավառ աշխարհը կարող է երես թեքել մարդուց, եթե նա հոռետես է։։ Մշտապես մենակությունը նրան սովորեցնում է հաշվել անցորդներին, սլացող մեքենաներին, պատահական շենքի քարերը, լուսամուտները, աստիճանները, թռչող ինքնաթիռերը, ամպի ծվենները՝ այս ամենով հանդերձ մարդը կարող է վախենալ հաշվել աստղերը, եթե սնոտիապաշտ է, իսկ գուցե պարզապես ի վիճակի չէ՞։ Չէ՞որ նրանք ցիր են եկած երկնքով մեկ՝ հա փախչում են ու նորից հայտնվում, կարծես իրենց խաղով փորձում են նրա մեջ արդնացնել հավատը․․․

Տարիները կարոտ են ծնում և այն միանալով խուճուճ ճամփաներին, մարդու հոգին խճճում են ժամանակի ստեղծած լաբիրինթոսում։ Կյանքը կազմված է որոնումներից՝ մեկ գոյության կռիվ, մեկ կարոտ, մեկ երեևույթից նրբացած ու մաշված հոգին փրկելու կռիվ։ Ցանկացած երեկ անցյալ է դառնում և այն այլևս կմնա անցյալ․․․Սակայն մարդը երբեք չի փորձում այդ փախչող երեկը իմաստավորել և ձգտել դեպի լույսը․․․


  

суббота, 26 февраля 2022 г.

                                                                       ՆԱ

 Երեք անգամ պատվաստվելուց հետո, նա դարձել էր կասկածամիտ՝ միտքը դատարկ էր, հայցքը ցիր։ Նա իրեն զգում էր ապակե վանդակի մեջ, կարծես անտես մի ուժ նրա միտքը շղթայել էր։

Մտածում էր ու միշտ կասկածամտորեն պատասխան փնտրում ամենուր և ամենքի մեջ, իսկ անցորդները լուռ էին ու անտարբեր։ Նա սկսում էր խորհել նաև այդ լռող մարդկանց մասին․ «Գուցե նրանց, բոլորի ուղեղն էլ է՞ կախել, ինչպես ասենք համակարգիչի մոտ է պատահում»։Այդ մտքի վրա տեղից վեր էր թռչում և վազում անտառ, սկսում քայլել ու քայլել։ Հանկարծակի ծմակից հայտնվող եղնիկը նրան ստիպում էր մի պահ քարանալ տեղում, սպասել, մինչև կենդանին անհետանում էր մոտակա թավուտում։ Նա այդ կարճ ակնթարթում հասցնում էր հինալ բնության այդ կատարելությամբ, միաժամանակ նախանձել, որ կենդանին իր փախուստով զերծ է մնում մարդու ստեղծածից․․․ 

Նորից տրվում էր սեփական մտքերին և նորից մնում նույն հարցին․«Ինչու՞ ամեն ինչ այսպես փոխվեց»։ Նա տխրում էր ամբողջ հոգով և հանկարծ մոտակա թավուտից վեր էր թռչում միայնակ մի կարապ, բարձր կռինչով։ Նա նորից միտքը տուրք տված հիացմունքին մնում էր թռչունի հետևից նայելով․« Նա ևս մենակ է», բայց անսպասելի նրան էր միանում մի ուրիշ կարապ․« Լավ է, նա մենակ չէ, մենակը տխուր երևույթ է, որքան էլ կողքից ասեն թե ամուսնացած ես։ Ամուսնացած մարդու մենությունն ավելի տխուր է»։ Նա նորից տուրք տված հարազատ դարձած մտքերին քայլում էր սարն ի վեր, որտես դեռ երեկ կանաչ դրախտ էր, իակ հիմա նրա առջև նորից բացվեց կոճղերի շարքը․« Էս անտառն ինչու՞ չորացավ»․ հանկարծ դարսված ճյուղերի հետևից դուրս էր փաղչում եղնիկը և սլանում անորոշ ուղղությամբ։ Նա երկա՜ր մնում էր նրա հետևից նայելով․ «Անտառը չորացավ, անտուն թողեց խեղճ կենդանիներին»։

Բարձունքը, որտեղ նա հասավ՝ քամոտ էր, իսկ անտեսանելի կաթիլները շարունակում էին թրջել նրա դեմքը։ Սովորության համաձայն նա երկար նայում էր երկնքին, կարծես փնտրելով կաթիլաբեր ամպերին։ Երկինքը սպիտակ էր և նրան թվում էր թե այն արտասվում է չորացող, կոճղերի վերածվող մայր բնության համար։

Օրը մոտենում էր ավարտին։ Շուտով հորիզոնը աչքերը կիսախուփ արեց։ Հեռվից լույսեր երևացին՝ լեհերն էին։ Ընկած ծառերը բարձել, տանում էին իրենց երկիր։ Նա երկա՜ր նայում էր հեռացող մեքենայի հետևից, կարծես հայացքով հրաժեշտ տալիս մայր անտառի զավակներին։ 

