среда, 8 января 2020 г.

Ապրած կյանքի համը (շարունակությունը)


-       Ես եմ,- հուզմունքից իրեն կորցրեց Լիզան, հազիվ արտաբերելով երկու բառ։
-       Ի՞նչ կա,- անտարբեր պատասխանեց Կիմը։
-       Դու չե՞ս ուզում ինձ տեսնել։ Ասելիք ունեմ,- կմկմաց Լիզան։
-       Ինչի՞ համար,- լսափողի միջից լսվող սառցե պատասխանը խոցում էր Լիզային, բայց նա պարտավոր էր դիմակայել և շարունակել։
-       Կիմ, մենք պետք է գոնե մեկ անգամ խոսենք իրար հետ,- հորդորեց Լիզան։
-       Լավ, այսօր երեկոյան  գավիթում կլինեմ,- պատասխանեց Կիմը և անջատեց հեռախոսը։ Լիզան դողացող ձեռքով լսափողը ետ դրեց և պարտվածի ու ջարդվածի  զգացողությամբ ձեռքերով հենվեց սեղանին, գլխահակ մնաց կանգնած։
-       Նա այլևս չի վերադառնա, թեկուզ առաջինն ինքը հայտնվի գավիթում,- հուսահատ մրմնջաց, ապա զգաստացավ, նայեց դուրս՝ երկու աղավնի լուսամուտի գոգին ղունղունում  էին։
Երեկոն  ոչ միայն ցուրտ էր, այլ նաև պաղ էր։ Լիզայի համար քար ու ծառ՝ վանքի պատերն անգամ և հարազատ գավիթը նաև, կարծես սառույցից շինած լինեին։ Նա մրսում էր, շուրջը նայելով, ավելի դողում։ Մոտիկից քայլերի ձայն լսվեց։ Լիզան ամեն անգամվա պես տեսողությունը չլարեց ձայնի կողմը, այլ շտապեց թաքնվել վանքի պատի մյուս կողմը։ նորից տիրեց լռություն, նա դուրս եկավ թաքնված տեղից, հայացքը սևեռեց  ոլորանի կողմը։ Այն դատարկ էր․« Ինչու՞ ամեն ինչ ստի վերածվեց՝ մարդը, աշխարհը՝ հավատս էլ մեռավ, ուրեմն նա էլ էր սուտ ու հնարովի։ Ես էի հնարել ու փարվել իմ հավատին և ահա այն ծխի է վերածվում։ Մա՛րդ ու՞ր ես դու։ Ես անդունդի բաժին եմ դառնում, իսկ դու մարդ արարծ, ինչո՞վ ես տարված․․․ Հորիզոնը նորից մարեց մինչև վերջին կայծը, ես էլ գնամ անհետանալու իմ փլված աշխարհում,- վերջին միտքը Լիզան արտաբերեց մրմնջալով, հետո նայեց ոլորանին, որ մի ժամանակ այն իր  համար միայն դատարկ ու քարքարոտ ճամփա չէր, այլ սիրո կամուրջ, որով ամեն երեկո դեպի գավիթ էր գալիս Կիմը, իսկ հիմա՞․․․
«Այսօր էլ գնամ կորեմ»․ ձեռքերն իրար միացրած, ծնոտին հենած, մտածում էր նա և հաճախ նայում ճամփի կողմը։ Նորից քայլերի ձայներ լսվեցին։ Լիզան ետ գնաց դեպի պատի հետևը և այնտեղից հետևեց եկողին։
-       Կանչում է ու չի գալիս,- դժգոհած քրթմնջաց Կիմը, կանգնելով գավիթի պռկին։
-       Ես այստեղ եմ,- Լիզան մանրաքայլ մոտեցավ, կանգնեց նրա կողքին,- Դու ուշանում ես, իսկ մի ժամանակ միշտ առաջինն էիր գալիս, սպասում ինձ։ Ինչու՞ եկար իմ կյանք, եթե գնալու էիր․․․- լացակումած պոռթկաց Լիզան։
-       Լիզա՞, որտե՞ղ էիր․․․
-       Այնտեղ,- ձեռքով  ցույց տվեց քիչ առաջ կանգնած տեղը,-  Կարծեցի ուրիշ մարդ էիր, թաքնվեցի։
-       Ինչու՞, մի ժամանակ ոչինից չէիր վախենում,- զարմացավ Կիմը։
-       Հիմա վախենում եմ՝ բոլորից, ամենքից, անգամ քեզանից,- միշնչով արտասանեց նա և սկսեց արտասվել,- Կի՛մ ասա՛, ինչու՞ ինձ հետ այսպես վարվեցիր։
-       Ինչպե՞ս,- շինծու զարմացավ նա,- Մենք միասին ենք իրար հետ վարվել, իսկ հիմա ասելիքդ ասա։
-       Ինչու՞ էիր Աբրհամին ուղարկել ինձ մոտ։
-       Ո՞վ ասեց,- անակնկալի եկավ նա,- Ի՞նքն է ասել։
-       Այո,- Կիմն ատամները սեղմեց և խորը շունչ քաշեց, կարծես դիմանալու լսածին։
-       Եվ ի՞նչ, նա մխիթարու՞մ էր քեզ իր գրկում,- հեգնեց Կիմը։
-       Այո, նա ասում էր՝ մի վախեցիր, քեզ վատ բան չեմ անի։
-       Իսկ դու վախենու՞մ էիր։
-       Թող հեգնանքդ, այն այս պահին այնքան էլ տեղին չէ։  Մենք պետք է խոսենք։
-       Ամեն անգամ նույն բանն ես ասում, իսկ մենք ոչինչ էլ չենք խոսում։
-       Դու գանձ էիր որոնում՝ սկզբում ինձ հետ, այնուհետև ուրիշ մեկի և գտա՞ր։

