четверг, 7 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 20)

Եղյամապատ հրապարակի բարձր դամբարանին արդեն ծածանվում էր Սպիտակ դրոշը։ Դրոշի վրա Ադամանդի պատկերն էր, իսկ անկյունում սիրամարգի գլուխը։ Կորին հայտնվեց դրոշի մոտ, սկսեց ուշադիր նայել բացված պատից դուրս եկոց ռոբոտ-զինվորների շարքին։ Շարքի մեջ նկատեց եղբորը, ցած սլացավ ձայն տալով․
- Վերի՜,- գրկեց նրան, ուզեց վեր բարձրացնել, հսկիչները կրակ բացեցին։ Կորին երերաց, երբ մի քանի գնդակ անցավ նրա մարմնի միջով, իսկ Վերին թուլացած վայր ընկավ նրա գրկից, վայրկյաններ անց, նա ոտքի ելավ, միացավ շարքին,- Վերի՜,- զարհուրած ձայն տվեց նա, փորձեց ետ խլել եղբորը, բայց Ադամանդի մարդիկ հասցրեցին Կորիի գլխին սև տոպրակ հագցնել։
- Ա՛յ սա խոստումնալից է,- հայտնվեց Ադամանդը հպարտ կեցվածքով,- Տարե՛ք նրան և այնպես արե՛ք, որպեսզի փախչել չկարողանա, այլապես գլխով եք պատասխանատու, իսկ ես պետք է խորհրդակցեմ պրոֆեսորի հետ,- ակնհայտ ուրախությամբ հրահանգեց նա և անհետացավ պատվանդանից։
Կորիին երկար քարշ տվեցին մութ գետնանացով։ Առանց գլուխն ազատելու սև պարկից, նրան շղթայակապ արեցին ներքնահարկում։ Տիրեց լռություն։ Նա փորձեց ազատվել գլխին հագցված պարկից, բայց ոչինչ չստացվեց։ Կորին իսկապես հայտնվել էր անելանելի վիճակում և թակարդն ընկած գազանի պես երկար ժամանակ գալարվում էր, այնուհետև մնաց հատակին անշարժ պարկած․ «Ահա՛ անհնարինը»․ հիշեց Մարկոսին։
Կորին կիսանինջ էր, երբ ասեղի սուր ծակոցից վեր թռավ․․․  

среда, 6 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 19)

Վերիին հանդիպելուց հետո, Կորին տեղը չէր գտնում։ Նա մեկ ուզեց ետ դառնալ լաբորոտորիա, որտեղ թողել էր եղբորը, բայց մտկափոխվեց, քաղաքից դուրս եկավ, ուղղվեց դեպի միայանակ տան կողմը։ Մարկոսը այգուց դուրս եկավ, վեղարը ետ գցած, Կորին նրան ընդառաջ գնաց։
- Ի՞նչ կա Զմրուխտե աչք,- նկատելով պատանու այլայլված տեսքը, հետաքրքրվեց նա,- Դու քեզ նման չես։
- Ես այնտեղ էի։
- Որտե՞ղ, կարո՞ղ ես ավելի պարզ խոսել։
- Այնտե՛ղ, որտեղ Աբգարն է, որտեղ ես էի և բոլորը․․․
- Լաբորոտորիայու՞մ։
- Այո։
- Եվ ի՞նչ։
- Իմ եղբայրը՝ Վերին այնտեղ էր և էլի շատերը։
- Այո՜,- ծոր տվեց նա,- Ադամանդը խոսքի տերն է, իսկ ինչու՞ նրան քեզ հետ չբերեցիր այստեղ։
- Փորձեցի՝ նա ինձ չճանաչեց,- ավելի տխրեց Կորին։
- Դու սխալվել ես։ Որոշ ժամանակ անց քո եղբայրը նորից կճանաչեր քեզ։
- Նորից կարող եմ նրա հետևից գնալ,- ոգևորվեց պատանին, ուզեց դուրս գալ բակից։
- Ո՛չ,- առարկեց Մարկոսը։
- Ինչո՞ւ,- Կորին մնաց տեղում կանգնած։
- Նրան այլևս այնտեղ չես գտնի։
- Այդ դեպքում, այնտեղ ամեն ինչ մոխրի կվերածեմ, իսկ Աբգարին իր իսկ հնարած ռոբոտ-զինվորներին կեր կդարձնեմ,- անզորությունից մռնչաց նա։