Սկսեց դանդաղ քայլել, սակայն տուն գնալ չէր շտապում։ Նրա համար այնտեղ ամեն ինչ օտար էր՝ երգը, լեզուն, ուտելիքը, իրերը, անգամ տան ջերմությունը։ Մնաց դրսում այնքան, մինչև օրը մթնեց։ Երբ բակ մտավ, սառած ու թրջված գլուխը թափահարեց, կարծես ցանկանալով թարմացնել ուղեղը, սակայն ոչինչ չստացվեց։ Նորից հիշեց երեք պատվաստումը․« Գլուխս այլևս առաջվանը չէ»․ Նման մտքերով նա մտավ տուն, լուռ անցավ իր սենյակը, որտեղ նրան սպասում էին լուսամուտն ու համակարգիչը՝ աշխարհին կապող երկու բան․․․  

пятница, 21 января 2022 г.

                                           

                    ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ


Մեր երկիրը հին է ծովերի ու հավերժական լեռների պես, սակայն նրա գոյությունը նման է ժայթքող ու հանգող հրաբխի՝ մեկ ասպատակել են օտարները, մեկ բնական աղետները, սակայն դառն ու անմոռանալի է եղել ներսինների ասպատակումը։ 

Օտարը այնքան շատ չի դրդել մեզ լքելու մեր հայրենիքը, որքան տեղացի վաշխառուն։ 

Ապրեցինք յոթանասուն երկու միապաղաղ տարիներ, որում մեր սահմանը ամրագրված էր օրենքով, իսկ մենք՝ հայերս իրավահավասար էինք շատ ժողովուրդների հետ։

Ժողովուրդը մոռացել էր արտագաղթն ու արտագնա աշխատանքը, բացառությամբ արարատյան դաշտի բնակիչների։ Եվ խաղաղված ու հանգիստ առած ժողովրդի հիմնական հոգսը խաղաղ աշխատանքն էր՝ դաշտավարություն, անասնապահություն։ Ի՞նչ խոսք՝ զարգանում էր գյուղատնտեսությունը, իսկ հայ շինականը և ընդհանրապես ազգի զարգացմանը համընթաց նաև բազմանում էր։ Շուտով մայրաքաղաք Երևանը ունեցավ մեկ միլիոն բնակչություն՝ դա երազանք էր և կատարված երազ մեր անցյալ նախնիների շատերի համար։ Կարծես մետրոպոլիտենը կառուցվեց, որպես բնակչության աճի խորհրդանիշ․․․

Ուսումնական հաստատությունները եռռում էին ուսանողների բազմությամբ։ Այդ սերունդը երջանիկ էր, անգամ եթե ամբողջ տարին կրում էր նույն տաբատն ու նույն կոշիկները։

Անցան տարիներ և անցնող տարիների հետ այդ երջանիկ տարիները համարվեց, որպես լճացման տարիներ։ Հայն առաջինը ձեռքն առավ քլունգն ու բահը քանդելու, ավիրելու իր յոթանասուներկուամյա քրտինքը։ Եվ ստացվեց, քանզի խարխլված էր Խորհրդային Միության հիմքը և այդ հիմքով կարծես խարխլվեց ողջ աշխարհի հիմքը։ Շատ ազգեր ի զեն կոչեցին՝ ետ բերելու կորցրած տարածքները։ Նման մտածողների շարքերում էր նաև հայ ազգը։ Սակայն, ինչպես ցեղասպանության ժամանակ հույնը և հրեան նորից խոհեմ գտնվեցին, նույնկերպ վարվեցին երկրորդ փուլում և որքան էլ թանկ լիներ նրանց համար թուրքին տանուլ տված տարածքները, այդուհանդերձ նրանք զերծ մնացին կոտորածից, որքան էլ ավելի մարտունակ ու պատրաստի բանակ ունենային։

Դե մերն ուրիշ է՝ մեր սիրտը արկածների կարոտ էր։ Գտածի մեջ նորից որոնում ու որոնում էինք, տուրք տալով ու հերոսացնելով արկածախնդիր անկախականներին, ինչպես նաև դաշնակներին։

Հայ ազգը չմտածեց ու հեռուն չնայեց, չանհանգստացավ վաղվա սերնդի ապագայի համար՝ նա տրվել էր իր ցնորքներին և տնտեսությունը քանդող նույն բահն ու քլունգն առած ելավ մարտի, իսկ թիկունքից, տաքուկ անկյունում շնթռած նրան «դուխ» էր տալիս ղարաբաղյան կլանի հհշ մասնաճյուղը։ 

Բաց աչքերով կույրեր էինք, մեզ հերոսացնում ու առած կոտոշներին նետում էին անդունդը, իսկ մենք հիմարավարի քրքջում ու հաջորդ  անմիտ քայլն էինք անում։ Քայլեցինք անդունդների ու ականների վրայով, մինչև վերացրեցինք վերջին ազգային սերուցքը։ Մերկ ձեռքերով մնացինք դեմ դիմաց ներսի ՝ մեր իսկ ձեռքերով սնած ու աճեցրած ախոյանին․․․(շարունակելի)

                           

среда, 19 января 2022 г.