вторник, 7 января 2020 г.

Ապրած կյանքի համը (շարունակությունը)


-       Լսում եմ, շարունակիր,- այս անգամ համարձակ սկսեց նա։
-       Նա է ինձ ուղարկել․․․ կմկմաց Աբրհամը։
-       Ինչու՞,  ինքը չկարողացա՞վ գալ, ի՞նչ է պատահել,- անհանգստացավ թե զարմացավ Լիզան, Աբրհամը գլխի չընկավ։
-       Դե՜,  ասում էր, գնա, ես էլ եկա․․․
-       Ինչպե՞ս․․․, ինչու՞․․․ Դու ի՞նչ կարող ես անել ինձ կամ ո՞վ ես դու,- Լիզայի նյարդերը տեղի տվեցին, սկսեց լաց լինել,- Դավաճան, լակոտ, փսլնքոտ․․․․
-       Լիզա հանգստացիր, եթե վատ մտքով եկած լինեի, պարզապես կարող էի լռել՝ հանգստացիր խնդրում եմ,- Աբրհամը մի կերպ բռնեց Լիզային և սեղմեց կրծքին,- Ես քեզ ոչ մի վատ բան չեմ անի, որքան էլ նա իմ ընկերը լինի։
-       Ես հավատում էի նրան,- գլխահակ շշնջաց Լիզան, ետ հրելով Աբրհամին։
-       Իսկ հիմա ու՞մ ես հավատում,- լսվեց Կիմի ձայնը։ Աբրհամը հանգիստ նայեց նրա կողմը, իսկ Լիզան մոլորված ու շփոթված ետ քաշվեց։
-       Ոչ ոքի,- հազիվ լսելի, պատասխանեց լիզան, գլուխը օրորելով,- Ոչ ոքի։
-       Իսկ ի՞նչ էիր անում այս ժամին, այստեղ։
-       Չգիտեմ, ավելի ստույգ մայրամուտին էի նայում։
-       Ա՜խ այդպե՜ս,- քամհարանքով բացականչեց Կիմը,- Արդեն ինձ չե՞ս սպասում։
-       Սպասում էի, բայց․․․,-  շշնջաց Լիզան։
-       Ձեզ մենակ կթողնեմ,- ասաց Աբրհամը և քայլեց դեպի գյուղ։
-       Սպասի՛ր, ես էլ եմ գալիս,- անտարբեր արտաբերեց Կիմը, հետևեց ընկերոջը։
Լիզան շրթունքները սեղմած, երկար նայեց նրա հետևից։ Նա լաց էր լինում, սակայն արտասունքը դուրս հորդելու փոխարեն լցվում էր նրա հոգին և նոր բացված սիրո վերքը մռմռացնում։  Երբ Կիմն անհետացավ ոլորանում, նա մոտեցավ, կանգնեց գավիթի պռկին, նայեց մթնող անդունդին․ «Նրա համար լաց չեմ լինի»․ Շշնջաց, ապա նայեց  կանգնած տեղից ցածր թվացող հորիզոնին․« Իսկ ինձ համար ո՞վ լաց կլինի՝ ոչ ոք»․ Որոշեց նա։ Միտքը շարունակելը նրա հաջորդ քայլն էր, բայց հանկարծ ետ քաշվեց․« Չեմ կարող՝ ուժեղներն են ինքնասպան լինում, իսկ ե՞ս․․․»․ Լիզան փլվեց գետնին և դառնորեն ու երկար լաց եղավ, ազատություն տալով արտասունքներին։
Ոչ ոք չէր փնտրում նրան, որքան էլ սպասեր մեկին։ Նրան տանջում էր կիսվելու, խոսելու ցանկությունը, բայց զգում էր, ընկած թակարդը խեղդելու աստիճան ձգվում է և նա  շնչահեղձ էր լինում։
Վերջապես սև ամպերը հաղթեցին և հորիզոնը մարեց։ Լիզան զգաց՝ ինքն էլ մայր մտնող արևի պես պարտվում է կուտակվող,անտես մութ ամպերին։ Ոտքի կանգնեց, ակամա կուչ եկավ, մի հայացք գցեց վանքի դռանը, քայլեց դեպի ոլորանը։
Օրերն իրար փաթաթվելով հեռանում էին, հաջորդելով Լիզայի համար ավելի անհանգիստ ու լուծում պահանջող օրերի։
Լիզան մտովի ամենուր էր, և ամեն տեղ փնտրում էր թաքստոց, բայց միաժամանակ փափագում էր մեկին՝ ոչ այնքան կիսվելու, որքան իր փոխարեն վճռական ելք գտնելու, բայց ո՞վ․․․ Նորից նրա միտքը կանգ էր առնում Կիմի վրա։ Նա փորձեց գեթ մեկ անգամ վճռական լինել, բայց լսափողը նրա ձեռքից վայր ընկավ, իսկ ինքը փլվեց բազմոցին։ Անսովոր ծանրությունը  ավելանալով, ճզմում էր նրա ուղեղը, միտքը վերածելով ծանր կաղապարի։ Լիզան գլուխը ետ գցեց, աչքերը փակեց, մտովի վերհիշեց Կիմի հետ հանդիպումները և բոլոր հանդիպումների մեջ նա տեսնում էր իրեն, որպես թուլության մարմնացում։ Իսկ ինչու՞ չէր կարողանում զանգահարել Կիմին, հանդիպում խնդրել, չէ՞ որ կատարվածից հետո հպարտ լինելն անմտություն էր կամ պարզապես ավելնորդություն։ Լիզան նորից ձեռքը տարավ հեռախոսին։
-       Ալլո,- լսվող ձայնից Լիզան ուզեց լսափողը ետ գցել, բայց ձեռքը ուժգին սեղմեց, պահելու  ծանրացող լսափողը։