- Նման կերպ դու չես կարող օգնել եղբորդ, պետք է խոհեմ գտնվել՝ ճիշտ օգտագործել հնարավորությունը, որը ոչ բոլորին է տրվում։
- Ինչու՞ եք այդպես խոսում, մի՞թե անհնար է։
- Անխոհեմ են այն մարդիկ, ովքեր մտածում են՝ անհնարին ոչինչ չկա, բայց ցավոք, յուրաքանչյուրս և դու կախում ունենք ժամանակից։ Այն հզոր է։ Ցանկացած ասպարեզում չկա անկախ հասկացություն՝ չկա՛,- թույլ չտալով պատանուն միտքն ավարտել, ավելացրեց Մարկոսը։
- Ինչպե՞ս, ես նույնպե՞ս,- տարակուսեց Կորին,- Ո՛չ, չեմ հավատում, մի՞թե անզոր եմ, երբ հերթը իմ եղբորը հասավ։
- Հարկ չկա վրդոհվելու։ Տրված հնարավորությունը մի շռայլիր անմիտ քայլերով, որքան էլ ցավալի է իրականությունը,- խորհուրդ տվեց Մարկոսը,- ՈՒզում եմ ասել՝ ոչ մի տրված հնարավորություն անսահման չէ։ Այն պահ է և նայած թե ում, որքանով է տրվում։
- Իմը նույնպե՞ս,- կարծես չհաշտվելով, հարցրեց նա։
- Ցավոք այդ ասպարեզում բացառություններ չեն լինում։ Պարզապես քո հնարավորությունը դեռ ուժի մեջ է և այդ ուժը ևս խորհրդանշում է ժամանակը, իսկ ժամանակի ընթացքը կարող է մեկին ի օգուտ, մյուսին ի վնաս,- Կորին գլուխը կախեց։
- Մի՛ վհատվիր, գործի՛ր արագ և արդյունավետ և այդ արդյունավետության մեջ կմտնի նաև քո եղբոր փրկությունը՝ ստացվում է երկուսը մեկում։
- Կաշխատեմ կատարել ձեր խորհուրդը, բայց Ադամանդը․․․,- Կորին շրթունքը կծեց։
- Յուրաքանչյուր ժամանակ ունի իր չարիքի բույնը՝ Ադամանդը պատկանում է մեր ժամանակին և նրա հետ պայքարը կերկարաձգվի անորոշ ժամանակով, քանզի մեր ժամանակներում չարը ավելի արագ է ուժ հավաքում։
- Ինչու՞։
-  Բարին հազիվ թե տարվի նյութականով, իսկ մարդը ձգտում է նյութին, որը նրան է մատուցում չարը։ Ահա՛ ողջ պարտության փիլիսոփայությունը,- ուսերը վեր քաշեց Մարկոսը, նրանք նայեցին միմիյանց, աշխատելով ժպտալ, բայց մի տեսակ չստացվեց։

вторник, 5 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս-18)

Կորին Մարկոսին հրաժեշտ տվեց միայնակ տան բակում, վերադարձավ քաղաք։ Քամու հետ սուրալով, հայտնվեց հարազատ դարձած պատշգամբին։ Վիվին տեսնելով, ուրախացած այն բացեց։ Կորին ներս մտավ, նրանք գրկախառնվեցին։
- Դու նորից անհետացել էիր։ Որտե՞ղ էիր,- շշնջաց աղջիկը։
- Այնտե՛ղ,- դեպի դուռը ցույց տվեց նա։ Վիվին ժպտաց։
- Ինչպե՞ս ես կարողանում հայտնվել նման բարձր տեղերում։ Չե՞ս վախենում։
- Ինձ քամին է տանում։ Արի ճախրենք և դու կտեսնես,- առաջարկեց պատանին, գրկեց աղջկան, պատշգամբից դուրս թռավ։ Վիվին սկսեց ճչալ։
- Լռի՛ր, այլապես անգղերը մեզ կհոշոտեն,- Կորին խոսում էր բերանը աղջկա ականջին կպցրած, իսկ նա ինքնամոռաց ծիծաղում էր ու ծիծաղում։ Նրանք կանգ առան երկնաքերի տանիքին։