              

                   ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿՐԻՑ ՄԻԱՅՆ ԱՆՈՒՆՆ ԷՐ ՄՆԱՑԵԼ


Մեր ինքնաթիռը հիմնականում անցնում էր Ավստրիայի, Թուրքիայի, Հունաստանի և Իսրայելի քաղաքների վրայով։ Գիշեր էր։ Լուսինն իջել, կպել էր գետնին։ Վերևից երևացող գիշերային քաղաքները նման էին փշրված, փայլող ապակու ջարդենի՝ անկանոն և կույտ, կույտ։ Հետզհետե լուսինը ավելի կարմրեց, կարծես խռովելով, որ անկատար մարդը իր հնարած աղմկալից տեխնիկայով խանգարում է նրա գիշերային անդորրը, իջավ ու մնաց գետնին կպած մի գիծ․․․

Ֆրանկֆուրտից Կահիրե թռիչքը տևեց չորս ժամ։ Քանի որ գիշերային ժամ էր, բացի էլեկտրական փայլից ոչինչ զանազանել հնարավոր չէր, միայն տեղ, տեղ լսելի էր մուսուլմանների երգեցիկ՝ բարձր ու արձագանքող աղոթքը։ 

Չգնացի հանգստանալու ոչ Շարմ Էլ շեյխում, ոչ էր Հորկադայում, այլ մնացի Եգիպտոսի սրտում, ուր իսկական տեղացու նիստ ու կացն է՝ սովորույթներն իրենց առավելություններով և թերություններով։

Լույսը բաղվել էր, երբ հասանք Թանթա՝ տասը միլիոնանոց քաղաքը։ Չնայած ջերմաչափը ցույց էր տալիս մինչը քսան, բայց ցուրտը սողոսկում էր իմ ոսկորները։ Լուսաբացը մշուշապատ էր։ Ինձ թվաց, իսկապես առավոտյան մշուշն է, բայց հետո պարզվեց, այն ծխի և փոշու խարնուրդն է, որը մշտապես արտադրվում է մեքենաների շատության և անորակության պատճառով, որին իհարկե նպաստում է նաև Սահարայի դեղին ավազը։

Բնակարանը, որտեղ կանգ առանք, գտնվում էր եգիպտացիների եկեղեցու դիմաց։ Բակում՝ զենքը ձեռքին մշտապես հսկում էին երեքից չորս սևազգեստ ոստիկաններ՝ ավելնորդ չեմ համարի, եթե նշեմ՝ նրանք բավականին ալարկոտ էին ու մշտապես նստած։ Այս երևույթը խորթ էր ինձ համար, երբ եգիպտացին իր երկրում իր Աստծո տաճարը ստիպված է պաշտպանել ծայրահեղականներից զենքով։

Ակնհայտ էր։ Արաբական շունչն ու ոգին ամենուր էր՝ լեզուն, երգը, խոհանոցը, սիրով ըմբոշխնում էր եգիպտացին, իսկ իսլամը շատ եգիպտացիների կրոնն էր։ Հազար վեց հարյուր տարվա արաբների լծից Եգիպտական այն փառահեղ մշակույթից ու տիրությունից միայն անունն էր մնացել։   

воскресенье, 2 января 2022 г.

       

                                                    ՆՈՐԻ ՍԿԻԶԲԸ


Երբ տուփի ջուրը հողը խմեց, սևացած ճյուղը սկսեց կանաչել։ Այն ամբողջովին կանաչելուց հետո, անսպասելի շողացող տուփը Վագի ձեռքից պոկվեց, վեր սլացավ, սկսեց պտտվել կրակ ժայթքող լեռան գագթի շուրջը։ Իրենց կամքին հակառակ սկսեցին շարքով դեպի լեռը շարժվել մողեսները, այնուհետև շարքը շարունակեցին ագռավները և անգամ գետնի վրա խանձված փետուրներով սողացողները։ Նրանք հասնելով գագաթին շրջան կազմած պտտվում էին կրակի շուրջը՝ պտտվելու ընթացքում վեր էին ածվում սև ցեխի, թափվում կրակ թքող գագաթի մեջ, շարքը շարունակեցին լեռնային թերակղզու մայրաքաղաքից դեպի գագաթը եկող նախարարների աղմկոտ շարք, այնուհետև երևացին չղջիկ-թիկնապահները, օդում վերածվելով սովորական չղջիկների։ Սև շարանին նույնպես կամքին հակառակ հետևեց Վանդև-Կուբիկը։ Նա հոլի պես պտտվելով, դարձավ սև քառակուսի, բղավելով սլացավ վեր․

- Ո՜չ․․․,- սկսեց պտտվել գագաթի շուրջը, իսկ Լիվանը համարյա հասել էր տղային, երբ ակամա պոկվեց գետնից և  վեև սլացավ։ Նա վախից թափահարելով ձեռքերն ու ոտքերը անդադար հռետորային ձայնով բղավում էր՝ կրկնելով նույն միտքը․