понедельник, 6 января 2020 г.

Ապրած կյանքի համը (շարունակությունը)

Լիզան խորը հոգոց հանեց, վերարկուն  սահեցնելով գցեց հատակին, լույսը վառեց, դանդաղ մոտեցավ նայեց հայելու մեջ, բայց հանկարծ շանթահար ետ քաշվեց, նորից անջատեց լույսը, այդպիսով, կարծես նա ցականում էր հեռացնել, ջնջել  հայելու մեջ երևացած  կնոջ կերպարը։ Լիզային թվում էր,  դա ինքը չէ, այլ ամենուր իրեն հետևող  մղձավանջը, որից ուզում էր ազատվել, խավարում թաղվելով։  Նա երկա՜ր ժամեր խորհում էր մթության մեջ նստած, իսկ սպասումը դեռ կաթում էր նրա էությունից։
 Նրա համար այդ պահից հաճելին խառնվել էր, նույն հաճելիից սնվող ու մեծացող սարսափին։ Նա տեղը չէր գտնում և թվում էր բազմոցը, անկողինը, աթոռը՝ ամեն ինչ փշերով է ծածկված։ Լիզան նորից տեղից վեր թռավ, հագավ վերարկուն, ուղղվեց դեպի դուռը՝ մնաց դռանը կանգնած, նորից ետ եկավ, վառեց լույսը, նայեց ժամին։ Գիշերը վաղուց մտել էր իր տարերգի մեջ։ Մնաց թևաթափ։ Ու՞ր կարող էր գնալ նման ուշ ժամի։ Վերարկուով պարկեց, կուչ եկավ, քնեց։ Թվում էր, նման կերպ նա ցանկանում էր  թաքցնել իր էությունը։
Լիզան տառապում էր խորիմաստ լինելու անհրաժշտությունից։ Նրան լքել էր հասարակ բանականությունը, երբ  տուրք էր տվել խելահեղությանը։ Մշուշի միջից նշմարվում էր մոտեցող վտանգը, և այն օր, օրի նմանվում էր մեծացող ձնագնդի։ Ուշացած, կատարվածի վախն ապականում էր նրա միտքը։
Որքա՜ն է ուշանում մարդկային ողջախոհությունը, երբ ճակատագրին անհրաժեշտ է լինում  հերթական զոհը։
Լիզան երկար սպասեց Գավիթի պռկին կանգնած, այնուհետ մի ետ հայացք գցեց վանքի դռանը, բայց չմոտեցավ, ներս չմտավ։ Նրա խռոված հայացքը նորից մեխվեց մնաց  ամպամած հորիզոնին, որի սև ամպերի ճաքերից կարծես ուզում էր դուրս պրծնել կարմրած արևը  և ցրիվ գալ աշխարհով մեկ, բայց մայրամուտը զսպում էր նրա խենթ ցանկությունը։ Լիզան ժպտաց։
Ոլորապտույտ արահետը ոտնաձայներ էր բերում։ Լիզայի սիրտը տակն ու վրա եղավ։ Տեղից չշարժվեց, միայն մի թեք հայցք գցեց մոտեցող ձայնի կողմը։
-       Կիմի՞ն ես սպասում,- հարցը շփոթեցրեց Նրան և մնաց համրացած ու գլխահակ։ Որքա՜ն կցանկանար եկողը Կիմը լիներ և նա խռոված նայեց հարցնողին․
-       Աբրհամ դու՞ ես,- Լիզայի ձայնը դողաց, այն չվրիպեց Աբրհամի ուշադրությունից։
-       Այո, ես եմ։ Բարի երեկո։
-       Բարև,-Լիզան  անտարբեր պատասխանեց, ապա վիրավորանքը թաքցնելով շարունակեց,- Ոչ ոքի չեմ սպասում, պարզապես հերթական մայրամուտն եմ ճանապարհում դեպի հուշերի աշխարհը։
-       Գեղեցիկ  փիլիսոփայել գիտես։
-       Բոլորն են փիլիսոփայում, առանց փիլիսոփայության խոսքը համ ու հոտ չէր ունենա և կյանքը չէր ընկալվի այնպես խորը, ինչպես ընկալվում է համեմված փիլիսոփայությամբ։
-       Դու իսկապես խելացի ես,- ասաց Աբրհամը, մոտենալով Լիզային, Լիզան ետ գնաց քարափի պռկից, իսկ Աբրհամը շարունակում էր մոտենալ,- Մի վախեցիր, ես քեզ վատ բան չեմ անի,- մրմնջաց Արբհամը։ Լիզան մեջքով դեմ առավ պատին, Աբրհամը գրկեց նրան․
-       Ո՛չ,- սարսափած ետ հրեց Լիզան և  փորձեց փախչել։
Սպասի՛ր, ես դա չէի ուզում ասել,- Լիզայի հետևից ձայն տվեց նա,- Ինձ Կիմն էր ուզարկել քեզ մոտ,- Լիզան քարացավ տեղում, ետ դարձավ, կանգնեց Աբրհամի դիմաց․