- Անսահմա՜ն է այս քաղաքը,- բացականչեց աղջիկը, հիացմունքից ձեռքերը տարածելով,- Իսկ ինչու՞ է այսպես,- հանկարծ լրջացավ նա։
- Ինչպե՞ս։
- Նույն քաղաքում և՛ գարուն է և՛ ձմեռ է։
- Սպիտակ գույնը եղյամ է՝ Ադամանդինն է, իսկ մնացյալը սովորական գարուն է, բայց նա փափագում է ողջ մեգապոլիսը սպիտակ դարձնել։
- Իմ հայրիկին դրա համա՞ր էիր կշտամբում,- Վիվին ավելի տխրեց։
- Այո՛, բայց նա երբեմն նաև օգնում է մեզ։
- Ես ամեն ինչ գիտեմ, բայց երբեք այդ մասին չենք խոսում։ Ես սիրում եմ նրան և չեմ ուզում ցավ պատճառել։ Հայրիկն ինձանից բացի ոչ ոք չունի։ Գուցե այդ ամենի մեջ իմ ապագա՞ն է տեսնում,- Կորին լուռ նայեց նրա աչքերին․
- Ես և դու չպետք է այդ մասին խոսենք։ Իմ և քո աշխարհում չկա զենք, չկա գիտնական, չկա պատերազմ, իմ և քո աշխարհում կա սիրտ՝ ահա նայի՛ր ինչպե՞ս է խփում քեզ համար և նա ամեն օր ինձ բերում է քեզ մոտ,- Կորին բռնեց աղջկա ձեռքը, դիրեց իր կրծքին,- Արի միասին դիտե՛նք քաղաքը,- պատանին գրկեց նրան, սլացավ քամու հետ։
- Կարծես սպիտակ գույնը շատանում է,- ձեռքերը տարածեց Վիվին։
- Սա հրապարակն է՝ այն պատկանում է Ադամանդին։ Ուզու՞մ ես ավելի մոտիկից դիտել եղյամը։
- ՈՒզու՛մ եմ,- ուրախացավ աղջիկը։ Բաց պատշգամբից լսվեց կանացի բարձր ծիծաղը։ Կորին, Վիվիին գրկած, ներս նայեցին։
- Նաթի՛, դու կդառնաս մեգապոլիսի ամենահարուստ կինը, համաձայնվի՛ր իմը լինել։ Նայի՛ր այս հսկա քաղաքին,- նա ձեռքով ցույց տվեց դեպի քաղաքը՝ պատանին և աղջիկը նրա դիմաց էին։ Նա քարացավ տեղում, բաց թողնելով Նաթիի ձեռքը, ավելի մոտեցավ լուսամուտին,- Դարձյալ նա իմ քթի տա՛կ է, գրողը տանի՛, նա ամենու՛ր է,- Ադամանդը կատաղությունից ոտքերը խփեց հատակին։ Հայտնվեց սատանան․
- Հրամայի՛ր իմ տեր։
Նաթին սեղմվեց, մնաց պատին։ Կորին Վիվիին գրկեց անհետացավ Ադամանդի աչքից։
- Ահա՛, հայրիկդ այստեղ է,- Կորին ցույց տվեց մյուս երկնաքերի լուսամուտը։
- Գիտե՛մ, այստեղ նաև մեր բնակարանն է,- պատասխանեց աղջիկը, համարյա բղավելով։
- Ուզու/մ ես ավելի մոտիկից տեսնել։
- Այո՜,- թևերը տարածեց Վիվին։
Նրանք կանգնեցին պատշգամբին։ Ներսում մարդաշատ էր։
- Որքա՞ն շատ մարդ կա այնտեղ,- նկատեց աղջիկը ծիծաղելով։
- Այո՜,- ծոր տվեց Կորին, նայեց ներս։
- Վերի՞,- զարմացավ նա, ավելի ուշադիր նայելուց հետո,- Ես պետք եմ նրան։
- Իսկ ե՞ս,- վախվորած շշնջաց աղջիկը, մնալով պատշգամբի գոգին։
- Վիվի՛,- տեղից վեր թռավ գիտնականը, անհանգիստ նայեց Կորիին,- Դու՞,- Շփոթվեց նա, այլևս լռելով։
- Հայրի՜կ,- աղջիկը սկսեց լաց լինել։ Կորին նրա թևից ներս քաշեց, ինքը մոտեցավ գիտնականին։
- Նորից նու՞յնը,- ցասումով արտաբերեց պատանին, մոտեցավ եղբորը,- Վերի՛,- Վերին մնաց անտարբեր,- Ի՞նչ եք արել նրա հետ,- հուսահատությունից պատանին հարձակվեց նրա վրա։ Ներս մտան երկու աժդահա հսկիչները։ Կորիի աչքերը փայլեցին, նրանք ետ քաշվեցին։ Նրանցից մեկը միացրեց հեռախոսը․