- Ո՜չ, մե՛նք ուժե՛ղ ենք, միևնույն է հաղթանակը մե՛րն է,- ձայնը գլուխը գցած, նա հասավ պտտվող սև քառակուսուն, որը ուժով դիպավ նրան և Լիվանը տարալուծվեց կուբիկի մեջ, վերածվելով առաջվա մի աչքանի պատկերով կուբիկ-խաղալիքին, այնուհետև ցած ընկավ, գլորվելով Վագի ոտքերի առջև, իսկ Վագը վիրավոր պառկած էր շիվի մոտ, երբ կուբիկը դիպավ նրա ոտքերին, նա աչքերը բացեց, տեսնելով իր խաղալիքը՝ վախեցած ու կուչ եկած մի կերպ ոտքի ելավ, ոտքով հարվածեց կուբիկին․

- Հեռացի՛ր, ես քեզ ետ չե՛մ վերցնի, դու ինձ խաբեցի՛ր,- կուբիկը գլորվեց և երեսը դեպի հողը մնաց կենաց շիվի մոտ ընկած։

Բացի բորենիներից ու սև ծերունուց բոլորը վերացան կրակ ժայթքող գագաթի մեջ թափվելով։ Վերջինը երևաց Ֆլամեն իր անթիվ հրե զավակներով։ Նա մի քանի պտույտ գործեց գագաթի շուրջ, բայց միայն Ֆլամեն թափվեց լավայի մեջ, իսկ նրա զավակները թռան տարբեր ուղղություններով և անհետացան տեսադաշտից․․․ Հրաբխից ծնվածների վերանալուց հետո, գագաթը իրար եկավ ու փակվեց։ Պտտվող շողացող տուփը իջավ, նստեց պատահական սարի գագաթին։ Երկնակամարում երևաց ծիածանը, որի մի ծայրը իջավ Սև այգու սարերից մեկի վրա։

Կատարվող փոփոխություններին անտարբեր հետևում էին նեղ արահետով դեպի Լեռնային թերակղզի վերադարձող Ռոբենի մարդիկ։

- Այնպիսի տպավորություն է, կարծես ծիածանը կամուրջ է՝ Սև այգին կապում է Լեռնային թերակղզու հետ,- նկատեց Ռոբենը, ապա նայեց ձեռքի դրոշին՝ այն խնամքով ծալեց, ուզեց դնել ծոցագրպանը, բայց միտքը փոխեց և ճմրթեց, նետելով անդունդը, մրմնջաց,- Առանց քե՛զ էլ ես արդեն առաջնո՛րդ եմ։

-Փոփոխվող տեսարանից կատաղած, բրոնզե զրահով սև տիրակալը, շարունակում էր անկանոն կրակել, տեսնելով ծիածանը, նա կրակը ուղղեց այն կողմ։

Էմմին ու Էդգարը, որ այդ ամբողջ ընթացքում, Լուտինայի հետ Օգնում ու պաշտպանում էին Վագին, տեսնելով կրակը չի դադարում, նրանք ձեռքները մեկնեցին առաջ, գոչելով,- Վառվեցե՛ք սրտիկնե՛ր,- սակայն երկնագույն կրակները վառվելու փոխարեն վեր սլացան, միաձուլվելով ծիածանին։ Նրանք զամանքով իրար նայեցին։

Արեգանին, Ավրորիտը և Դավիդը Գրինյուսին և Վագին թողեցին շիվի մոտ, վեր սլացան՝ երեքով միաժամանակ շպրտեցին երկար մտրակները, վնասազերծելով սև ծերունուն։ Կրակը դադարեց։ Երկարող մտրակների մյուս ծայրը շպրտեցին ավելի վերև՝ հասցնելով ծիածանին։ Սև այգու տիրակալը մնաց օդային սահմանագծից կախված։

Երկնքում նշմարվեց կիսալուսինը, մշուշոտ ու դժգոհ դեմքով։ Բորենիները, որ մինչ այդ ուշի, ուշով հետևում էին սև տիրակալի պարտությանը, տեսնելով լուսնին, ողջ ոհմակը սկսեց ոռնալ, դնչներն ուղղված դեպի գիշերային լուսատուն։ Նրանց համար անսպասելի, լուսնի ծայրից պոկվեց սև աղեղը, սլանալով, այն մխրճվեց Մեծ բորենու կուրծքը, որից նա գալարվեց, վերածվելով մեծ ու գորշ քարի, սլացավ դեպի լուսինը, նրան հետևեցին շարքային բորենիները։ Կիսալուսինն աննկատ իր տեղը զիջեց արևին։

Ծերունուն վնասազերծելուց հետո, երեք ընկերները վերադարձան։ Վագը դեռ պառկած էր գետնին, տեսնելով, Արեգանին վրդոհվեց․