воскресенье, 5 января 2020 г.

Ապրած կյանքի համը (շարունակությունը)


-       Բայց դու այնտեղ՝ վանքի գավիթում այն ժամանակ սեր խոստացար, իսկ հիմա պարզապես անտարբեր չե՞ս,- Լիզան շփոթված էր երեկվա լսածից և այսօրվա նրա խոստումներից,- Ետ տուր իմ նամակը և հեռացիր,- գլխիկոր, անվստահ, հազիվ լսելի շշնջաց նա։
-       Եվ  դու հավատու՞մ ես քո ասածին։ Կուզենայի ինքդ լսեիր քեզ,- ինքնավստահությունը կաթում էր Կիմի ամեն խոսքից, և Լիզան կուչ եկավ,  խռովածի պես մնաց կանգնած։ Կիմը նորից գիրկն առավ նրան՝ նա չընդդիմացավ և չվիրավորվեց՝ նրա ներսում գլուխ էր բարձրացնում նոր ու անհայտ մի զգացմունք։  Այս անգամ Լիզան տրվեց իր մեջ արթնացող նոր զգացմունքին, որը ոչ այլ ինչ էր, քան մոլորյալ հոգու սփոփանք։ Նրա համար Կիմը նմանվեց շողոքորթ կատվի։ Այդ կենդանին  ջերմ էր ու փափուկ։ Լիզան դարձել էր սեփական պատրանքների գերին, որքան էլ կանացի վեցերրորդ բնազդը հակառակը հուշեր նրան։ Նա իր համար ստեղծել էր մի աշխարհ, որտեղ տեսնում էր իրեն և Կիմին։ Միաժամանակ ափսոսանքի պես տտիպ մի բան խեղդում էր նրա կոկորդը և շատ ուշացած, գուցե  ամեն ինչ կտար, միայն թե այլ կերպ լիներ այդ հանդիպումը, բայց նրա խոսքի ձևը սխալ ստացվեց։ Բառերը, որպես միտք արտահայտող սխալ ընթացք տվեցին․․․ Նա լռեց։
Երիտասարդ տարիքում, մարդու բնազդը շատ դեպքերում հեռու է լինում խոհեմությունից և  հաճախ ճակատագրական սխալները ծիլ են առնում հենց այդ խելահեղ տարիքում և սխալ քայլն է, որ ծնում է սխալ հետևություն։
Ամառային օրվա երթը երկար է տևում, կարծես այն ցանականում է  ևս մեկ հնարավորություն տալ չհասկացված սրտերին։
Լիզայի համար օրն անցավ աննկատ և ասելիքը նորից  կուլ տվեց արթնացող մութը։ Մարող հորիզոնը Կիմի մեջ արթնացրեց անցած օրերի խելահեղ պահը և արթնացած ցանկությունը վարակեց Լիզային։ Նա նորից գտավ իր ցնորքների դղյակը։  Կեսգիշերն անցել էր, երբ Կիմն առանց հրաժեշտի, լուռ հեռացավ։ Լիզայի ասելիքն այդպես էլ լռեց, մնաց ցանկությունների ցանկում, ուր հաղթում է միայն կիրքը։ Եվ որքա՜ն լիրբ ու անկուշտ է մարդկային ցանկությունը։