- Մեզ օգնություն է հարկավոր,- վանկարկեց նա։
- Նա քո եղբա՞յրն է,- զարհուրանքից Աբգարի աչքերը կարծես տեղից շարժվեցին առաջ։
- Գիտնակա՛ն, դուք կափսոսաք ձեր աշխարհ գալու համար,- մռնչաց պատանին, անհետացավ եկած տեղով։ Վիվին, որ խուլ հեկեկում էր հուսահատ նայեց Աբգարին, ապա բաց պատշգամբին։
- Ների՛ր աղջիկս,- շշնջաց նա, ձեռքերը հպելով դեմքին։

понедельник, 4 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդու (մաս-17)

Վաղ լուսաբացին Ադամանդը մտավ լաբորոտորիա, որտեղ ողջ գիշեր աշխատել էր գիտնականը․
- Ողջ գիշեր աշխատե՞լ եք,- հստակ իմանալով գիտնականը աշխատել է՝ բոլոր դեպքում հարցրեց նա։
- Այո՛, ամեն ինչ արդեն պատրաստ է,- պատասխանելիս, Ադամանդը ցույց տվեց սեղանին դարսած՝ Ադամանդի համար անհասկանալի պարագաները։
- Պրոֆեսորը չի՞ երևացել։
- Ո՛չ, դեռ ո՛չ։
- Գուցե դա է բարին։ Չեմ կարծում այս գործում նրա ներկայությունը պարտադիր է,- մրմնջաց նա, մի հայացք գցելով դռան կողմը,- Գնացի՛նք։
Աբգարը, որ կարծես սպասում էր հրահանգի, շտապեց ոտքի կանգնել, սրվակները ներարկիչների հետ տեղավորեց պայուսակի մեջ, իսկ թղթե ծանր կապոցները մյուսի մեջ՝ նայեց Ադամանդին,- Կարող ենք դուրս գալ։
Ադամանդը առաջինը դուրս եկավ, նրան հետևեց գիտնականը, հազիվ քարշ տալով ծանր պայուսակները։
Քաղաքից հեռու, անտառի բացատում երիտասարդները և պատանիները մեծ շրջան կազմած ծալապատիկ նստել էին։ Մեկը խոսում էր, մյուսները լուռ լսում էին։ Տեսնելով մոտեցող ամենագնացին, բոլորը ոտքի կանգնեցին։
- Բոլո՞րն են,- մեքենայից դուրս գալով, դիմեց պատրաստակամ հսկիչին, միաժամանակ աչքի անցկացնելով շարքը։
- Այո՛։
- Հոյակապ է,- ոգևորվեց նա,- Սկսե՛ք։
Գիտնականը ճամպրուկներից մեկը հանձնեց հսկիչին, ինքը բացեց հաջորդը։ Առաջինը ներարկեց մի նիհար պատանու։ Դեռ ասեղը նրա մաշկի մեջ էր,երբ հսկիչը նրա բուռը խոթեց փողի մի կապ։ Պատանու դեմքը փոխվեց, ուրախացած նայելով ստացած գումարին, ապա շտապեց այն թաքցնել ուսապարկի մեջ, այնուհետ բարձրացավ մեքենայի բացված թափքը։
Շարքը անհամբեր էր, հաճախ վիզները երկարացնելով, նայում էին գումար ստացող հերթական կամավորին և լցվում անհամբերությամբ։
- Վե՛րջ,- վերջապես հայտարարեց Աբգարը, հավաքելով պայուսակը։
- Եթե շատ եք ուզում ձեր գործն այնքան էլ վատ չեք կատարում,- դիմելով Աբգարին, խորամանկ ժպտաց Ադամանդը։
- Ի՞նչ արած, ոչ միշտ է ստացվում գոհացնել պատվիրատուին,- ուսերը վեր քաշեց նա, մտավ մեքենայի մեջ։
- Շարժվեցի՛նք,- հրամայեց Ադամանդը, ինքնաբավ համբուրելով փայլող քարը։

воскресенье, 3 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության ( մաս-16)