- Գրինյու՛ս, դարձյալ շվարե՛լ ես, սպեղանի դի՛ր տղայի վերքին։

- Ա՛խ այո՛, անքան բաներ կատարվեցին մի քանի ժամերի ընթացքում, որ ամեն ինչ գլխիցս թռել է,- ձեռքը ճակատին խփեց Գրինյուսը և երկարացրեց կանաչ ճյուղը, այն փաթաթեց տղայի վերքին, ամուր սեղմեց, որից նա ճչաց, ապա բաց թողեց։ Վագը թեթևացած շոշափեց վերքի տեղը, ժպտաց․

- Շնորհակա՛լ եմ Գրինյու՛ս։

Արևի որդու հաղթանակից հետո, բոլորը ոչ այնքան զարմացած, որքան խաղաղված նայում էին շուրջը, ուր դեռ թագավորում էր երեկվա գորշությունն իր մերկությամբ։

Գագաթից, որտեղից սկիզբ էր առնում ծիածանը, շողացող տուփը պոկվեց, մեծանալով, ճոպանուղու պես եկավ ու կանգ առավ հերոսների մոտ։

- Բոլորդ մտե՛ք տուփի մեջ,- հրահանգեց Ավրորիտը, ինքն առաջինը օրինակ ծառայելով։ Երբ բոլորը տեղավորվեցին, տուփը սլացավ դեպի նախկին հրե գագաթը։ Նրանք այնտեղից տեսան, թե ինչպես է Վագի տնկած շիվի միջոցով, լերկ քարերի վերածված երկիրը փոխում իր գույնը կանաչով և այն տարածվելով վեր է ածվում անտառի։

- Գրինյու՛ս, քո ժամն է՝ փթթի՛ր,- ասաց Արեգանին, ձեռքով ցույց տալով շուրջը։

- Իսկապե՛ս,- ուրախացավ ծերունին,- Եվ այս փոփոխության համար պարտական եմ ձեզ։ Մենք միշտ բարեկամներ կմնա՛նք,- Գրինյուսն իր արձագանքող ձայնով ավարտեց խոսքը, քարշ տալով կանաչ փեշերը, քայլելով տարալուծվեց ծառերի մեջ․․․

- Ափսո՛ս, այս գեղեցիկ փոփոխությունը չտեսան մեր ծնողները,-,- ակամա տխրեց Էմմին։

- Ձեր ծնողները արդեն պատկանում են անցյալին և որքան էլ հաղթանակի բարին, դեռ ոչ ոքի չի հաջողվել շրջանցելու մահը,- պատասխանեց Արեգանին,- Իսկ դո՛ւք ներկան եք և մենք միասնական ուժերով պետք է վերացնե՛նք Լիվանի և Վանդև-Կուբիկի թողած հետքը։

- իսկ Ռոբե՞նը, չէ որ նա եռագլուխ վիշապի գլուխներից մեկն էր և կարծում եմ այն հենց այնպես արված չէր սև տիրակալի կողմից,- նկատեց պատանին։

- Գուցե՛ նա չար է և ագահ, բայց բարեբախտաբար հասարակ մահկանացու է և ինքնակոչ, իսկ նրա փառասիրությունը, որը չի զիջում ագահ ու չար լինելուն, բնորոշ է մարդուն և դրա հետ ոչինչ անել չես կարող։ Նա էլ կանցնի՛,- բացատրեց Արեգանին, իսկ պատանին նայեց քայլող շարքի կողմը։

- Գնացի՛նք, մենք դեռ շատ անելիքներ ունե՛նք,- հրահանգեց Ավրորիտը։

- Դուք մնում եք մեզ հե՞տ,- տեսնելով խմբի առջևից քայլող Ավրորիտին, ուրախացած հարցրեց Վագը։

- Այո՛, առայժմ այո՛․․․

- Իսկ Սև այգի՞ն,- նորից հետաքրքրվեց պատանին ետ նայելով։

- Սև այգուն դեռ կվերադառնան հաջորդ սերունդները, քանի որ լուսինը ընդամենը մայր մտավ, այն չի անհետանալու,- պատասխանեց Ավրորիտը և բոլորը միասին ուղղվեցին դեպի ավիրված բնակավայրը, ուր մի ժամանակ խաղաղ ապրում էին Էմմին ու Էդգարը․․․ 


пятница, 31 декабря 2021 г.

 

                  ՉԱՐՆ ՈՒ ԲԱՐԻՆ ԸՆԴԴԵՄ ՍԵՎ ՏԻՐԱԿԱԼԻ


Հավերժության ամրոցի տիրակալի խումբը նկատելով մոտեցող վտանգը, շրջան կազմեց, տղային առնելով իր մեջ։ Ագռավներն ու մողեսները անցան հարձակման, աշխատելով ամեն գնով վնասել խմբին և նրանից խլել շիվը։ Վտանգը տեսնելով, Գրինյուսը արձակեց իր կանաչը, տղային թաքցնելու համար։ Երբ արդեն տղան ապահով տեղում էր Ավրորիտն ու Արեգանին, Դավիդի հետ միասին վեր սլացան։ 

Անհավասար ուժերի միջև մարտն սկսվել էր, երբ նորից հայտնվեց Ֆլամեն հրե թռչունների հետ։ Նա մխրճվեց կանաչի մեջ, միաժամանակ տարածվելով վեր ու վար։ Լսվեց ճարթճարթյուն, ճիչ ու վայնասուն։ Տարածվեց տհաճ խանձահոտ։

