четверг, 8 апреля 2021 г.

 

Չղջիկները

 

Մի քանի անգամ որոտը պայթելուց հետո, երկնքից ցոլաց կուրացնող լույսը։ Ամբոխը ահաբեկված վեր նայեց։ Երևացին լուսնի շուրջը պտտվող սև կետեր․․․

-        Հրա՛շք է,- դուրս թռավ հազարավոր բերաններից։ Նորից տիրեց լռություն։

-        Նորը եկել է հաղթելու հնին,- շարունակեց Լիվանը ոգևորված։

Նորից հիացմունքի կոչեր լսվեցին՝ դարձյալ անսպասելի տիրեց լռություն; Լռեց նաև հռետորը։ Բազմահազար հայացքներ ուղվեցին դեպի լուսնին։

Պտտվող սև կետերի մի մասը սկսեց ցած իջնել, ուղղվելով հրապարակի կողմը, իսկ մյուս մասը հեռանալով, անհետացավ հեռվից երևացող լեռնաշղթայի մոտերքում։ Մոտեցող կետերը հետզհետե նմանվեցին չզջիկների, թևերը թափահարելով ցած իջան, երբ հայտնվեցին գետնին, բոլորը միաժամանակ սկսեցին ստանալ մարդկային կերպարանք։ Նրանք ունեին միանման արտաքին՝ միջին հասակ, կլոր ու լիքոտ, սուր քթերով, նոսր ու կարճ մազերով։ Չղջիկները կրում էին սև կոստյումներ, սպիտակ վերնաշապիկներ և թիթեռնիկ փողկապներ․․․

Բոլորն  մոտեցան, մեկ մարդու պես շրջապատեցին Լիվանին և Կուբիկ-Վանդևին․․․

среда, 7 апреля 2021 г.

 

Բազմությունը ծափահարում էր բարձրահասակ, մի աչքանի տղամարդուն, այնուհետև մարդիկ սկսեցին առաջանալ, փորձելով ավելի մոտիկից տեսնելու երկու խորհրդավոր անծանոթներին։

Սկսված անտանելի իրարանցումից լսվում էին ճիչեր, իսկ ամբոխի վերածվող բազմությունը շարունակում էր կուտակվել ամբիոնին մոտիկ։

Մի աչքանին կատարվող իրադարձությունից ոգևորված, նորից նայեց լիալուսնին․․․

-        Դուք ձեր կուբի՞կն եք փնտրում,- անսպասելի հարց տվեց խորամանկ աչքերով մարդը։

-        Իսկ դուք որտեղի՞ց գիտեք կուբիկի մասին,- զարմացավ մի աչքանին։

-        Օ՜, ուշացած, բայց տեղին է հնչում հարցը,- ոգևորվեց խորհրդավոր մարդը,- Որքան էլ տարօրինակ հնչի՝ ես եմ ձեր կուբիկը, որից դուք փորձում էիք այնքան կոպտորեն ազատվել։

-        Իսկապե՞ս,- զարմացավ մի աչքանին։

-        Այո և մեր երկուսի դեպքում այլ է․․․

-        Ինչպե՞ս, ի՞նչն է այլ․․․

-        Ես և դուք մեկ մարմին ենք և մեկ նպատակ։ Մեզ կյանք է տվել լիալուսինը՝ նա է մեր տերը․․․

-        Ուժի դեպքում չեմ առարկում, այն զգացել եմ, բայց տե՞րը․․․

-        Տերը բարձր է ասված, պարզապես նման օրերին նա կդառնա մեր տարերգը և այդ օրերը կերկարեն յուրաքանչյուր հաղթանակից հետո․․․