Ադամանդը ամենագնացով շրջում էր քազաքի փողոցներով։ Ամենուր ակնհայտ էր նրա զինվորների թողած հետքը՝ այրված՝ դեռ ծխացող տներ, մոխրացած մեքենաների կմախքներ, մարդկային մարմիններ․․․
Տիրող տևական լռությունը Ադամանդին տարօրինակ թվաց։ Նա մեքենան կանգնեցրեց․«Որտե՞ղ են նրանք, կարծես գետնի տակ են անցե՛լ»․ ինքն իր հետ խոսելով, իջավ մեքենայից, նայեց շուրջը, դարձյալ կենդանի շունչ չերևաց։ Մոտեցավ ծխացող մոխրակույտին, ուշադիր նայեց, «Նրանք են», մրմնջաց նա, տեսնելով ածիլված, կիսախանձ գլուխների մնացուկները շանթահար ետ եկավ, նստեց մեքենան․ «Ես կոչնչացնեմ այդ Զմրուխտե աչքին»․ ատելությամբ ֆշշացրեց նա։ Քիչ հետո ամենագնացը կանգ առավ վեց անկուն ունեցող և վեց հարկանի շենքի դիմաց։ Առանց սպասելու հսկիչների ծառայությանը, շտապեց մտնել շենք։ Նա պրոֆեսորին գտավ վեցերորդ սենյակում՝ անտրամադիր, խմիչքով գավաթը ձեռքին։
- Ինչու՞ ես եկել,- տեսնելով Ադամանդին, հարցրեց նա, մի կերպ զսպելով զայրույթը։
- Նրանց գլուխները գտա ծխացող մոխրակույտում,- առանց նախաբանի սկսեց Ադամանդը վրդոհված ու հևասպառ։
- Մի՞թե,- հեգնեց Բենը,- Դուք փորձեցիք մեր միասնական աշխատանքը ինքնագլուխ ու միայնակ տնօրինել և դեռ հաղթանա՞կ էիք ակնկալում,- զայրույթին ազատություն տվեց պրոֆեսորը։
- Իսկ ի՞նչ էիք կարծում, եթե ձեզ տեղյակ պահեի, դրանից նրանք կդառնայի՞ն անխոցելի։
- Գուցե՛,- բազմանշանակ պատասխանեց Բենը։
- Նման կերպով ուզում էի ստանալ Զմրուխտե աչքին։ Չեմ հասկանում ինչպե՞ս, բայց նա իմ գաղտնարանից տարել է պահեստայիններին,- ավելի մեղմացած բացատրեց Ադամանդը,- Պետք է անպայման ետ բերել նրանց, եթե առայժմ ոչ Զմրուխտե աչքին։ Նա դարձել է անորսալի։
- Ստացվում է, ինքներդ ձեզ հակասում եք,- նկատեց Բենը։
- Ինչու՞։
- Եվ քաղաքն ավիրում եք հանուն այդ պատանու և խոստովանում, որ նա անորսալի է։ Նաև գիտեք՝ նրան բռնելն անհնար է,- Բենը մի պահ մտախոհ լռեց, հետո ավելացրեց,- Գուցե առայժմ․․․
- Եթե այդպես է, եթե իմ կրած կորուստը միայն ժամանակի խնդիր է, հարկ եմ համարում այդ կորուստը լրացնել նոր կադրերով,- ոգևորվեց Ադամանդը։
- Ինչպե՞ս։
- Ինչպես միշտ՝ առևանգելով։
- Վատ միտք չէ։ Չնայծ նման գործելաոճը ակնհայտ է դարձնում ձեր բռնի վարքը։
- Այն ինձ քիչ է անհանգստացնում, բայց նրանց կամքին չեմ բռնանա, ինչպես արել եմ մինչև հիմա։
- Հետաքրքիր է,- Բեն կում անելով խմիչքից, շահագրգռված նայեց նրան։
- Կփոխեմ իմ գործելաոճը։
- Եվ ինչպե՞ս եք պատրաստվում փոխել այն։ Տարբերակ ունե՞ք,- հետաքրքրվեց պրոֆեսորը, լցնելով երկրորդ գավաթը, մեկնեց Ադամանդին։
- Շնորհակալ եմ,- ժպտաց Ադամանդը,- Շատ փող կվճարեմ, որն իհարկե երբեք պետք չի գա նրանց և այդ միշտ ներկա փողը կիշխի այդ թշվառներին։ Այսպիսով, եթե չցանկանան ծառայել ինձ, կծառայեն փողին։ Փողը գերիշխան է,- ինքնաբավ շեշտեց վերջին նախադասությունը, կում անելով գինուց։