- Խելագա՛ր, նորի՞ց դու՛, հեռացի՛ր, քո օգնությունը ավելի շատ թշնամուն է ուրախացնում, քան մեզ գոհացնում։ Քո ներկայությունը կործանարա՛ր է, հեռացի՛ր,- հազից խեղդվելով, բղավեց Վանդև-Կուբիկը։

Գրինյուսը ստիպված ետ քաշեց ճյուղերը և մի քանի ջրե ուժգին շիթեր բաց թողեց Ֆլամեի վրա, որից նա կիսատվեց, սկսեց ծխալ, այնուհետև իջնելով, տարածվեց գետնին, հեռացավ և մնաց մոտակա սարի ուսին, որպես բարձր խառույկ։

Ֆլամեի հեռանալուց հետո, երևաց նրա թողած հետքը՝ Գրինյուսից բարձրանում էր ծուխ և գոլորշի, սական նա իր կանաչ փեշերով շարունակում էր պաշտպանել Վագին, իսկ տղան իր հերփին կուչ եկած պաշտպանում էր կանաչ շիվը։

Հակառակորդի բանակի մեծամասնությունը խանձվել էր, նրանցից ամենածիծաղելին ագռավներն էին, որոնցից շատերը անփետուր սողում էին գետնի վրա։ Մողեսները տնքում էին փուչիկի պես ուռչող ու պայթող այրվածքներից։ 

Էմմին, Էդգարը և Լուտինան դեռ ճանապարհին էին և միայն Ֆլամեի հեռանալուց հետո կարողացան միանալ Գրինյուսին։ Հակառակորդի միակ պայքարող ուժը մնաց Վանդև- Կուբիկը, քանի որ բորենիների ոհմակը ևս տնքում էր այրվածքներից՝ նրանք ցավից գալարվում էին հողերի մեջ, արձակելով մարդկային լաց հիշեցնող վայնասու։

Բրոնզե զրահով սև տիրակալը վերևից տեսնելով թավագլոր բորենիներին, սկսեց անկանոն կրակել ուսերին տեղադրված զենքից։ Նրա կրակի տարափին զոհ էին գնում և ագռավները և բորենիները, իսկ Հավերժության ամրոցի տիրակալի խումբը շրջան  կազմած, պաշտպանում էր տղային շիվի հետ մեկտեղ։

Վերևից Դավիդը նկատեց դեպի շիվը շտապող Լիվանին և ցած սլացավ․

- Գրինյու՛ս, պաշտպանի՛ր շիվը,- զգուշացրեց նա։ Ծերունին ստիպված էր նորից տղային թաքցնել կանաչի մեջ, որքան էլ դրանից նրա ուժերը ջլատվեին։ Դավիդը մնաց Գրինյուսի մոտ, մինչև Լիվանի այնտեղ հասնելը։ Երբ նրանք դեմ առ դեմ դուրս եկան՝ երկու հակառակորդների միջև սկսվեց ձեռնամարտը։ Ողջ պայքարի ընթացքում Լիվանը ձգտում էր դեպի տղան, իսկ Դավիդը երկար մտրակը փաթաթում էր նրան և ետ քաշում, թույլ չտալով հասնել տղային։

Սև ծերուկի անկանոն կրակահերթից սկսվեց համատարած խուճապը երեք ուժերի միջև։

- Լիվա՛ն խլի՛ր նրանից շիվը,- լսվեց Վանդև-Կուբիկի ձայնը։ 

- Գրինյու՛ս, պետք է ջրե՛լ շիվը տղայի ձեռքով, շտապե՛ք, ժա՛մն է,- մինչ Լիվանը աշխատում էր հասնել շիվին, անսպասելի բոլորի համար հայտարարեց Ավրորիտը, շտապելով ցած, օգնելու Դավիդին։ Լսելով հրահանգը, սև տիրակալի կատաղությունը գագաթնակետին հասավ և կրակն ուղղեց Արեգանիի կողմը։ Ավրորիտը ստիպված եղավ Դավիդին մենակ թողնել, նորից վեր սլանալ Արեգանիին օգնելու։ Նա նետեց երկար մտրակը, մի պահ խճճելով ծերունուն։

Այդ ընթացքում Գրինյուսը շտապեց մաքուր ջրով լցնել շողացող տուփը, նկատելով, ագռավներն ու մողեսները կլոր շրջան կազմած, իջան ներքև, խանգարելու ծերունուն։ Գրինյուսի համար դժվար էր միաժամանակ պաշտպանել տղային և ջուր լցնել շողացող տուփը, իսկ տղան կուչ եկած և պաշտպանում էր շիվը և անհամբեր սպասում ջրին։

Թուլացած բորենիների ոհմակը ցասման էր հասցրել սև ծերունուն, ուստի նա կրակում էր անկանոն և բոլորին։ Նրա ցասմանը շարունակում էին զոհ դառնալ ագռավները և մողեսները։