Անցան շաբաթներ։ Աշնանային օրերը կարճացել, դարձել էին մի թիզ։  Երեկոյան զովը մարդկանց քշել էր տները։  Մութը  թանձրանալով, իր մեջ էր առել  գյուղի առօրյան։
Լիզան  դանդաղ  վեր ու վար էր անում փողոցային աղոտ լույսի տակ։ Նա մրսում էր, բայց չէր ուզում կուչ չգալ։  Զով երեկոն հետզհետե տեղի տվեց ցուրտ գիշերվան։ Լիզան չէր ուզում հավատալ, որ երկար է սպասում և սարսափում էր այն մտքից, թե կարող է անտեղի սապասել։ Նրա գտած սերը, որ իրեն պարգևել էր լոկ գլխապտույտ պահեր, կարծես վերն էր  ածվում հույսի, գիտակցելով այն, Լիզան սարսափեց։
«Չէ՞որ նա խոստացավ գալ։ Ինչու՞ ուշացավ։ Ախր նա խոստացավ գալ ու միասին փախչենք»․ Մտածում էր Լիզան․« Այսպես չի կարող լինել, այսքան վատ չի կարող լինել իմ կյանքում։ Ես անզոր եմ դիմանալու  իրականությանը»․ Նա հրաժարվում էր հավատալ և շարունակում սպասել, իսկ ցուրտը ծուլորեն սողոսկում էր նրա մարմինը։ Լիզան համառորեն չէր ուզում տուն գնալ և մրսելով շարունակում էր վեր ու վար անել փողոցով։ Նրա սպասումն այլևս տենչանք չէր, այլ պարտադրանք և չէր կարողանում հասկանալ սիրելիի չհայտնվելը։  Րոպեները ժամեր դառնալով, լքում էին նրան, տեղ տալով գիշերային ցրտին։ Լիզան երկար սպասեց և ցրտից կուչ եկավ, հուսախաբ քայլերն ուղղեց դեպի երկհարկանի տան կողմը։ Հանկարծ քարացավ տեղում, երկար նայելով տանը․
-       Սա իմ  տեսած երազի տանն է նման, և սա Կիմի տու՞նն է,- երանությամբ նայելով տան կողմը, ակամա շշնջաց նա ։ Հիշված երազն ու ուշ ժամը նրա էության մեջ խցկեց սարսափը։ Լիզան գլխապատառ սկսեց փախչել։  Տուն հասնելով, մտավ ննջարան, երկար ժամանակ անշարժ նստեց։ Առաջին անգամ նա իր շուրջը տեսավ խաբվածության և լքվածության ուրվականը, որ կարծես հանկարծ հայտնվել էր ավիրելու ու քանդելու կյանքը։

суббота, 4 января 2020 г.

Ապրած կյանքի համը (շարունակությունը)