- Իսկ ռոբոտ-զինվորների դեպքում դուք իրավասու չեք ինքնագլուխ որոշումներ կայացնելու,- Ինչպե՞ս հասկանալ,- հոնքերը իրար բերեց Ադամանդը վրդոհված, բայց քանի որ իր առջև նստածը պրոֆեսորն էր, ստիպված էր զիջել։
- Նրանք նաև ի՛մնն են, նրանք նաև Նաթիի՛նն են,- հանգիստ թվարկեց Բենը,- Եվ վերջապես՝ նրանք նաև Աբգարի՛նն են, որքան էլ չվստահեք նրան,- Ադամանդը մնաց խոժոռ դեմքով, բայց ոչինչ չասաց։
- Դժգո՞հ եք,- նկատեց պրոֆեսորը։
- Իհարկե՞ դժգոհ եմ։
- Նկատելի է։ Բնականաբար դուք գերադասում եք միայանակ լինել բոլոր ասպարեզներում, բայց այս դեպքում, որքան էլ դժգոհ եք՝ պետք է ինքս կառավարեմ նրանց, որպեսզի այսուհետ առնվազն, նրանց գլուխները չգտնեք  ծխացող մոխրակույտերում։
Միջանցքից աղմուկ լսվեց։ Ադամանդն ակամա ոտքի կանգնեց, պրոֆեսորն անհանգստացած նայեց դռանը։
- Ո՞վ է այսպես աղմկելով իմ տուն ներխուժում,- նա դեռ խոսում էր, երբ դուռը պոկվեց ընկավ հատակին։ Երևաց Աբու-Սայիդը, ներս քաշելով սղոց-ձեռքը։ Բենը առանց շտապելու, մոտեցավ նրան, սեղմեց թևին կապված սարքի կոճակը՝ Աբու-Սայիդը մնաց կանգնած, հայացքը դեպի անորոշություն։
- Ի՞նչ արեցիք նրա հետ,- զարմանքից Ադամանդի հոնքերը վեր բարձրացան, գավաթը ձեռքից վայր ընկավ։
- Ստիպված էի վնասազերծել,- պատասխանելիս, Բենը երկու ձեռքերով ետ տարավ ալեխառը մազերը,- Հրամայե՛ք, նրան վերադարձնել իր տեղը։
- Այո՛, իհարկե,- Ադամանդը շփոթված նայեց Բենին,- Նրանք այդքան խոցելի՞ են։
- Ոչ այնքան, որքան թվում է։ Մի՛ մոռացեք՝ ես եմ նրանց ստեղծել։
Ադամանդը մաքրեց ճակատի քրտինքը, անխոս դուրս եկավ, հայացքը չկտրելով Աբու-Սայիդից։  

суббота, 2 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս- 15)

Ռոբոտ-զինվորները, եղյամյա փողոցով դանդաղ քայլում էին գերվարված քաղաքացիների հետ։ Կորին հայտնվեց մոտակա շենքի տանիքին։
- Աբու-Սայի՜դ,- տեսնելով, ձաjն տվեց նա։
- Այո՛ հրամանատար,- մոտեցավ ինքը՝ Աբու-Սայիդը։
- Բաց թո՛ղ մարդկանց, նրանք Ադամանդին պետք չեն։
- Ես դեռ չեմ կատարել առաջին հրամանը,- պատասխանելիս նա դուրս հանեց սղոց-ձեռքը,- Ես նրանց կգլխատեմ, իսկ Զմրուխտե աչքին կհանձնեմ Ադամանդին։
- Դու դառնում ես և անտանելի և անկառավարելի,- ավելի շուտ նա խոսեց ինքն իր հետ, քան մեկի, ով մոտենում էր գլխատելու ծնկած տղամարդուն։
-  Ո՛չ, դու կկատարե՛ս նաև իմ հրամանը,- գոչեց նա, և նրա արձակած փիրուզյա շանթից Աբու-Սայիդը տապալվե գետին։ Շանթը կրկնվեց՝ կրկնվող քամու և սուլոցի հետ մյուս ռոբոտ-զինվորները փռվեցին իրենց հրամանատարի կողքին։ Գերվածները, առանց հասկանալու, ի՞նչ է կատարվում սկսեցին խուճապահար փախչել։ Մյուս զինվորները փորձեցին ետ բերել նրանց, բայց նորից շանթը կրկնվեց, սկսեց ռոբոտ-զինվորներից ծուխ բարձրանալ։ Զմրուխտե աչքը մոտեցավ Աբու-Սայիդին․