- Այդ ծերուկը խելագար է, նրա համար չկա ոչ յուրային, ոչ թշնամի՝ նա բոլորիս կոչնչացնի,- հուսահատ վեր նայեց Գրինյուսը շշնջալով և փորձեց լիանայի ճյուղերի մեջ խճճել նրան, սակայն կրակահերթից ճյուղերը կտրտվում ու ցած էին թափվում։

Ագռավամարդը տեսնելով սեփական բանակի սպանդը, բարձրացավ ամպերից վեր և սրընթաց իջավ, կտուցի մեկ հարվածով շշմեցնել սև տիրակալին։ Թեկուզ կրակը դադարեց, սակայն տղան վիրավոր էր։ Մինչև Սև տիրակալը նորից ուշքի կգար, Վագը մի կերպ վերցրեց ջրով լցված շողացող տուփը, ջրեց շիվը․․․ 

среда, 29 декабря 2021 г.


                                                    ԴԵՊԻ ԱՆԱՐԱՏ ՀՈՂԸ

Ավրորիտը մտավ ամրոց, բոլորը հետևեցին նրան։ Ամենավերջինը ներս մտավ Լուտինան։ Որոշ ժամանակ անց, նորից բացվեց Հավերժության ամրոցի դուռը՝ առաջինը դուրս եկավ Ավրորիտը, այնուհետև մյուսները։ Նորիրց վերջինը դուրս եկավ Լուտինան՝ մաքուր հագնված և բավականին հաճելի տեսքով։ Վագը նրա հետ էր՝ ձեռքին բռնած շողացող տուփը։ Խումբը երկար քայլեց, մինչև հասավ Սև այգու սահմանը։ Արեգանին, Ավրորիտը և Դավիդը վեր սլացան, մի քանի շրջան անելով, նորից ետ եկան․

- Մենք ուսումնասիրեցի՛նք սահմանը,- սկսեց Ավրորիտը,- Չնայած Ֆլամեի հետքն այնտեղ բացակայում է, բայց այնտեղ էլ մարդաշատ է և հազիվ թե մեր ներկայությունը աննկատ մնա։

- ԵՎս մեկ նշանակալից նորություն,- միջամտեց Արեգանին, բոլորը ուշադիր նայեցին նրան,- Այնտեղ տեսա՛նք, ժայռին գամված Լիվանին։

- Իսկ մյուսնե՞րը,- հետաքրքրվեց Գրինյուսը, չթաքցնելով ուրախությունը։

- Որքան հասկացա՛, նրանք գերված են Սև տիրակալի կողմից,- բացատրեց Արեգանին։

- Ի՞նչ էլ պատահած լինի նրանց, կարծում եմ Սև այգու սահմանը լի է խորթուբորդերով, կտրուկ իջվածքներով, անդնդախոր կիրճերով։ Նման տեղերում մեզ համար այնքան էլ դժվար չի լինի գտնե՛լ մի գաղտնի անկյուն և կյանքի կոչել շիվը,- խոսեց Գրինյուսը, հենված ձեռքի գավազանին։

- Ուրեմն առա՛ջ,- հրամայեց Ավրորոիտը,- Իմացած եղե՛ք, եթե մեզ նկատեն՝ պատրա՛ստ ենք մարտի,- խոսքն ավարտելով, Ավրորիտը ուզեց վեր սլանալ, երբ նրան միացան երկու ընկերները։ Տեղ հասավ նաև Գրինյուսը մյուսների հետ։ Նրանց միացան Արևի որդին, Հավերժության ամրոցի տիրակալը և Դավիդը։

- Հիշե՛ք,- սկսեց Արեգանին,- Սա՛ կենաց կռիվ է և ո՛չ մահու և միակ հնարավորությունը հաղթելու՛։ Երբե՛ք չմտածե՛ք պարտվելու մասին։ Մեր ենթագիտակցությունը պե՛տք է աշխատի՛ միայն հաղթելու ուղղությամբ և այնտե՛ղ՝ ձեր մեջ, դուք պե՛տք է կարողանա՛ք շոշափե՛լ հաղթանակը։ Միայն ա՛յդ դեպքում մե՛նք կհաղթե՛նք երկու ուժերին։

- Ուրեմն քայլեցի՛նք,- վրա բերեց Ավրորիտը և առաջ ընկավ։ Էմմին ու պատանին զարմանքով իրար նայեցին, երբ իրենց ընկերները ոչ թե վեր սլացան, այլ պետք է քայլեին խմբի հետ։

Երկար ժամանակ պահանջվեց, մինչև խումբը աննկատ, սողեսող հատեց բարձունքը և հասավ ստորոտին, որին հաջորդում էր խորը կիրճը։ Տեսնելով, բոլորը մնացին շվարած։

- Գտա՜,- հանկարծ գոչեց ծերունին և երկարացրեց լիանայի ճյուղերը, կամուրջ կապելով անդունդի վրա։ Երբ բոլորը բարեհաջող անցան, ամենա վերջինը անդունդը հատեց Գրինյուսը, Վագին գրկած։