-        Այսինքն մեզ մշտապես իշխելու է լիալուսինը,- եզրահանգեց մի աչքանին։

-        Վերջապես հասկացանք իրար,- գոհ ժպտաց խորամանկ մարդը։

-        Իսկ ինչպե՞ս  անվանել ձեզ,- հետաքրքրվեց մի աչքանին։

-        Ցանկանում եք իմանալ միայն ի՞մ անունը, իսկ ձե՞րը, կասե՞ք ձեր անունը․․․

-        Ա՛խ այո՛, իմ անու՞նը,- շփոթվեց մի աչքանին, մատներով սեղմելով ճակատը

-        Ես Վանդևն եմ, բայց կարող եք պարզապես Կուբիկ անվանել։

-        Այո, իհա՛րկե,- ավելի շփոթվեց նա։

-        Մի վհատվեք, դուք Լիվանն եք,- վճռական հայտարարեց Կուբիկը։

-        Որտեղի՞ց վերցրեցիք այդ անունը,- զարմանքից ուսերը վեր քաշեց մի աչքանին։

-         Ոչ մի տեղից, քիչ հետո ինքներդ կհամոզվեք, իսկ հիմա պարզապես մեր ժամն է՝ իմ և ձեր։ Երկմտելու խնդիր չեմ տեսնում։ Մեր ժամն է,- վանկարկեց Կուբիկ-Վանդևը, ձեռքերը գրպանը խոթած, հայացքը սևեռած Լիվանին, այնուհետև մոտեցավ, բռնեց Լիվանի թևից, մոտեցրեց ամբիոնին դրված խոսափողին։ Լիվանը ոգևորված նայեց լուսնին,- Նա ժպտում է,- կիսաձայն շշնջաց նա․․․

-        Լիվա՜ն,,,, Լիվա՜ն,,,, Լիվա՜ն,- բոլոր կողմերից լսվեց նրա անունը։

-        Սկսիր,- լսվեց նրա ետևից, նա գլուխը թեքեց և քթի տակ տեսավ Կուբիկի խորամանկ աչքերը․․․

-        Նրանք Լիվան են վանկարկում,- ապշած կմկմաց մի աչքանին։

-        Իսկ դուք կարծում էիք ե՞ս եմ ձեզ այդ անունը տալիս։

-        Այո։

-        Ոչ, թանկագին կոլեգա, նրանք մեզ սպասում էին՝ դուք որպես Լիվան, ես, որպես Կուբիկ-Վանդև․․․

Լիվանը նրա հայացքի մեջ տեսավ դաժանության փայլը և դեմքն ակամա դարձրեց դեպի աղաղակող ամբոխը․․․

-        Ես այսօրն եմ, իմ ժամն է,- սկսեց Լիվանը, աչքի պոչով նայելով Կուբիկ- Վանդևի կողմը, իսկ նա դժգոհած նրան էր նայում։

Հետզհետե հրապարակում տիրեց լռություն։ Երկար ժամանակ լսվում էր միայն հռետորի խռպոտ, սակայն տիրական ձայնը․․․

 

Լիվանը

 

Երկնքից գետին տապալված  հողմը տարածվեց չորս բոլորը,  տարածվող հողմի կենտրոնից մի մարդ հանգիստ ոտքի կանգնեց, կարգի բերեց հագուստը, հազալով նայեց շուրջը, ուղղեց գլխարկը, շտկեց թևքերը,  քայլեց, կարծես իմանալով թե ու՞ր է գնում։  Ընդամենը  մի քանի քայլ արեց, երբ  լուսնի շուրջը պտտվող կուբիկը ընկավ նրա գլխին։ Նա ձեռքը տարավ գլխին, ցավից ծամածռելով դեմքը։ Սև կուբիկը գլորվեց նրա ոտքերի առաջ, նա զայրույթից ոտքով ուժգին հարվածեց, փնթփնթալով

-        Մի՞ թե ուրիշ տեղ չկար ընկնելու անպիտան քառակուսի, գլուխս ջարդեցիր,-  հարվածից սև կուբիկը թռավ, անհետացավ խավարում։ Հայտնված մարդը շարունակեց քայլել․․․

Չնայած ուշ ժամին,  մեգապոլիսի հրապարակը լեփլեցուն էր։ Նա հեռվից նկատելով ոգևորվեց