- Դու մի անգամ ինձ փրկել ես Ադամանդից, չնայած դրա կարիքն այնքան էլ չկար։ Քեզ չմոխրացնելով, իմ պարտքն եմ վերադարձնում՝ վերադարձի՛ր քո աշխարահ։
Աբու-Սայիդը ոտքի կանգնեց, նայեց մոխրացած զինակիցներին, վանկարկեց,- Ես կատարում եմ առաջին հրամանը։ Ես քեզ կհանձնեմ Ադամանդին,- նա սկսեց ներքևից հետևել քամու հետ սլացող պատանուն։
Կորին հայտնվեց բարձրահարկ շենքի տանիքին, բակում պայթյուն որոտաց, նա սլացավ այն կողմ՝ ռոբոտ-զինվորները անտարբեր հետևում էին ուղևորներով լի այրվող ավտոբուսին։ Նա իջավ կրպակի վրա, մոխրի վերածելով նրանցից ևս մի քանսին, բացեց ավտոբուսի դուռը, նորից վեր սլացավ։ Երկնաքերի տանիքից դիտեց քաղաքին՝ հին աշխարհը նկատելիորեն փոքրանում էր։ Եղյամն անարգել իր թևերն էր փռում, ընդլայնելով սպիտակ գույնը։
 Մեգապոլիսում, մարդկանց մի մասը փակվել էր տներում, մի մասը շտապում էր հեռանալ։ Ամեն կողմից լսելի էր մեքենանաերի անկանոն հռնդյունը։
Մարդիկ լուսամուտներից զարմանքով հետևում էին փողոցով քայլող, երկարափեշ զգեստով միայնակ տղամարդուն։ Նրանց հայացքներից սարսափ կաթաց, երբ ընդառաջ ելեն ռոբոտ-զինվորների մի խումբ։ Նա մնաց կանգնած։ Զինվորներից մեկը դուրս հանեց սղոց-ձեռքը, նա ետ, ետ գնաց, մնաց պատին հենված։ Սղոցը մոտեցավ նրա դեմքին։
- Ո՜չ,- լսվեց Կորիի ձայնը, նա վեղարը ետ տարավ, նայեց վեր։ Պատանին կանգնած էր անտեր մնացած մեքենայի տանիքին։ Նա ոչնչացրեց սղոց-ձեռքով զինվորին,- Դու՛րս եկե՛ք նրանց միջից,- ձայն տվեց Կորին, կրկնելով շանթը, զինվորները վերածվեցին մոխրակույտի։
- Ահա՛ ևս մեկ պատճառ, որպեսզի Ադամանդն ավելի կատաղի,- խորհրդավոր ժպտալով առաջ եկավ Մարկոսը, գլխի շարժումով ցույց տալով ծխացող մոխրակույտը,- Շնորհակալ եմ,- ասաց նա, ձեռքը մեկնեց պատանուն։
- Այո՛, նա կպահանջի իր ռոբոտ-զինվորներին և դա առիթ կտա նրան շարունակելու արյունոտ խաղը,- բարևելով պատասխանեց Կորին։
- Եվ վա՜յ մարդկությանը, քանի կան նման քմահաճներ,- մտահոգ ծոր տվեց Մարկոսը, վեղարն իջեցնելով աչքերին,- Պետք է հեռանալ այստեղից,- Մարկոսը քայլեց հին աշխարհի կողմը։ Երևաց ամենագնացը։
- Այս անգամ ձեզ մնում է օգտվել ձեր իսկ տված իմ հնարավորությունից,- գոչեց Կորին և Մարկոսին գրկելով քամու սուլոցի հետ վեր սլացավ։

пятница, 1 мая 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս- 14)

Զմրուխտե աչքը մենավոր տունը լքեց կեսգիշերին։ Նա այլևս չվազեց մագլցելու բարձրությունը, այլ քամու սուլոցի հետ վեր սլացավ։ Վերևից նկատելով Աբու-Սայիդին զոհի հետ, ուղղվեց նրա կողմը։ Նրա ձեռքից խլելով երեխային։