Ընթացող ժամանակը, ընդամենը կարող է մարդու կյանքը լցնել անցյալ ժամանակով, իսկ սպասումը, պարզապես նույն ժամանակի հաղթանակն է։  Չնայած անցնող ժամանակի հետ Կիմը բերկրանքի պահեր էր ապրել Լիզային հանդիպելով, այդուհանդերձ նա անկարող էր անտեսել իր համար կարևոր դիպվածները, գերադասելով դրծել  տված խոստումը։ Երկար մտածեց։ Միայն կես գիշերին կարողացավ որոշում կայացնել՝ դուրս եկավ տնից։
-       Ես այստեղ եմ,- Կիմն անսպասելի ներս մտավ փոքրիկ սենյակը, ինչպես սովորաբար անում էր առաջներում,  որտեղ Լիզան դեռ սպասում էր նրան։ Նա անակնկալի եկած, շտապեց  մաքրել աչքերը և  ակամա շտկվեց կանգնած տեղը․
-       Կարծում էի  դու այլևս․․․,- շնջաց Լիզան, ձեռքերը բարև բռնելով։
-       Եթե սիրում են, ապա հանդիպման համար որոշակի ժամ գոյություն  ունենալ չի կարող,- շտապեց պատասխանել նա, թույլ չտալով Լիզային ավարտելու միտքը և իր անվարժ մատներով ծխախոտի մնացուկը ցուցադրական ճզմեց ափսեի մեջ,կարծես ավելի շատ ցանկանալով ցույց տալ,- Ի՞նչ է պատահել,- հարցրեց, ապա մոտեցավ գրկելու  նրան։ Լիզան մնաց անտարբեր, երբ Կիմը համբուրեց։ Որքան էլ երկար սպասած լիներ այդ հանդիպմանը, նա փորձեց թույլ չտալ զարթնելու իր մեջի այն քարանձավի Լիզային։ Նրան համակել էր օտար ու մրսեցնող մի զգացմունք։
-       Դու սառն ես, իսկ քո աչքերը կարմրած են,- Լիզան ոչինչ չպատասխանեց, միայն նայեց նրա աչքերին,- Կարո՞ղ եմ իմանալ, թե ի՞նչ էիր անում անցած օրն այնտեղ, քարանձավում։
-       Ես այսօր էլ էի այնտեղ և դու գիտես թե ինչ եմ անում այնտեղ երեկ և ամեն օր,- Լիզայի խոսքը կշտամբանքի երանգ ուներ, իսկ կարոտը, որ նրա ողջ էության մեջ էր, ստիպում էր  դողալ ամբողջ մարմնով։
-       Գիտեմ, բայց ինձ ոչ միշտ է հաջողվում գալ այնտեղ,- մեղավոր շշնջաց նա, փորձելով նորից գրկել նրան։
-       Դու առաջարկեցիր և խոստացար, իսկ ես պարզապես հավատացի։ Քո կարծիքով հաղթեցի՞ր։ Ո՜չ,- նյարդայնացած ծոր տվեց նա, ինքն իրեն պատասխանելով- Իմ պարտությունը դեռ ընթացքի մեջ է, իսկ քո հաղթանակի սկիզբն էլ չի երևում, այնպես որ․․․,- Կիմը ետ քաշվեց, երկու ձեռով ետ տարավ խիտ ու սև գանգուրները․
-       Այնպես ես խոսում, կարծես հրեշ է քո առջև կանգնած։ Ի՞նչ է կատարվում քեզ հետ։
-       Չգիտեմ, բայց ինչ էլ կատարվի դու ես հիմք դրել, իսկ հիմա ետ տուր, ինչի համար այսօր այնտեղ սպասեցի, իսկ դու չեկար։
-       Նամակը բերելու համար չեմ եկել։
-       Իսկ ինչի՞ համար,- կարծես լացը զսպելու համար, ատամներն իրար սեղմած հարց տվեց նա։
-       Հետո, հետո կխոսենք, իսկ հիմա քեզ կարոտել եմ,- պատասխանի հետ Կիմը մոտեցավ և նորից գիրկն առավ Լիզային։
-       Սպասի՛ր, ես ասելիք ունեմ,- Լիզան փորձեց ետ հրել նրան։ Նա փորձում էր սառնասիրտ երևալ, բայց ներսում վառվող կրակը, կարծես դուրս էր հորդում, հրդեհելով կանացի էությունը, որը այդ պահին ի վիճակի չէր հանգցնելու ոչ մի ջրհեղեղ։ Լիզայի սիրտը նվիրվել էր Կիմին անմնացորդ, բայց արդյո՞ք նրա սիրտը ճիշտ էր թիրախավորել ընտրյալին։ Ավա՜ղ, այն չարաչար մոլորեցրել էր նրա դատողությունը։
-       Մի հուսահատվիր, ես քեզ չեմ թողնի, միայն թե գործերս մի քիչ լավանան։ Կարևորը քո հանդեպ անտարբեր չեմ, իսկ մնացածը հետո։

Ապրած կյանքի համը (շարունակությունը)