-        Ահա՛, հնչեց իմ ժամը,- մի հայացք գցեց ամբիոնին ավելի ցածրաձայն շշնջաց,- Եվ իսկապես իմ ժամն է, այն թափուր է,- ձեռքը տարավ կոկորդին,-  Անիծյալ կոկորդս ինչու՞ է ցավում, այդ անփույթ տղան ոչնչի պիտանի չէ,- նա երկար մատներով սեղմեց կոկորդը, սկսեց ուժեղ հազար, հազի հետ բերանից դուրս եկավ  սև ծուխը, այն  տարածվելով, բարակ շղարշի պես  ծածակեց հրապարակը, իր մեջ առնելով ժողովրդին։  Թվաց,  տարածվող  ծուխը բազմությանը ստիպեց նկատել նրան։ Աղմուկը սաստկացավ, որից հասկանալի էր միայն կցկտուր բառեր։

Մասսան նրան առավ  թևերի վրա, բարձրացրեց ամբիոն, երբ նա իր բարձր հասակով հայտնվեց այնտեղ, ժխորից անջատվեցին բացականչություններ

-        Վերջապե՜ս․․․, սկսվե՜ց․․․, նա՛ է մեր առաջնորդը․․․

Մարդը ոգևորված նայեց  շուրջը, այնուհետև հայացքը մեխեց լուսնին․․․

Գիշերային  լուսատուի շուրջը պտտվող սև քառակուսին ուղղվեց դեպի հրապարակ, նա փորձեց աչքը չկտրել  կուբիկից, բայց այն անհետացավ մասայի մեջ․․․

-        Ես կարողացա,- լսվեցին անմիջապես նրա թիկունքի կողմից, նա ետ նայեց, իր առջև կանգնած էր միջին տարիքի, շիկահեր, կիսաճաղատ, խորամանկ հայացքով մի տղամարդ։ Նրա գարնանային սև վերարկուն կոճկված էր մինչև վերջ, գլխարկը  ստվերում էր դեմքը։ Նա հանեց գլխարկը, նայեց նրա միակ աչքի մեջ, նորից ետ դրեց, սկսեց դանդաղ ծափահարել։ Նրա ծափը ակամա տարածվեց ողջ հրապարակով․․․

вторник, 6 апреля 2021 г.

 

Վագը նայեց ափին՝ այն դատարկ էր։ Նայեց վեր՝ տեսավ թե ինչպես է իր սիրելի կուբիկը սլանում դեպի երկինք։ Նայեց լուսնին, նա ժպտում էր։

 Հեռվից լսելի էր մրսած կուբիկի հազն ու փռշտոցը։ Վագը ներս փախավ, դուռը փակեց, հենվեց դռանը, սկսեց հևալ։

-        Վա՛գ, քեզ հետ ի՞նչ է կատարվում, դու  քրտինքի մեջ կորած ես,- անհանգստացավ Դանիելը, մեծավարի ձեռքը դրեց նրա ճակատին։

-        Դանի, դու կարո՞ղ ես պատկերացնել, նա կախարդ է,- հևալով արտաբերեց Վագը, նայելով ընկերոջ աչքերին։

-        Ո՞վ,  ու՞մ մասին է խոսքը,- Դանիելը զարմացած շուրջը նայեց։

-        Նա, այն մի աչքանին, դու հիշու՞մ ես իմ կուբիկին։

-        Իհարկե հիշում եմ, բայց չեմ հասկանում ինչ ես ուզում ասել կամ ու՞մ մասին է խոսքը։ Դու հանգստացիր, հետո պատմիր  լա՞վ։

-        Ո՜չ, ես հանգիստ եմ,- նյարդայնացավ Վագը,- Խոսքն իմ կուբիկի մասին է։

-        Այն մի աչքանի դեմքով կուբի՞կը, գուցե նա սարսափելի դեմք ունի, բայց ի՞նչ կարող է անել՝ ընդամենը խաղալիք է։

-        Ո՛չ, դու սխալվում ես, արի գնանք, քեզ ցույց տամ,- Վագը Դանիելի  ձեռքը բռնած, քարշ տվեց  բակ։

-        Ահա՛, նայի՛ր,- տղան վախեցած ցույց տվեց լիալուսինը, որի շուրջը պտտվում էր սև քառակուսին։