Քաղաքի աղմուկը, պայթյունները, մարդկային աղաղակները լսվում էին միաժամանակ։
- Օգնեցե՜ք,- լսվեց նրա համար հարազատ դարձած երկնաքերի պատշգամբից։ Կորին սլացավ լսվող ձայնի կողմը՝ Վիվին կիսով կախված էր պատշգամբից, իսկ ներսից նրան քաշում էր ռոբոտ-զինվորը։ Պատանին աղջկան խլեց նրա ճանկերից, ներս տարավ։ Շանթը անցավ զինվորի միջով, նրանից ծուխ բարձրացավ։
- Ո՞վ ես դու,- հարցրեց Վիվին վախեցած ու զարմացած մեկ նայելով հատակին ծխացող զինվորին, մեկ նրան։
- Կորին եմ, մոռացե՞լ ես ինձ,- չհասկանալով հարցի իմաստը, միամիտ պատասխանեց նա, մոտեցավ գրկելու աղջկան։
- Վիվի՛, աղջիկս, ու՞ր ես,- հևասպառ ներս ընկավ գիտնականը։ Կորին տեսնելով գիտնականին, շանթվածի պես ետ քաշվեց, մեկ նայելով գիտնականին, մեկ շվարած աղջկան։
- Աղջի՛կս, քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է,- Աբգարը գրկեց աղջկան, թեք նայեց պատանուն։
- Նա քո հա՞յրն է,- զարմանքից Կորի դեմքը ծամածռվեց, աչքերը կլորացան, դարձան մի տեսակ կլոր լուսատուներ,- Վիվին ձեր դու՞ստրն է։
- Այո՛,- կաշկանդված, գլխով արեց գիտնականը, ավելի ամուր գրկելով աղջկան։
- Ահա՛ թե ի՞նչ, ահա՛ թե ու՞մ եմ փրկում,- ձեռքերը տարածեց Կորին,- ուրիշի երեխաներին կործանողի աղջկան։
- Զարմանալու ի՞նչ կա,- սովորության համաձայն ուսերը թոթովեց Աբգարը, աչքը չկտրելով Կորիից,- Զմրուխտե ա՛չք, պետք է կանխե՛լ այս անմիտ արյունահեղությունը։
- Իսկ ես ի՞նչ եմ անում ձեր կարծիքով։
- Պետք է նկատել՝ ես և դու Ադամանդին դրդեցինք այս անմիտ քայլին։
- Ի՞նչ եք ուզում ասած լինել՝ ափսոսու՞մ եք ձեր արած միակ բարի գործի համար։ Գուցե ուզում եք ինձ հանձնել Ադամանդի՞ն,- Կորին ավելի մոտեցավ գիտնականին, նայեց նրա աչքերի մեջ։
- Ո՜չ, քավ լիցի,- դեմքը ետ տանելով ծոր տվեց նա,- Ուզում եմ ասել՝ նրանք չունեն յուրային հասկացությունը։ Նրանց համար բոլորն էլ օտար են և միևնուն թե ո՞վ է հրաման տվողը։
- Մարդը նրանց համար սոսկ զոհ է, ահա ձեր ստեղծածը։ Հիմա և այսուհետ վայելե՛ք գիտնական,- խոսքն ավարտեց Կորին, կանգնեց պատշգամբի գոգին։
- Շուտով նրանց համար փակ դուռ և լուսամուտ գոյություն չի ունենա,- թախանձեց Աբգարը։
- Դուք պետք է այն գիտակցեիք Ադամանդի հետ համագործակցելուց առաջ և ոչ թե հետո,- Տեսնելով Վիվիի վախեցած տեսքը, Կորին նորից ցած իջավ պատշգամբից,- Ով էլ սկսեր այս ամենը, այն ձեր քրտնաջան աշխատանքի հետևանքն է և փորձում եք պատճառը փաթաթել իմ վզին ընդամենը Ադամանդին չենթարկվելու համար։
- Ո՛չ, ամենևին դա նկատի չունեմ,- փորձեց արդարանալ Աբգարը։
- Այո՛, հիմա նորից կսկսեք արդարանալ, իբր ձեր պարտքն է ծառայել գիտությանը։ Այն շատ արյունոտ չէ՞։ Վիվի՛ գալի՞ս ես ինձ հետ։
- Ո՛չ, նա մնում է ինձ հետ,- առարկեց հայրը, ավելի ամուր գրկելով աղջկան։