Խմբի կանգնած տեղից պարզ երևում էր Լիվանի դեմքը։

- Մենք շատ մոտիկ ենք նրանց, զգույշ եղե՛ք,- հրահանգեց Ավրորիտը։

- Ես առաջ կգնա՛մ, իսկ դու՝ Գրինյու՛ս հետևի՛ր ինձ։ Առաջին հարմար պահին տղային ինձ մոտ բե՛ր տուփի հետ,- հարտարարեց Արեգանին։

- Ո՛չ Արեգանի՛, սա իմ խնդիրն է,- նրա ճամփան կտրեց Ավրորիտը։

- Դու Արևի որդին ես՝ ապագան է քեզ պատկանու՛մ, իսկ մերը ներկան է և մենք պե՛տք է պայքարե՛նք չարի դեմ, մինչև՛ լիարժեք հաղթանակ,- առաջ եկավ Դավիդը, այսպես խոսելով։

- Արևի որդին ոչ մի ժամանակի չի՛ պատկանում, ինչպես մայր արևը,- պատասխանեց Ավրորիտը։

- Մե՛նք միասի՛ն ենք,- գոչեցին բոլորը։

- Օգնեցե՜ք,- հանկարծ լսվեց հեռվից։ Բոլորը նայեցին ձայնի կողմը՝ Լիվանն էր։

Զգուշության համար, նրանք շրջանցեցին բարձունքը և հայտնվեցին ժայռի հետևում, որին գամված էր Լիվանը։

- Դու ու՞մ ես օգնության կանչում,- գլուխը ժայռի հետևից հանելով, հարցրեց Արեգանին։

- Նրանք այստե՛ղ են, օգնեցե՛ք,- առանց պատասխանելու, շարունակեց մի աչքանին։

- Կարո՞ղ ես չբղավել,- նրա դիմաց դուրս եկավ Արեգանին։

- Նրանք ինձ դավաճանեցի՛ն,- նկատելի խեղճացավ նա։

- Սակայն նորից քո հույսը նրանք են։ Նրանց ես օգնության կանչում։

- Իսկ դուք ինձ կազատեի՞ք, եթե ձեզ դիմեի։ Խնդրում եմ, ազատե՛ք ինձ այստեղից։ Խոստանում եմ վրեժ լուծե՛լ դավաճան Վանդևից։

- Այն մեր կողմից անմտություն կլինե՛ր,- առաջ գալով, ասաց Գրինյուսը, նայեց ներքև, տեսնելով մոտեցող Ռոբենին, խաղաղ ձայնով դիմեց Լիվանին,- Ազատության դիմաց, պետք է մեր պայմանը կատարե՛ս, իսկ հետո՛․․․

- Ի՞նչ պայմանի մասին է խոսքը,- զարմանքի հետ մեկտեղ հույսով լցվեց հռետորը։

- Ահա՛ գալի՛ս է մեր պայմանի նախաբանը,- նկատեց Արեգանին, Լիվանը զարմացած նայեց նրան,- Այո՛, այո՛ լուսնի զավակ՝ առաջին պայմանով, մեզ չես մատնում, ինչ էլ որ լինի,- նա արագ ավարտեց խոսքը և ընկերների հետ քաշվեցին ժայռի հետևը։

- Երևում է շատ ես ձանձրանում, ձայնդ գլուխդ ես գցե՛լ,- չարախնդաց դրոշակակիրը,- Ուզու՞մ ես մի քիչ զվարճանալ,- մահակը ձեռքի մեջ խաղացնելով շարունակեց հեգնել նա։

- Ո՛չ, ես չեմ ձանձրանում,- միակ աչքը մահակին սևեռած, վախվորած պատասխանեց նա։

- Ուրեմն մնա՛ գամված, ինչպես հրամայված է,- ասաց դրոշակակիրը և ուղղվեց դեպի աշխատողները,- Արա՛գ աշխատե՛ք, եթե չե՛ք ուզում, որպեսզի ձեր վիճակը ավելի վատանա,- Ռոբենը նման կերպ տարված էր փառասիրությամբ։ Նա աշխատում էր ամեն գնով աչքի ընկնել Սև տիրակալի մոտ, իսկ Լիվանը գամված ժայռին սարսափով հետևում էր նրան և բոլորին։

պահից օգտվելով, Արևի որդին և հավերժության ամրոցի տիրակալը  Դավիդի հետ աննկատ հայտնվեցին հեռվից նշմարվող մի կտոր սևահողի մոտ, միաժամանակ նրանց ոտքերի տակ հայտնվեց լիանայի ճյուղը, նկատելով այն, Արեգանին սեղմեց ոտքով և նրանց մոտ հայտնվեց ծերունին տղայի հետ։

- Վա՛գ, շտապի՛ր հողը ձեռքերով փորե՛լ,- հրամայեց Ավրորիտը։ Տղան զարմացած նայեց նրան,- Այո՛, այո՛, զարմանալը վաղուց նորաձև չէ՝ սկսի՛ր․․․