-        Այո՜,- ծոր տվեց Դանիելը, զարմացած,- Սա ի՞նչ կարող է նշանակել։

-        Երեխանե՛ր, ի՞նչ եք անում այս ժամին դրսում,- նրանց մոտեցավ օրիորդ Ալիսան։

Տղաները  սարսափեցին, երբ տեսան, թե ինչպե՞ս  մի ակնթարթում օրը մթնեց, լիալուսինն անհետացավ սև ամպերի հետևում։

-        Տեր աստված, սա ի՞նչ է,- տեսնելով, բացականչեց դաստիարակը։

Վագը ներս վազեց, ընկավ անկողնուն, սկսեց լաց լինել,- Իմ կուբի՜կը․․․

-        Վագ, պետք չէ լաց լինել,- տղան գլուխը բարձրացրեց, տեսավ  Դանիելին։ Նա պարկած տեղից նստեց, լուռ նայեց ընկերոջը,- Դու տեսա՞ր, թե ինչպե՞ս մթնեց,- ապշահար շարունակեց Դանիելը։

-        Այո, բայց ես չէի ուզում,- պատասխանեց Վագը, նորից վազեց դուրս, նրան հետևեց Դանիելը։

Նրանք տեսան, թե ինչպես  բարձրացավ ուժգին քամի, այն  հողմի պես պտտվելով ավելի ու ավելի բարձրացավ, անհետացավ սև ամպերի հետևում, ուր թաքնվել էր լիալուսինը։

Անսպասելի ամեն ինչ խաղաղվեց։ Տիրեց լռություն։  Հանկարծ լսվեց ուժգին դղրդոց՝ սև ամպերը ետ քաշվեցին, լիալուսինը նորից երևաց երկքում։ Անհետացած պտտահողմը պոկվեց լուսնից, կայծակնային շանթեր արձակելով աղմուկով տապալվեց ցած։

Վագը և Դանիելը բացի հեռվից երևացող շանթերից այլևս ոչինչ տեսնել չկարողացան։

-        Դու հասկացա՞ր ինչ կատարվեց,- Դանիելը դիմեց  Վագին՝ տղան ոչինչ չպատասխանեց, միայն լացակումած վեր քաշեց ուսերը․․․

-        Ճիշտն ասաց, ես էլ ոչինչ չհասկացա, բայց հետաքրքիր էր․․․,- Դանիելը ձեռքը դրեց նրա ուսին,- Գնանք ներս, եթե  օրիորդ Ալիսան այս անգամ էլ մեզ նկատեց, պատժից չենք խուսափի․․․

-        Իսկ  իմ կուբի՞կը,- տրտմեց Վագը, մնաց կանգնած։

-        Կարծում եմ, քո կուբիկը դեռ կգտնես, գնացինք,- Դանիելը նրա թևից քաշելով, ներս մտան ։

понедельник, 5 апреля 2021 г.

 -        Քեզ ի՞նչ է եղել, դու այնպես ես հևում, կարծես հետևիցդ գազան է ընկել,- հետաքրքրվեց Դանիելը , մոտենալով նրան։

-        Ոչինչ էլ չի եղել,- կարծես եղանակից խռոված պատասխանեց նա, կուբիկը դնելով տուփի մեջ։

-        Դե լավ, վե՛ր կաց գնանք նախաճաշելու, շուտով դասը կսկսվի, իսկ դու դեռ ցեխի մեջ կորած ես։

-        Դու գնա, ես լվացվեմ կգամ,- պատասխանեց Վագը, սկսեց հարդարել անկողինը։

Դասը վաղուց վերջացել էր, բայց  վաղ ծեգին սկսած անրձևն ու ձյունը, կարծես միտք չուներ դադարելու։ Վագն անդադար ներս ու դուրս էր անում, նայելով երկնքին, որտեղից կախվել էին մթնտած սև ամպերը և միայն երեկոյան սկսեց երկինքը պարզել։

-        Դարձյալ դու ոչինչ անել չկարողացար,- նորից խոսեց կուբիկը, կշտամբելով տղային։