-       Այնտեղ,- արձանացած, գլխով ցույց տվեց քարանձավի խորքը։
-       Դու ներսու՞մ էիր,- Լիզայի ուսերից բռնելով, հարցրեց նա,- Եվ դու լսու՞մ էիր մեր խոսակցությունը,- սկսեց նյարդային ջղաձգումներով թափահարել նրան։
-       Այո։ Դու խաբեցիր ինձ։
-       Դու սատանա ես, ի՞նչ ես անում այս կեսգի՛շերին քարանձավում, եթե լավ աղջիկ ես,- Կիմը գոռում էր, շարունակելով թափահարել Լիզային, իսկ նա չէր ընդդիմանում։
-       Ի՞նչ ես անում Կիմ, թող նրան,- տեսնելով, Աբրհամը ետ վազեց, Լիզային ազատելով նրա ձեռքերից։
-       Դու ինձ խաբեցիր,- ետ, ետ գնալով, անդադար շշնջում էր նա,- Վերադարձրու իմ նամակը, այն մայրիկիդ համար չէր։
-       Լիզա՛, հանգստացիր,- փորձեց սաստել Աբրհամը։
-       Ինչու՞,- անսպասելի սկսեց լաց լինել Լիզան, բռունցքներով հարվածելով Աբրհամին,- Ինչու՞ հանգստանամ, ինչու՞ նա ինձ հետ այսպես վարվեց, հիմա ես ու՞ր գնամ այսպես,- նա միալար լացում էր, ձեռքերը տարածած, ցույց տալով իրեն,- Նա ասեց միասին գանձ կփնտրենք, բայց ահա, տեսնում եմ թե ու՞մ հետ է նախընտրել։ Քո գանձը ինձ պետք չէ, պարզապես վերադարձրու իմ նամակը,- ավարտելով, նա մի պահ լռեց, ապա շշնջաց,- Վաղն այստեղ, այսինքն այնտեղ՝ մեր մահիճում կսպասեմ քեզ,- Լիզան ավարտեց խոսքը և առանց ետ նայելու քայլեց նեղ ու քարքարոտ արահետով դեպի տուն։ Կիմը մնաց կանգնած կես ճամփին, երկար նայելով նրա հետևից։
-       Լավ բան չստացվեց,- նկատեց Աբրհամը, երբ Լիզան կորավ մութ ոլորանում։
-       Գնում եմ տուն։ Վաղը կշանունակենք,- նյարդայնացած արտաբերեց Կիմը և  նույնպես կորավ ոլորանում, քիչ հետո նրան հետևեց Աբրհամը գլխահակ ու մոլորված։

Երեկվա կատարվածից Լիզայի սիրտը տակն ու վրա էր եղել։ Նա սպասում էր  թե  քնած թե արթուն։ Նրա առօրյան իմաստավորում էր  սպասումը, իսկ հաճախ զուր սպասումը։
Հաջորդ երեկոյան Լիզան նորից  գնաց քարանձավ։ Քանի դեռ երկնքի կապույտից մի փունջ լուսանցքից լուսավորում էր այդ մութ խոռոչը,  սկսեց հարդարել ցիր եկած ծղոտե անկողինը, այնուհետև պարկեց, հայցքը հառեց երևացող երկնքին։ Շուտով երևաց մենավոր աստղը։ Լիզան առանց շտապելու վեր կացավ դանդաղ քայլելով դուրս եկավ քարանձավից։ Մթնել էր։ Մոտիկից լսվում էր մշտական ջրի շառաչը, իսկ մեղմ հովից օրորվող ծառերը շշնջում էին, ստվերանում և նորից հեռանում։  Լիզային համակեց անծանոթ մի զգացում։ Նա վախենում էր։ Նայեց վեր՝ գյուղից ընդամենը մի տուն էր երևում, իսկ մինչև այնտեղ հասնելը, նա պետք է անցներ կիրճով բարձրացող մշտապես ցեխոտ ու քարքարոտ նեղ ճամփով։ Սկսեց վազել։ Նրա շունչը  կտրվում էր, նա հաճախ ետ էր նայում դեպի հին ջրաղացը, որտեղից մի ժամանակ դուրս է գալիս զառամյալ ծերունին և հետևում իրեն, մինչև տուն մտնելը։ Ծերունին չկար։ Երկնքում երևաց լիալուսինը, Լիզային թվաց նա հետևում  է իրեն։ Շտապելուց մի քանի անգամ վայր ընկավ՝ ցեխոտ ու վախեցած ներս ընկավ բակի փոքրիկ տնակում, որտեղ  օրերով մնում էր փակված իր մտորումների հետ։
Լիզան փորձում էր զսպել լացը, ամուր սեղմելով շրթունքները, բայց կատարվածի ակոսը խորանում էր նրա հոգում և փղձկաց, մեջքով հենվելով դռանը, սկսեց լաց լինել․
-       Ի՞նչ արեցի․․․,- նա երկար ժամանակ մնաց այդպես կանգնած, վախենալով մեկի հայտնվելուց։ Լիզային թվում էր շուրջ բոլորը անտեսանելի փոսեր են և եթե շարժվի կգլորվի այդ փոսերից մեկը։ Հայացքը լուսամուտից թեքեց վեր, ինչպես միշտ ընտանիքն արդեն քնած էր։  Երկար ժամեր մնաց այնտեղ կանգնած։ Նա խռովել էր աշխարհից և նրա համար այդ աշխարհը խորհրդանշում էր Կիմը։


пятница, 3 января 2020 г.