-        Ինքդ տեսար, թե ինչպիսի եղանակ էր դրսում, ես ի՞նչ կարող էի անել։

-        Լավ  մի նեղացիր, գոնե հիմա ինձ դուրս տար,- մեղմացավ կուբիկի վրայի պատկերը, շարժելով բարակ շուրթերը։

Միջանցքից լսվեց ոտնաձայներ,Վագը կուբիկը թաքցրեց բարձի տակ։

-        Ո՞վ կա ներսում,- գլուխը ներս մտցնելով, հարցրեց օրիորդ Ալիսան։

-        Ես եմ,- շփոթված պատասխանեց Վագը։ Դաստիարակը ժպտաց

-        Ապրես Վագ, դուրս մի արի, չնայած անձրևը դադարել է, բայց անտանելի ցուրտ է։

-        Լա՜վ,- անտրամադիր ծոր տվեց Վագը, բարձրացնելով բարձը, երբ օրիորդ Ալիսայի գլուխն անհետացավ դռների միջից։

-        Վերջապես դու ինձ դուրս տանելու՞ ես, այնպես, ինչպես հարկն է, անկարող տղա։

-        Իսկ ինչու՞ է ձայնդ փոխվել, այն մի տեսակ խրպոտել է,- նկատեց տղան։

-        Ինչպե՞ս  չփոխվեր, երբ մի ամբողջ գիշեր ինձ թողեցիր անձրև ու ձյան տակ։

-        Դու ճիշտ չես, անձրևը ողջ գիշեր չի տեղացել։

-        Միևնույն չէ՞, չէ՞որ գիշերն էլ անտանելի ցուրտ էր,- պատասխանեց մի աչքանին, խռպոտած ձայնով։

-        Ես մեղավոր չեմ, երկինքը սև էր, և միայն հիմա է պարզել, երբ նորից օրն անցել է, ահա նայիր,- Վագը նայեց լուսնին, այն կարծես դժգոհ դեմք ուներ, նա վախեցած նայեց կուբիկին։

-        Դու նորից վախենու՞մ ես, ցույց տու՛ր ինձ լուսինը։

-        Ես չեմ վախենում, պարզապես ուզում եմ իմանալ, դու այլևս չես ուզում արև տեսնել,- տխրեց Վագը։

-        Ո՛չ, իհարկե ո՛չ, արևի ժամն անցել է, արդեն լուսինն է։ Լուսնի դեպքում էլ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, բայց և ամեն ինչ այլ է լինում, խորհրդավոր և․․․,- դեմքը, միտքը կիսատ, փակեց աչքը։

-        Ի՞նչն է այլ լինում,- զարմացավ տղան։

-        Պատասխանը հետո, իսկ հիմա ցույց տու՛ր ինձ լուսինը, թող նա լինի իմ տարերգը։

Տղան կուբիկն առած, դուրս եկավ բակ։

-        Ահա՛, նայի՛ր,- նա ձեռքն առաջ մեկնեց։

-        Անփույթ տղա, ինչպե՞ս կարող եմ տեսնել, երբ իմ դեմքը հպված է ափիդ։

Վագը կուբիկն ուղղեց դեմքով դեպի վեր։ Դեմքը նայեց լուսնին։ Այդ պահին տղային թվաց, անտես մի ուժ քաշեց նրա թևից։ Նա ճչաց, հազիվ մնալով ոտքի վրա։

воскресенье, 4 апреля 2021 г.

 

«Հողմը»

 Կեսգիշերն անցել էր ։ Երկնքում լիալուսինը մեկ կորչում էր սև ամպերի տակ, մեկ պարզ երևում էր, իսկ աստղերը ծիկրակելով փայլում էին նրա շուրջը։ Գիշերն անսովոր լուսավոր էր։ Վագը քնած էր մանկան անհոգ քնով, երբ մեկը բոթեց նրան։

-        Արթնացի՛ր։

Վագը շրջվեց մյուս կողքին։

-        Տղա՛ արթնացի՛ր,- ձայնը կրկնվեց։

Վագը կիսաքուն նստեց անկողնում, տրորեց աչքերը,  փորձեց մթության մեջ տեսնել խոսողին։

-        Իջի՛ր անկողնուց, մոտեցի՛ր ինձ։

Վագը  իջավ, վերցրեց կուբիկը։

-        Կարո՞ղ ես հիմա ինձ դուրս տանել,- հանգիստ հարցրեց  նա։

-        Ինչպե՞ս, այս կեսգիշերի՞ն,- զարմացավ տղան։

-        Այո, ուզում եմ հիանալ լիալուսինով, դրսում լիալուսին է, այնպես չէ՞։

-        Գուցե լիալուսին է, բայց հիմա լուսինը չի երևում՝ մութ է, երևի ամպամած է,- լուսամուտից դուրս նայելով, դեմքը խոժոռեց տղան ։

-         Քայլի՛ր դեպի դուրս։ Համոզված եմ, դու սխալվում ես, լուսինը չի կարող չերևալ։ Վերջապես իմ ժամն է։ Չե՞ս կարծում շատ ես դանդաղում։

Կուբիկն ափի մեջ պահած՝ տղան  քայլեց դեպի դուրս։ Այն ցած գլորվեց նրա ձեռքից, երբ նա հայտնվեց  աստիճաններին։ Կուբիկը շարունակեց գլորվել, առանց կանգ առնելու։ Վագը տեղում քարացած, ակամա հետևում էր նրան, զարմանքից աչքերը կլորացած։

-        Վագ, ի՞նչ ես անում դրսում այս ուշ ժամին։

-        Ա՜, Դանի դու՞ ես, արդեն գալիս եմ,-Նա խորը հոգոց հանեց, երբ տեսավ Դանիելին, շարունակ ետ նայելով, ընկերոջ հետ ներս մտավ։

Միջանցքի վերջում լույսը վառվեց, երևաց օրիորդ Ալիսան։

-        Այս կողմ,- Վագի թևից քաշեց Դանիելը։ Նրանք մնացին պատին սեղմված, մինչև դաստիարակը լույսն անջատեց։

Վագը  մտավ անկողին, երկար սպասեց, մինչև  Դանիելը քնեց, բայց քունը հաղթեց նաև իրեն։

Երկինքն արդեն կապտում էր, երբ Վագը  վեր թռավ քնից, վազեց պատշգամբ։ Ձյունախառ անձրևի խոշոր կաթիլները հարվածում էին ապակիներին, սաստկացնելով աղմուկը։ Նա  փորձեց նայել դուրս, բայց ոչինչ տեսնել չկարողացավ։ «Ինչպե՞ս կարող էի քնով անցնել․․․ իմ կուբիկը»,- տխուր մտածեց նա, նորից վազեց ներս սկսեց արագ հագնվել։

-        Վագ դու քնած չէի՞ր,- Կիսաարթուն հարցրեց Դանիելը, նստելով անկողնում։

-        Քնած էի, արդեն արթնացա,- պատասխանեց տղան և շտապելուց երկու ոտքը մտցրեց  մեկ փողկի մեջ։ Դանիելը սկսեց ծիծաղել , բայց նա առանց ուշադրություն դարձնելու վազեց դուրս։

-        Սպասի՛ր, նորից ու՞ր,- նրա ետևից ձայն տվեց Դանիելը ծիծաղելով, բայց Վագը ուշադրություն չդարձրեց, կախիչից վերցրեց անձրևանոցը, դուրս թռավ։

Նա  մնաց կանգնած փայտե հին սանդուխքի մոտ, ապա կռացավ նայեց նրա տակ, գտավ ցեխոտված ու թրջված  կուբիկը, վերցրեց, վազեց ներս։ Ներս մտնելիս ցեխոտ ոտքերի համար նրան կշտամբեց  կիսանինջ դռնապանը։ Վագը առանց նրա կողմը նայելու  ներս ընկավ անկողնուն։

пятница, 2 апреля 2021 г.