Ապրած կյանքի համը (շարունակությունը)


-       Եղանակը նկատի չունեմ Աբրհամ,- արտաբերած անունը լսելով, Լիզան կծեց ձեռքը, ձայնը խլացնելու համար,- Եղանակն ու ժամանակը տարբեր բաներ են՝ ժամանակն անցնում է անվերադարձ, իսկ եղանակը հաջորդ տարի էլի ետ կգա։
-       Բայց նա կգա ուրիշ մի ճամփով։ Ի՞նչ իմանաք նոր ճամփից ինչեր հավաքած կբերի մեզ համար,- Աբրհամը խոսում էր խաղաղ ու խրատող տոնով,- Այնպես որ ամեն եղանակ իմաստավորում է ժամանակի հոսքը։
-       Տրամաբանական է, բայց իմ գործերը խառն են, դու լավ գիտես ծնողներիս։ Մեկն ուզում է հարստանամ, մյուսն ուզում է ամուսնանամ, էն մյուսն էլ ուզում է սովորելու գնամ․․․
-       Էն մյուսն ո՞վ է,- զարմացավ Աբրհամը։
-       Էլի ծնողս է՝ նրանք այնքան շատ բան են պահանջում ինձանից, ինձ թվում է, ես մի քանի ծնող ունեմ,- պատասխանեց Կիմը, խորը հոգոց հանելով։
-       Դու էլ ամուսնացիր, հենա լսել եմ գնացել ես հարսնատես,- լսածից Լիզայի արյունը սառեց երակներում և գլուխը թուլացած, հենեց քարին։
-       Հա, մայրս այդպես ուզեց, դե ես էլ․․․
-       Եվ ի՞նչ․․․
-       Ի՞նչ՝ նա ինձ չուզեց․․․
-       Դու էլ ուրիշին ուզիր, ով քեզ կուզի․․․
-       Գիտեմ ում ես ակնարկում, բայց ես նրան չեմ կարող տուն տանել։
-       Ինչու՞,  իսկ ինչու՞ ես նրան իզուր հույսեր տալիս։ Մի քանի անգամ տեսել եմ վանքի գավիթում մենակ նստած, երևի քեզ է սպասում․․․
-       Գիտեմ, ես էլ եմ հաճախ տեսնում, բայց ծնողներս․․․
-       Ծնողներդ ի՞նչ․․․
-       Չեն օգնի ինձ ուսման հարցում, եթե նրա հետ ամուսնանամ, իսկ ես աշխատանք չունեմ, առողջականս էլ մի բան չէ․․․
-       Եթե նա ամեն երեկո այստեղ քեզ է սպասում, ուրեմն սիրում է, իսկ քո նշած պատճառները մանրուքներ են․․․Մի սխալվիր․․․
-       Կմտածեմ,- պատասխանեց Կիմը և վառեց ծխախոտը,- Ծխել էլ սովորեցինք․․․, բայց դե միայն սիրելով առաջ չես գնա,- դժգոհած ուսերը թոթովեց նա, ոտքի տակ ճզմելով ծխախոտի մնացուկը,- Գոնե էդ գանձը գտնեինք։
-       Վեր կաց գնանք մի անգամ էլ քանդենք, եթե խորը լինի, կթողնենք վաղվան,- ասաց Աբրհամը, ինքը ոտքի կանգնեց խսիրե անկողնուց․․․
-       Նման հարցում, վաղը միշտ ուշ է լինում։ Հիշի՛ր՝ գանձի բույրը ուժեղ է՝ ամենածույլին անգամ նա տանից քարշ է տալիս դուրս և վայ ինձ ու քեզպեսներին, որ օրեր առաջ սկսել էին։
-       Իսկ Լիզայի մասին որտեղի՞ց գիտեին ծնողներդ,- մինչև քարանձավից դուրս գալը հարցրեց Աբրհամը։
-       Մայրս կարդացել էր նրա նամակը,- ձայնը իջեցնելով, քրթմնջաց Կիմը։
-       Ներիր, բանց վատ է, երբ կարդում են ուրիշի նամակը։
-       Արդեն կարդացել է, ի՞նչ կարող եմ անել։ Նա իմ մայրն է և փոխել չեմ կարող նրա ցանկությունը, իսկ հորս լավ գիտես․․․
-       Որոշողն ինքդ ես։ Ծնողը իր տեղն ունի, սիրած աղջիկն իր։ Մի խոսքով գնացինք, արդեն լուսանում է։
-       Գնացինք․․․
Լիզան ոտքի կանգնեց, նայեց վեր, տեսնելով մենավոր աստղին, թախծոտ ժպիտ խաղաց նրա դեմքին,  հետո նրանց հետևից դուրս եկավ քարանձավից։
-       Դու ինձ խաբեցիր․․․,- Կիմը շանթվածի պես ետ նայեց, տեսնելով Լիզային, վազեց դեպի նա,- Որտե՞ղ էիր․․․