 «ԿՈՒԲԻԿԸ»

-        Աչքս հանեցի՛ր հիմա՛ր տղա, չե՞ս կարող զգույշ,- բղավեց գլուխը։ Վագը ետ քաշվեց, մնաց հատակին շվարած նստած։ Տղան նորից նայեց պահարանի տակ, այնտեղից նրան էր նայում մի փայլող աչք։ Նա նստած տեղից ետ փլվեց։

-        Տղա՛, վերջապես դու ինձ այստեղից դուրս կհանե՞ս։

Վագն առանց պատասխանելու փայտն առավ ձեռքը, պարկեց հատակին, սկսեց  հրել կուբիկին դեպի դուրս։

-        Զգու՛յշ տղա,- բղավում էր մի աչքանին, բայց տղան առանց ուշադրություն դարձնելու նրա բղավոցին, կուբիկը գլորեց մահճակալի տակ, ապա սողալով մոտեցավ, վերցրեց այն, ոտքի կանգնեց, ուշադիր նայեց նրան։

-        Ի՞նչ ես շվարել, վերջապես ինձ դուրս տանելու՞ ես, թե՞ ո՛չ,- հոխորտաց գլուխը, միակ աչքը սևեռած տղային։

 Վագը լուռ քայլեց դուրս, կանգնեց աստիճաններին, կուբիկը առաջ մեկնեց, աչքը նայեց վեր

-        Ու՞ր է արևը, դու ասացիր դրսում արև է,-  հարցրեց գլուխը։

-        Մինչև կարողացա քեզ դուրս հանել այնտեղից, արևն անցավ,  իսկ հիմա երեկո է, շուտով լուսինը կերևա,- մեղավոր շշնջաց տղան։ Հնչեց  զանգը, Վագը տեղից չշարժվեց։

-        Վա՛գ,  ընթրիքի ժամն է, ներս անցի՛ր,-  դուրս եկավ դաստիարակը։

-        Այո, օրիորդ Ալիսա,- ակամա ձեռքը գրպանը խոթելով, պատասխանեց Վագը, ուղիղ նայեց նրան։

-        Ինչու՞ գունատվեցիր, ի՞նչ է պատահել,- անհանգստացավ Ալիսան։

-        Ոչինչ, ես հենց այնպես,- շփոթվեց  տղան, ձեռքն ավելի  խորը խոթելով գրպանը։

-        Հապա տեսնեմ, ի՞նչ ես թաքցնում,- նա ձեռքը դեպի տղան մեկնեց։

-        Ասացի ոչինչ, ոչինչ էլ չկա,- ակամա նյարդայնացավ Վագը։

-        Եթե չկա, կարծում եմ նյարդայնանալու կարիք էլ չկա, այդպես չե՞ս կարծում, ապա ձեռքդ հանի՛ր գրպանից,- պահանջեց դաստիարակը։

-        Ահա՛, սա իմ կուբիկն է, այլևս ոչինչ չկա։

Օրօորդ Ալիսան այն վերցրեց, սկսեց ուշադիր զննել, ձեռքի մեջ շուռումուռ տալով

-        Որքան այլանդակ դեմք է, ինչու՞ ես այն քեզ մոտ պահում, մի՞թե ուրիշ պատկերներով կուբիկներն ավելի տանելի չեն,- դեմքը խոժոռեց դաստիարակը։

Վագը հայացքի տակից լուռ նայում էր նրա ձեռքի շարժումներին։

-        Դե ետ տվե՛ք, տեսա՞ք ոչինչ էլ չկա,- անհամբեր  արտաբերեց տղան։

Օրիորդ Ալիսան զարմացած մեկ նայում էր կուբիկին, մեկ անհանգստացած տղային, այնուհետև կուբիկը դանդաղ մեկնեց Վագին, աչքը չկտրելով  նրանից։

Թվաց  կուբիկի պատկերի շրթունքները շարժվեցին, երբ այն հայտնվեց տղայի ձեռքում։ Կուբիկը ետ ստանալով, Վագը ներս վազեց, այն տեղավորեց տուփի մեջ, շտապեց ընթրելու։